Բարձրագույն դատական խորհրդում այս պահին կարգապահական վարույթ կա միանգամից 5 դատավորի դեմ, որոնց մի մասը ԲԴԽ է ուղարկել դատավորների էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը, մյուսները՝ արդարադատության նախարարությունը՝ նախարար Սրբուհի Գալյանի միջնորդությամբ։
Հանձնաժողովը վարույթ է հարուցել Քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի նկատմամբ, որի համար հիմք է հանդիսացել Վահրամ Ներսեսյանի հաղորդումը: Մելքոնյանի վերաբերյալ նիստը ԲԴԽ-ն նշանակել է հունիսի 9-ին։ Մասիս Մելքոնյանը պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականի մայիսի 22-ից, սակայն նա իր կարիերան սկսել է դեռ 1999 թվականից, երբ աշխատել է ՆԳՆ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի ՆԳ բաժնում՝ որպես ավագ տեսուչ-հերթապահ։
Նա քրեական հեղինակություն Ալիկ Բանդուրյանի եղբորորդուն՝ Լեւոն Բանդուրյանին կալանք տված դատավորն է, դատական համակարգում առավել հայտնի է որպես իշխանության «սրտի դատավոր»: Ավելին՝ նա իր հավատարմությունը ցույց տալու համար ակտիվորեն հետեւում էր ԲԴԽ նախկին նախագահ Կարեն Անդրեասյանի ֆեյսբուքյան գրառումներին, ակտիվորեն հավանում կամ «սրտիկներ» էր դնում դրանց: Նաեւ պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հորը՝ Գարիկ Գալեյանին է կալանք տվել։
Մյուս վարույթներով Վերաքննիչ վարչական դատարանի դատավոր Հրաչ Այվազյանին, Ռուստամ Մախմուդյանին, Կարեն Ավետիսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար միջնորդություն է ներկայացրել արդարադատության նախարարը, վարույթի համար հիմք է հանդիսացել առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Սլավիկ Սարգսյանի հաղորդումը։
Երեք դատավորներին «պատժելու» քննությունը մեկ գործով է լինելու, քանի որ դատարանում նրանք հանդես են եկել կոլեգիալ կազմով։ Նշենք, որ Ռուստամ Մախմուդյանն այս տարվա մարտին է նշանակվել Վերաքննիչ վարչական դատարանի նախագահ, նա նախկինում ՀՀԿ-ական պատգամավոր էր։ Դատավորների վերաբերյալ գործը ԲԴԽ-ն կքննի հունիսի 2-ին։
Հունիսի 9-ին դատարանում եւս մեկ կարգապահական վարույթի նիստ է նշանակված` վերաբերում է դատավոր Գագիկ Պողոսյանին։ Վարույթի համար հիմք են հանդիսացել քաղաքացիներ Սերժիկ Ավետիսյանի եւ Արա Գասպարյանի հաղորդումները՝ ուղղված Դատական դեպարտամենտի ղեկավար Նաիրի Գալստյանին։
Վարույթը հարուցել է Դատավորների էթիկայի եւ կարգապահական հարցերի հանձնաժողովը։ Այն վերաբերում է մի քրեական գործի քննությունը դատավորի կողմից ձգձգելուն։ Նշենք, որ Պողոսյանը դատական համակարգի հնաբնակներից է, աշխատել է բոլոր իշխանությունների ժամանակ։ Նա նախորդ տարի վկայի կարգավիճակով հարցաքննվեց Աջափնյակի դատարանի՝ կաշառքի գործով կալանավորված դատավոր Արուսյակ Ալեքսանյանի գործով։
Հիշեցնենք․ օրեր առաջ «Հրապարակ»-ը գրել էր, որ քաղաքական իշխանությունը հրահանգել է պատժել կոռուպցիոներներին եւ անգամ մանր սխալներ թույլ տված դատավորներին, որպեսզի ընտրություններից առաջ հանրության աչքում բարձրացնի իր վարկանիշը եւ կոռուպցիայի դեմ պայքարի տպավորություն ստեղծի։ Եվ դա է պատճառը, որ վերջին շրջանում իրավապահ համակարգը գերակտիվ է՝ անընդհատ պաշտոնյաների է ձերբակալում, ազատում պաշտոններից, դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ հարուցում։ Իսկ 2026 թվականը սարերի ետեւում չէ:
Բաց մի թողեք
Վրացական կողմը մերժել է Պապոյանի խնդրանքը
Հայաստանը երբ դուրս կգա ՀԱՊԿ-ից
Մոտեցումները կարող են տարբեր լինել, եթե խոսում ենք ամերիկյան խաղերի մասին. Բադալյան