ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է միաժամանակ 10 գործ՝ դատավորների իրավունքների խախտումների վերաբերյալ: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) Հայաստանից ստացած մի շարք գործերով՝ անկախ այն հանգամանքից, թե երբ են դրանք ներկայացվել՝ երկու տարի, թե ընդամենը երկու ամիս առաջ, սկսվել է ավարտական` կոմունիկացիաների փուլը, երբ կառավարությանը ՄԻԵԴ-ից հարցեր են ուղղում եւ արդեն գնում վճռահատության։
Ապրիլի 23-ին ՄԻԵԴ-ը մեկ օրում նշված բոլոր գործերով սկսել է հաղորդակցման փուլը ՀՀ կառավարության հետ, ինչը փաստաբաններն աննախադեպ են համարում։ Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է դատավոր Դավիթ Հարությունյանի հետ:
Հիշեցնենք, որ 2023-ի հուլիսին Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել էր 12 տարի դատավոր աշխատած Դավիթ Հարությունյանի լիազորությունները: Նրա դեմ վարույթ հարուցելու հիմքն արդարադատության նախարարությանն ու Բարձրագույն դատական խորհրդին ուղղված քննադատությունն էր․ 2023-ի մայիսին աղմկահարույց որոշ քրեական գործեր քննած դատավոր Հարությունյանը լրագրողներին ասել էր, թե ԲԴԽ-ն ուղղորդվում է մեկ անձի կողմից, եւ քննադատել էր որոշ դատավորների լիազորությունները դադարեցնելու որոշումները, նաեւ պնդել էր, որ ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը կապ ունի լրատվամիջոցներից մեկի հետ: Իր լիազորությունների դադարեցումից հետո Դավիթ Հարությունյանը դիմել էր ՄԻԵԴ` իր խախտված իրավունքները վերականգնելու նպատակով: Այժմ ՄԻԵԴ-ի կողմից կոմունիկացված գործերի մեջ է նաեւ Դավիթ Հարությունյանի գործը:
Նա Հրապարակի հետ զրույցում ասել է. «Անկեղծ ասած, ես չգիտեմ, թե կոմունիկացված գործերի թիվը կոնկրետ քանիսն է, սակայն կոնկրետ իմ գործը կոմունիկացվել է: Հստակ ժամկետ չկա՝ կոմունիկացվելուց հետո վճիռը հրապարակելու մասով: Չգիտեմ, թե երբ կկայացվի կոնկրետ որոշում, կարող է վեց ամիս տեւել, կարող է տեւել ավելի շատ, կարող է այնպես լինել, որ ընդամենը մեկ ամիս անց որոշումը հրապարակվի»:
– Ի՞նչ սպասելիքներ ունեք, ի՞նչ նախադեպ է սա, որ տասը գործ միաժամանակ կոմունիկացվում է ՄԻԵԴ-ի կողմից, ընդ որում` գանգատները ՄԻԵԴ են ուղարկվել ընդամենը 1-2 տարի առաջ:
– Անշուշտ, դիմելով Եվրոպական դատարան, իմ ակնկալիքը եղել է արդարադատություն հայցելը, վստահ եմ, որ այդպես էլ լինելու է: Գանգատում ներկայացրել եմ խախտումները, դրանք ներկայացվել են տարբեր հոդվածներով՝ սկսած ազատ խոսքից, իրավունքով վերջացրած` արդար դատաքննության իրավունքով, տարբեր կետեր ավելացվել են նաեւ այն ժամանակ, երբ Սահմանադրական դատարանը որոշումը չվերանայեց:
– Իսկ ի՞նչ փոխհատուցում կնախատեսվի, եթե ՄԻԵԴ-ը հօգուտ Ձեզ որոշում կայացնի:
– Փոխհատուցումն ինձ համար ամենավերջին տեղում է, ես դիմել եմ ՄԻԵԴ, որպեսզի արդարությունը, իմ խախտված իրավունքները վերականգնվեն: Խախտված իրավունքի վերականգնումը ենթադրում է աշխատանքի վերականգնում, ես, բնականաբար, հենց այդ ակնկալիքով եմ դիմել ՄԻԵԴ: Փոխհատուցումն ինձ ամենաքիչն է հետաքրքրում կամ ընդհանրապես չի հետաքրքրում: Ես զրկվել եմ դատավորի լիազորություններից` անօրինական ձեւով:
