Ապրիլի 30-ին Նոր Նորքի վարչական ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանն իր թիմակիցների հետ, տեսախցիկների առաջ` ուղիղ եթերում, ծեծի ենթարկեց ակտիվիստ Արթուր Չախոյանին, սակայն ձերբակալեցին ոչ թե ծեծողին, այլ՝ ծեծի ենթարկված Չախոյանին: Միջադեպից 20 օր հետո Տեր-Մարգարյանը հայտարարեց իր հրաժարականի մասին:
ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի հետ Հրապարակը զրուցել է այս միջադեպի, Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավի եւ Էդմոն Մարուքյանի՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին:
– «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ թաղապետն ի վերջո հրաժարական տվեց: Չնայած կուսակցությունն ամբողջովին աջակցում եւ արդարացնում էր կուսակցին՝ սպառնալով, որ իրենք էլ հրաժարականներ կտան, մանդատները վայր կդնեն: Ի՞նչ տեղի ունեցավ այդ 20 օրվա ընթացքում՝ Փաշինյա՞նը ստիպեց:
– Այդպես կարելի է ենթադրել, որովհետեւ, ի վերջո, դա եւս մեկ հարված էր Նիկոլին: Իսկ հակառակ քայլը մի քիչ պլյուս էր ավելացնում, բայց այս ամենը ենթադրության ոլորտից է: Իսկ որպեսզի ավելի ճիշտ լինենք, եթե մինչ այդ «Հանրապետություն» կոչվածի դուրս գալը հղի էր հետեւանքներով` քաղաքապետարանի համար, ըստ երեւույթին, կարելի է ենթադրել, այդ երկու՝ առանց իշխանության իրենցից ոչինչ չներկայացնողները, իրար հետ քննարկել են եւ կշռադատել, որ այդպես մենք կարող ենք ցույց տալ, որ ինչ-որ չափորոշիչներ դեռեւս պահպանել ենք՝ բարոյականության: Ի վերջո, այսպես ավելի կշահենք, իսկ մյուս դեպքում ավելին կկորցնենք: Կարող է այդպիսի բան եղած լինել, բայց ես ավելի խոր վերլուծել չեմ կարող, քանի որ ավելիին տեղյակ չեմ:
– Կարո՞ղ ենք այս քայլը դիտարկել նախընտրական քարոզարշավի շրջանակներում:
– Անպայման չէ սա կապել նախընտրականի հետ, բայց ցանկացած քաղաքական ուժ, այդ թվում` մեր կողմից ոչ այնքան գնահատվողները, իրավունք ունեն իրենց գործունեության ընթացքում մշտապես նախապատրաստվել: Այնպես որ, եթե անգամ նման բան կա, ես դա չեմ համարում դատապարտելի: Քաղաքական ուժ` եթե կա, պիտի նախապատրաստվի ընտրություններին: Իսկ ընդհանրապես՝ անկախ ընտրություններից էլ են քաղաքական գործիչները մտածում այս կամ այն երեւույթի նկատմամբ իրենց վերաբերմունքով, իրենց նկատմամբ եղած բացասական տրամադրությունները նվազեցնելու եւ դրականն ավելացնելու մասին, եթե չասեմ, որ ուղղակիորեն պարտավոր են լինել արդարամիտ, անաչառ եւ այլն:
– Աննա Հակոբյանն արդեն քանի օր է՝ որոշ լրատվամիջոցների եւ մարդկանց է թիրախավորում, վիրավորում՝ ոջիլ ու տխմար անվանում: Ինչպե՞ս եք գնահատում նման վարքը:
– Ընդհանրապես, որեւէ մարդ կարող է ինչ-որ պահի հավասարակշռությունից դուրս գալ՝ դա մարդկային է, բայց երբ դու հնարավորություն ունես խորհելու ասածիդ մասին ու քեզ թույլ ես տալիս ասել բառեր, որոնք, մեղմ ասած, չպիտի ասեիր, դա ինձ համար անհասկանալի է: Ես լսել եմ այդ մասին, չեմ խորացել, որովհետեւ այդ ամենը համարում եմ հետեւանք: Հետեւանք այն բանի, որ մեր պետական համակարգում իշխանությունների տարանջատման, վերահսկման, հակակշռման սկզբունքը չի գործում: Այսպիսի պայմաններում հակակշռողը լինում է պետական համակարգի միջոցով ամրագրված համակարգը: Մենք ժամանակին ընդունեցինք սխալ Սահմանադրություն, որովհետեւ նախկիններն էլ մտածում էին, որ իշխանությունը կենտրոնացնելն ամենակարեւոր բանն է: Եվ երբ խոսում էին իշխանության կարեւորության մասին, պետությունն