24/06/2025

Զադնի են դրել․ Արցախի նախագահ ընտրելու հայելային անդրադարձն ադրբեջանցիների կողմից «Արեւմտյան Ադրբեջան» պահանջելն է

Մայիսի 21-ին լրացել է Արցախի Հանրապետության նախագահի լիազորությունների ժամկետը, շաբաթներ առաջ Արցախի խորհրդարանի կողմից ընդունված սահմանադրության փոփոխություններով՝ ընտրությունների անհնարինության դեպքում խորհրդարանին է վերապահված նախագահի ընտրությունը, համաձայն օրենքի՝ 7-օրյա ժամկետում թեկնածուներ պետք է առաջադրվեն, եւս երեք օր էլ սահմանված է՝ նախագահի թեկնածուների ընտրության նպատակով նիստ հրավիրելու համար։

Երեկ առաջադրումների վերջնաժամկետն էր, սակայն տեղեկացանք, որ թեկնածու չի առաջադրվել, Արցախի քաղաքական դասի վրա ՀՀ իշխանություններից մեծ ճնշումներ են գործադրվում, իսկ Ալեն Սիմոնյանը բացեիբաց ասաց, որ մեր կողմից Արցախի նախագահ ընտրելու հայելային անդրադարձն ադրբեջանցիների կողմից «Արեւմտյան Ադրբեջան» պահանջելն է։

Տեղեկացանք, որ Սամվել Բաբայանի թիմն է հետ կանգնել նախնական պայմանավորվածությունից եւ հրաժարվում է մասնակցել ընտրությանը՝ վկայակոչելով ՀՀ իշխանությունների վերջին հայտարարությունները:

Այս ամենը հաշվի առնելով՝ միակ հավանական թեկնածու Սամվել Շահրամանյանը եւս ծանութեթեւ է անում՝ իսկ եթե առաջադրվի, հետագայում Հայաստանի հետ ինչ-որ բան տեղի ունենա, ողջ պատասխանատվությունն իր ուսերին է բարդվելու։ Մեզ ասացին, որ բուռն քննարկումներ են ընթանում ԱՀ խորհրդարանականների շրջանում, որպեսզի գոնե երկրորդ ժամկետում՝ լիազորությունների ավարտից 10 օր հետո՝ հաջորդ շաբաթ, թեկնածու առաջադրվի։

Եթե անգամ Բաբայանի պատգամավորները չմասնակցեն քվեարկությանը, ապա խորհրդարանի մյուս խմբակցություններն ունեն բավարար ձայներ՝ նախագահ ընտրելու։ Եթե երկրորդ ժամկետում էլ չհաջողվի, ապա նախագահի պարտականությունները, ըստ օրենքի, կկատարի ԱԺ նախագահը։