– Գաղտնիք չէ, որ Փաշինյանի իշխանությունը դատաիրավական համակարգը փորձում է իր խամաճիկը սարքել: Սա կարո՞ղ է նախադեպ հանդիսանալ, եւ ՄԻԵԴ-ի վճռից հետո Դուք եւ էլի Ձեզ նման շատերը փոխեք իրավիճակը՝ ցույց տալով իշխանություններին, որ դատական համակարգում կան նաեւ սկզբունքային դատավորներ:
– Ցանկացած դատավոր պարտավոր է առաջնորդվել օրենքով, օրենքի գերակայությունն իր աչքի առաջ ունենալով: Եթե նկատի ունեք, որ ՄԻԵԴ-ի վճիռը կարող է իրավիճակ փոխել, ապա, այո, իհարկե, հենց նպատակներից մեկն այն է, որ դատավորների նկատմամբ կարգապահական վարույթներ քննողներն ու նախաձեռնողները հասկանան, որ հաջորդ անգամ ինչ-որ մի բան անելուց առաջ պետք է երկար մտածել: Այնպես չէ, որ ժամանակի հետ ամեն ինչ մոռացվում ու գնում է…. պրակտիկան ցույց տվեց, որ շատ շուտ` մեկ-երկու տարում, ՄԻԵԴ-ն ազդակ է ուղարկում, այնպես որ՝ մարդկանց իրավունքները խախտելով, հատկապես, երբ խոսքը վերաբերում է դատավորներին, ոչ մի լավ բանի չեն հասնում: Քիչ ժամանակում բոլոր հարցերի պատասխանները պետք է տան: Դրական նախադեպ է սա՝ հետագայում դատավորների նկատմամբ առավել զգույշ լինելու համար:
– Թեպետ այդ մասին շատ եք խոսել, այդուհանդերձ` ինչո՞ւ որոշեցին դադարեցնել Ձեր լիազորությունները: Ամիսներ առաջ SMS-ի միջոցով Նիկոլ Փաշինյանն աշխատանքից հեռացրեց Կարեն Անդրեասյանին՝ ըստ էության, միջամտելով անկախ մարմնի աշխատանքին:
– Այո, այդ մասին շատ եմ խոսել, իմ լիազորությունները դադարեցնելու պաշտոնական պատճառաբանությունն այն էր, որ ես չունեի իրավունք քննադատելու ԲԴԽ-ին, այսինքն` ԲԴԽ-ն անքննադատելի մարմին է եւ չի կարելի ոչինչ ասել այդ կառույցի մասին: Հետագայում արդեն, երբ Անդրեասյանը հեռացվեց SMS-ի միջոցով, ապացուցեց իմ բոլոր ասածները:
– Լրագրող Լիլիթ Աղեկյանին են կալանավորել` դատարանի հանդեպ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու համար: Աղեկյանն ընդամենը դատաքննությունից դժգոհել է ու ասել, որ դատարանը կոռումպացված է: «Կոռումպացված» բառը կարո՞ղ է կալանավորվելու հիմք հանդիսանալ:
– Աչքովս ընկել է այդ դեպքը, բայց չեմ կարող հստակ հետեւություններ անել: Ամեն դեպքում` յուրաքանչյուր քաղաքացի պարտավոր է հարգալից վերաբերվել դատարանի հանդեպ:
– Մարդը չի՞ կարող ունենալ էմոցիոնալ պոռթկումներ: Կարելի՞ է այդ մեկ խոսքի համար կնոջը կալանքի տանել:
– Լինում են սանկցիաներ` դատական նիստերի դահլիճից հեռացում, տուգանք, իսկ կալանքը ծայրահեղ դեպքերում է լինում, այդ շեմը պետք է հաղթահարել` քրեական վարույթի տեսքով, դա շատ ծայրահեղ խափանման միջոց է:
Բաց մի թողեք
Վրացական կողմը մերժել է Պապոյանի խնդրանքը
Հայաստանը երբ դուրս կգա ՀԱՊԿ-ից
Մոտեցումները կարող են տարբեր լինել, եթե խոսում ենք ամերիկյան խաղերի մասին. Բադալյան