Ամբողջ Հայաստանը խոսում է ապօրինի գույքից, դրա բռնագանձումից, կոռուպցիայի դեմ պայքարից, բայց թե որքան է այդ ապօրինի գույքը, ինչ արժեք ունի, ում է պատկանում, եւ ապօրինի գույքի որ մասն է բռնագանձվել, հայտնի չէ: Նիկոլ Փաշինյանը շարունակաբար խոսում է միլիարդները հետ բերելուց: Աննա Վարդապետյանը՝ 561 մլն արժեքից, իսկ հանրության մոտ պաշտոնյաների պոռոտախոսության արդյունքում տպավորություն է ձեւավորվել, թե թալանի առնվազն կեսը վերադարձվել է: Իրական թվերը, սակայն, շատ ավելի համեստ են:
«Հրապարակի» ձեռքի տակ հայտնվել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործընթացի արդյունքում պետությանը վերադարձված գույքի վերաբերյալ մի տեղեկանք, որը, դատելով տեղեկացված աղբյուրի վկայությունից, այս պահի դրությամբ միակ ճշգրիտ փաստաթուղթն է: Ըստ դրա, մինչ այս պահը պետությանը վերադարձվել է ընդամենը 22 միավոր գույք:
Վերադարձված գույքի թվում 14 հողամաս է, որոնցից 10-ը Կոտայքի մարզի Ծաղկաձոր համայնքում է: Դրանց թվում են կեղծ աճուրդների գործերով անցնող հողամասերը: Դրանցից երկու առանձին 0.5 հեկտարից բաղկացած հողամասերը կեղծ աճուրդներով օտարվել էին Կոտայքի նախկին մարզպետ Կովալենկո Շահգալդյանի հետ կապված անձին՝ Չարենցավան համայնքի բնակիչ Աշոտ Վաղինակի Խաչատրյանին։
Հողամասերը գտնվում են Ծաղկաձոր համայնքի Աղավնաձոր բնակավայրի տարածքում եւ ամբողջությամբ ծառապատ են։ Մեկն էլ, ըստ գործերի նյութերի, Աշոտ Խաչատրյանը փոխանցել էր նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի վարորդին:
Պետությանը վերադարձվել է նաեւ Չարենցավանի Արզական համայնքում գտնվող մեկ հանգստի գոտի, որը հատուկ պահպանվող տարածք է եղել, 86 միլիոն 625 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով, մեկը՝ Ծիծեռնակաբերդի խճուղում գտնվող հանգստի համար նախատեսված, «հատուկ պահպանվող տարածք», 730 միլիոն 462 հազար դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով: 2025 թվականի փետրվարի 13-ին գույքն ամրացվել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեին: Ծովակալ Իսակովի պողոտայում է մեկ հողամաս վերադարձվել, մեկը՝ Արարատում: Հողամասերի մակերեսը 0,16-3 հեկտար է:
Մեկ տարածք էլ վերադարձվել է պետությանը Երեւանի Կողբացու փողոցի 36/3 շենքում: Սա մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի գործով անցնող գույքն է, որը պատկանում էր «Սոխոսենտր» ՍՊԸ-ին․ Չայկովսկու դպրոցին հարակից տարածքի մասին է խոսքը: Ընկերությունն ընդունեց, որ չի կատարել «Գրքի աշխարհ» բազմաֆունկցիոնալ համալիր կառուցելու պայմանը, եւ դատարանի վճռով (հաշտության համաձայնությամբ) նշված գույքը՝ 1 մլրդ դրամ արժեքով, փոխանցեց պետությանը` հայտնի հյուրանոցի 5-րդ հարկից:
Մեկ ավտոտնակ բռնագանձվել եւ պետությանն է վերադարձվել, որը գտնվում էր Արաբկիրի Վաղարշյան փողոցում: Այս ավտոտնակի մասին վարչապետը հատուկ գրառում էր կատարել ապրիլի սկզբին. «Դատարանի վճռով հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձվել է Երեւան քաղաքի Վաղարշյան փողոցի 1 շենքի ավտոտնակ 3-ը, որպես ապօրինի ձեռք բերված գույք: Շուկայականին մոտարկված արժեքը՝ 5,032,895 դրամ»:
