13/06/2025

Ես ձեզ խնդրում եմ, 2018 թվականի մասով ինձ հարցեր մի ուղղեք․ Սերժ Սարգսյան

Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցից օրեր անց՝ երեկ, Սերժ Սարգսյանը դատարանի բակում լրագրողների հետ զրույցում պատասխանեց Քոչարյանի կողմից իրեն ու ՀՀԿ-ին հասցեագրված ուղղակի եւ անուղղակի մեղադրանքներին։

Հրապարակ թերթը գրել է․ Խոսելով այն մասին, որ հեղափոխության օրերին՝ իր հրաժարականից բառացիորեն 3 օր առաջ Քոչարյանը զանգել է իրեն, եւ ինքը հավաստիացրել է, որ «ամեն ինչ կոնտրոլի տակ է», ՀՀ երրորդ նախագահը զարմացավ. ««Կոնտրոլի տակ». ես այդպիսի բառապաշար չունեմ, դուք 15 տարի լսե՞լ եք իմ լեքսիկոնում»:

Սակայն չմանրամասնեց իր եւ երկրորդ նախագահի հեռախոսազրույցի բովանդակությունը, չպատասխանեց նաեւ հարցին` կարո՞ղ էր 2018-ին կանխել այդ իրադարձությունները. «Ես ձեզ խնդրում եմ, 2018 թվականի մասով ինձ հարցեր մի ուղղեք, գնացեք, դիտեք իմ հարցազրույցները 2018 թվականի մասին, ժամերով խոսել եմ… Ես մի անգամ եմ ասելու, բայց ասելու եմ ուղիղ եթերում, որպեսզի մարդիկ նաեւ հնարավորություն ունենան հարցեր տալու՝ ուղղորդված եւ չուղղորդված»: Հարցին՝ ե՞րբ է դա լինելու, պատասխանեց. «Երբ որ նպատակահարմար գտնեմ»։

Խոսելով քոչարյանականների կողմից շրջանառվող փաստարկի մասին՝ եթե ինքը չի բերել Նիկոլին, ինչու 2018-ին մերժեցին Սերժին, բայց Քոչարյանը նստեց, նախկին նախագահը չզսպեց իրեն․ «Ինչ է` մեկ տարի նստելը մեծ հերոսությո՞ւն է, բա իմ գործընկերները որ նստել են, Արմեն Աշոտյանը 2 տարի կլինի` նստած է, ես 2 տարի է՝ դատարանների դռները քարշ եմ գալիս, դա չե՞ք տեսնում, երեւի ես մազոխիստ եմ, էլի, որ ուզել եմ գա…»։
Հերքեց Քոչարյանի ասածը, որ 2021-ին ինքը չի ասել, որ դեմ է ընտրություններին, պարզապես ժողովրդի տրամադրությունները շոշափելով` հասկացել է, որ իշխանությունը հաղթելու է: Եվ խոստովանեց, որ իմպիչմենտի գաղափարն իրենն է. «Հիմա մենք՝ հավաքական ընդդիմությունը, պաշտպանում ենք իմպիչմենտը՝ հենվելով հետեւյալի վրա։ Մենք ասել ենք, որ այս իշխանության մեկ օր ավել մնալը վտանգում է պետությունը, հիմա ի՞նչ պատահեց, որ ասում ենք` մեկ տարի էլ սպասենք, որ ընտրությունները գան»։

Իսկ ինչո՞ւ «Պատիվ ունեմ» խմբակցությունը վիժեցրեց Փաշինյանին իմպիչմենտ հայտնելու գործը եւ չաջակցեց Էդմոն Մարուքյանի թեկնածությանը, անլո՞ւրջ է վերաբերվում այդ գործընթացին: «Դուք Սահմանադրության մեջ գրված հոդվածին անլրջությա՞մբ եք վերաբերվում… ՀՀ Սահմանադրության մեջ շատ հստակ գրված է, թե ինչպես կարելի է անվստահություն հայտնել գործող վարչապետին, այսինքն՝ մենք ի՞նչ իրավունքով ենք դա անլրջացնում, այսինքն՝ 2021 թ. ընտրություններին գնալը շատ լո՞ւրջ էր` որ հաղթելու ենք, իսկ իմպիչմենտ անելն անլո՞ւրջ է»,- հարցին հարցով պատասխանեց Սերժ Սարգսյանը։ «Ես ձեզ խնդրում եմ՝ հանդիպեք նախաձեռնողների հետ, եւ մանրամասն ձեզ կբացատրեն, թե որ փուլում են իրենք հարմար գտնում ՔՊ-ականների հետ բացատրական աշխատանք տանել, երբ են ենթադրում այդ փաստաթուղթը մուտքագրել ԱԺ, որպեսզի ներառվի դա օրակարգի մեջ, եւ, ընդհանրապես՝ իրենք ինչպես են այդ պրոցեսը պատկերացնում: Եթե ձեզ թվում է, որ մենք արդեն 7 տարի հայտարարում ենք, որ իշխանություն չենք ուզում, դրանով ինքներս մեզ ավելի օգուտ ենք տալիս` ոչ, վնաս ենք տալիս»։ «Մենք, ի տարբերություն շատերի, գիտակցում ենք, որ եթե մենք վարչապետի թեկնածու առաջադրենք, ապա հակադրությունը ոչ միայն ՔՊ-ի կողմից է լինելու, ավելի մեծ հակադրություն է լինելու: Մենք փորձում ենք գնալ ավելի քիչ դիմադրության հանդիպելու ճանապարհով, որպեսզի հնարավորինս շուտ կարողանանք ՀՀ-ում իշխանափոխություն անել»։