իշխանության կառույց է, պետք է ամեն ոք մշտապես հիշի, որ դա իրենց իշխանության մասին չէ, այլ ազգի իշխանության մասին է: Երբ դա մոռանում ես եւ սկսում ես մեծամտանալ, մեծամտանալու համար ինքդ քեզ չես քննադատում, կաշկանդում, բնականաբար, դու ընկնելու ես այդ փոսը: Դրա համար, երբ խոսում են իմպիչմենտի մասին, ողջունելով հանդերձ, եթե այս համակարգը չի փոխվում, շուտափույթ կերպով դա զարգացումներ չի ապահովի: Դրա համար միանգամից ասեմ, որ մենք մշտական կապի մեջ ենք, եւ բավական համակրելի հարաբերություններ կան ԱԻՄ-ի նախագահության մի մասի եւ իմպիչմենտի հարցով զբաղվող անձանց միջեւ: Չգիտեմ ինչի` պաշտոնազրկում չեն ասում, դրանով զբաղվողները պետք է փորձեն ամբողջը համադրել: Պետք է այս բարոյական, ավելի ճիշտ` անբարոյական, մեծամտական` ես վարչապետն եմ, կամ ոչ ոք չի լինի, ինչ ուզում եմ, դա բանակցում եմ, այդ շատ ստոր, կեղտոտ, մեծամիտ ու հանցավոր կեցվածքն իր զսպումն ունենա պետական համակարգի միջոցով:
– Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանն առաջարկել են Էդմոն Մարուքյանի թեկնածությունը: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:
– Ես որեւէ գործողության դեմ որեւէ բացասական բան ասելու իրավունք չունեմ: Բայց, գիտեք, ըստ գործող սահմանադրության, որն ախմախություն է, երբ պաշտոնազրկման փորձ է արվում, պաշտոնապես դրան ընթացք է տրվում, պետք է մտածել, թե այդ ընթացքն ինչ զարգացում կարող է ունենալ, հետո նոր գործնական քայլեր կատարել: Գործնականությունը, իրավական շեշտադրումները, առարկայական արդյունքների նախապատրաստումը հստակ չեմ տեսնում՝ գուցե բավարար չափով չեմ խորացել:
Պատկերացրեք մի իրավիճակ, երբ պետք է գրոհել ամրոցը: Մի դեպքում դու կարող ես լավ նախապատրաստվել ու գրոհել, իսկ մի քանի խանդավառ մարդիկ կարող են ինքնուրույն գրոհել ու դրանով ձախողել այդ ամրոցի գրավումը: Այդպիսի բաներ եղել են կյանքում, հիմա էլ ես կուզեի, որ մարդիկ, ովքեր ազգօգուտ բաներ անեն, նախ հասկանան, որ իմպիչմենտը Նիկոլի փոխարինումն է մեկ այլ Նիկոլով, որքան էլ որ աշխարհում հազարից մեկ բացառություններ եղել են: Համակարգն է գործոնը, երբ իշխանությունը ոչ թե ժողովրդին է պատկանում, այլ՝ ինչ-որ, թեկուզ բացառիկ անհատների կամ խմբերի: Հովիկ Աղազարյանի եւ Ասլանյանի նախաձեռնությունը համարում եմ` լավ է, որ նման բան են նախաձեռնում, բայց ներքին կարգով ինձ հուսադրում եմ, որ նրանք մտածված, համապարփակ գործողություններով պետք է առաջ ընթանան: Այնտեղ Էդմոն Մարուքյանին առաջադրեցին հապշտապ կարգով. դա խայծ է: Երբ որեւէ մեկն ասում է՝ իսկ ո՞վ է Ձեր թեկնածուն, սա միանգամից նշանակում է, որ գաղափարներից, համակարգային փոփոխություններից հարցը տեղափոխվում է մարդկային դաշտ: Իսկ Նիկոլը սկզբից, հիշո՞ւմ եք, չէր ասում ՝ ես եմ վարչապետը լինելու: Ինքը թափ հավաքեց, հետո ասաց, այսինքն՝ Նիկոլն այդ իմաստով ավելի ճիշտ էր աշխատում, երեւի գիտեր, որ հենց սկզբից կձախողվի: Երբ լսեցի, որ ասաց՝ կա՛մ ես եմ վարչապետ, կա՛մ՝ ոչ ոք, հասկացա, որ սխալվել եմ՝ մտածելով, որ այս մարդը կանգնել է ուղղման ճանապարհին եւ բարին է ուզում:
Բաց մի թողեք
Մոտեցող վտանգին անտարբեր Փաշինյանը դստեր հետ ժամանցային այց է կատարել
Իրանում մտահոգված չենք, ավելի մտահոգված ենք Հայաստանի համար, որը ներկա իշխանությունները էշի ականջում քնած են․ Իրանահայ
Կամակատա՞ր եք, գործակա՞լ, թե՞ խամաճիկ, ձեռք քաշեք այս ժողովրդից ու ձեռքներդ հեռու մեր սրբություններից