Մեկ հողամաս եւ երեք շինություն՝ հողամասով, բռնագանձվել է Իսակովի պողոտայում, մեկ շինություն` իր հողամասով, Ավանի Աճառյան փողոցում, եւ մեկ հողամաս՝ իր շինությունով՝ Աբովյան փողոցի 3 հասցեում: Նաեւ 2010 թվականի արտադրության մեկ Range Rover մակնիշի ավտոմեքենա է վերադարձվել պետությանը: Սա հենց այն «Ռենջն» է, որի մասին Փաշինյանը գրել էր իր ֆեյսբուքյան էջում եւ հետո հայտարարեց Գյումրիում։ «2010 թվականի արտադրության «Ռենջ Ռովեր» է վերադարձվել պետությանը: Ընդդիմադիրներն էլի, թե սրանով ժողովրդին են խաբում: Ոչ: Դա հենց նրա ապացույցն է, որ հատիկ առ հատիկը հենց հատիկ առ հատիկ է, «Ռենջ Ռովեր» առ «Ռենջ Ռովեր», «Բրաբուս» առ «Բրաբուս», «Յաշիկ» առ «Յաշիկ»»,- ասել էր նրա, մինչ ողջ համացանցը ծաղրում էր «Ռենջի» փաստը:
Թեեւ այդ նույն ելույթում Փաշինյանը խոստանում էր զեկուցել ժողովրդին, թե ինչ է վերադարձրել պետությանը, հրապարակված պարզ ցուցակ մինչ օրս չկա: Ամեն կառույց մի բան է ասում, ընդ որում` նույն հողամասը տարբեր զեկուցագրերում տարբեր գերատեսչություններ են ցույց տալիս, որ «վերադարձը» ճոխ երեւա:
Քաղաքացիներին մեկ թիվ է հետաքրքրում՝ ինչ արժեքի եւ քանի ապօրինի գույք է բռնագանձվել 7 տարում, եւ երկրորդ հարցը՝ ինչ է եղել այդ գումարների հետ: Եթե, ինչպես Հայկ Կոնջորյանն է ասում, ապօրինի գույքի բռնագանձման թափանիվն այլեւս հետ պտտել չի լինելու, եւ դա դարձել է փող, ապա ուր է այդ փողը: Եթե դարձել է աշխատավարձ ու պարգեւավճար, ապա ում են տվել: Քաղաքացիներն այդ գույքի հետքը չեն տեսնում, վազում, վազում են ու չեն հասնում դրա հետեւից:
Մեր ձեռքի տակ հայտնված ցուցակում գույքի արժեքները նշված չեն, բայց անզեն աչքով էլ երեւում է, որ այն չի համապատասխանում հայ ժողովրդի սպասելիքներին, առավել եւս՝ թալանի մասշտաբների վերաբերյալ պաշտոնյաների հնչեցրած թվերին:
Հայ ժողովուրդը ոչ մի կերպ չի կարողանում 22 միավորից բաղկացած այս քրջոտ ցուցակը համադրել, օրինակ, գլխավոր դատախազի 600 մլրդ պահանջի հետ: Հենց այսպիսի թիվ էր հնչեցրել Աննա Վարդապետյանը փետրվարին՝ կառավարության նիստերից մեկի ժամանակ՝ հայտարարելով, որ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով Հակակոռուպցիոն դատարան է ներկայացվել 136 հայցադիմում, որոնցով պահանջվում է տարբեր անձանցից բռնագանձել 1381 անշարժ գույք, 270 շարժական գույք, 359 իրավաբանական անձանցում ունեցած մասնակցություն եւ այլն, եւ այլն:
Բաց մի թողեք
#Ուղիղ. Մայր Աթոռ՝ պատարագ․ Կաթողիկե սբ․ Էջմիածնի տոնն է ու հավաք՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու
Փաշինյանն այդ քայլով կենտրոնացված կառավարման համակարգը շուռ կտա և կանցնենք նորից Սովետի. Բոստանջյան
Փաշինյանը Զանգեզուրի միջանցքը նվիրած է վերադառնալու