Մարդու իրավունքների պաշտպանը, բացի այն, որ շարունակ բողոքում է, թե իրեն չեն գնահատում, քննադատում են ու նեղացնում, նաեւ մարզային այցելություններ է իրականացնում:
Հրապարակ թերթը գրել է․ ՄԻՊ գրասենյակից հայտնում են, որ մարդու իրավունքների պաշտպանը եւ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը համատեղ այց են կատարել Սյունիքի մարզ եւ մի քանի օր է՝ այնտեղ են: Անահիտ Մանասյանն ու Ֆրանսուազ Ժակոբն այցելել են Մեղրի համայնք: Համայնքի ղեկավար Խաչատուր Անդրեասյանի հետ քննարկվել են համայնքում մարդու իրավունքների հետ կապված, ինչպես նաեւ՝ սոցիալ-տնտեսական հիմնահարցեր: Համայնքի ղեկավարը նշել է, որ բնակավայրերում կան խմելու եւ ոռոգման ջրի, բժշկական օգնության եւ սպասարկման հետ կապված եւ լուծման կարիք ունեցող այլ խնդիրներ:
Քննարկվել են մարզի սահմանամերձ բնակավայրերի բնակիչների իրավունքներին վերաբերող հարցեր: Պաշտպանն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողն այցելել են նաեւ Ալվանք եւ Շվանիձոր բնակավայրեր: Տեղի դպրոցներում հանդիպումներ են ունեցել ուսուցիչների եւ աշակերտների հետ:
Բայց այս հետաքրքրվածությունը Սյունիքով ոմանց կասկածելի է թվում, ուստի կապվեցինք Շվանիձորի վարչական ղեկավար Ալիկ Թումանյանի հետ` ի՞նչ հարցեր են քննարկել համայնքում ՄԻՊ-ն ու ՄԱԿ-ի մշտական համակարգող Ֆրանսուազ Ժակոբը, խոսե՞լ են, օրինակ, անվտանգության հարցերի մասին: Վարչական ղեկավարն ասաց. «Դպրոցի հանդիպմանը ներկա չեմ եղել, չեմ գնացել, սակայն նրանց ուղեկցել եմ համայնքի տեսարժան վայրեր` գյուղի մշակույթի պալատ, 16-րդ դարի ջրատար, կամուրջ, եկեղեցի…. զրուցել ենք ոտքի վրա մի տասը րոպե, խոսել ենք բացառապես համայնքի խնդիրների մասին: Հարցրին, թե ինչից են բնակիչները բողոքում, ես էլ ասացի, որ հիմնական դժգոհությունը կապված է խմելու ջրի հետ:
Ոչ մի քաղաքական հարց` անվտանգությանը վերաբերող, մեզ հետ չի քննարկվել: Մեղրիի համայնքապետարան էլ են գնացել, ես այնտեղ ներկա չեմ եղել ու չեմ կարող ասել, թե գլոբալ առումով ինչ բնույթի հարցեր են քննարկել: Խմելու ջրի մասով էլ մենք նաեւ դիմել ենք վարչապետին, սպասում ենք նրա պատասխանին, նա ասել է, որ ամեն բան կանի, որպեսզի հարցը լուծում ստանա»:
Զրուցեցինք նաեւ Շվանիձորի միջնակարգ դպրոցի տնօրեն Ալեն Ավետիսյանի հետ: Նա նկատեց. «Զրուցել ենք բացառապես կրթական թեմաների մասին: Հարցրին` քանի՞ երեխա է դպրոցում սովորում, ի՞նչ պայմաններ են առկա, ի՞նչ խմբակներ են դպրոցում գործում, ու վերջ, ոչ` այլ հարց չենք քննարկել: Մեկ պտույտ շրջայց ենք կատարել դպրոցում, ու վերջ, առանձնապես երկարատեւ հանդիպում չէր: Այցելություն էր մի քանի րոպեով, ծանոթացան երեխաների հետ, թափուր առարկաների խնդրին ծանոթացան, ու վերջ»:
Ալվանքի միջնակարգ դպրոցի տնօրեն Վերա Սեւումյանը մեզ ասաց․ «Քանի որ մեր դպրոցը ՄԱԿ-ի պարենի համաշխարհային ծրագրի շրջանակներում տարբեր ծրագրեր է իրականացնում` առաջինից չորրորդ դասարանի աշակերտների համար անվճար սնունդ, արեւային կայանների ապահովում, այգի` հակակարկտային կայանով եւ կաթիլային համակարգով, Ֆրանսուազ Ժակոբն ու Անահիտ Մանասյանը եկել էին մեր դպրոց՝ տեսնելու, թե ինչ պայմաններում են սովորում երեխաները: Եկան հենց այն պահին, երբ երեխաները տաք սնունդ էին ընդունում ճաշարանում: Անգամ այդ օրը երեխաներին տվել էինք մեր ինտենսիվ այգու ծիրանները: Մեր դպրոցը տաքացվում էր փայտե վառարանների միջոցով, իսկ այժմ արեւային կայանները մեզ փրկել են այդ հոգսից, ինչպես նաեւ՝ բնությունը չենք աղտոտում, տաքացնում ենք դպրոցը նորմալ ձեւով: Սա էր հիմնական այցելության նպատակը, ինչպես նաեւ խոսվեց այն մասին, որ նախատեսվում է փակել մեր գյուղի դպրոցը՝ այն միացնելով Շվանիձորի միջնակարգ դպրոցին, ինչը համայնքում դժգոհություն է առաջացրել հատկապես ծնողների կողմից, մարդիկ տարակուսում են, թե ինչպես պետք է երեխաները հասնեն հարեւան գյուղ, թեպետ ասում են, որ տրանսպորտ տրամադրելու են…. դպրոցի շենքը հին է եւ ոչ մի անգամ չի վերանորոգվել: Ես էլ, երեխաների ծնողներն էլ այն կարծիքին ենք, որ ամեն գյուղ պետք է իր դպրոցն ունենա: Մարդու իրավունքների պաշտպանն էլ ասաց, որ դա կառավարության որոշում է, մեզ ասաց, որ հետաքրքրվենք, թե ինչպես է երեխաների տեղափոխությունն իրականացվելու եւ այլն: Մենք դպրոցում ունենք 38 աշակերտ, բայց, օրինակ, Նռնաձոր գյուղում երեխաների թիվն ավելի քիչ է: Շվանիձորի աշակերտների թիվն էլ համարյա մեզ հավասար է, այնպես չէ, որ այնտեղ աշակերտների թիվը մեծ է»:
Բաց մի թողեք
Մոտեցող վտանգին անտարբեր Փաշինյանը դստեր հետ ժամանցային այց է կատարել
Իրանում մտահոգված չենք, ավելի մտահոգված ենք Հայաստանի համար, որը ներկա իշխանությունները էշի ականջում քնած են․ Իրանահայ
Կամակատա՞ր եք, գործակա՞լ, թե՞ խամաճիկ, ձեռք քաշեք այս ժողովրդից ու ձեռքներդ հեռու մեր սրբություններից