17/06/2025

ՀՀ կառավարությունը նախագիծ է քննարկում միայն հարուստ կենսաթոշակառուների համար

Այս տարի կառավարությունը ներդնելու է մի ծրագիր, որով կենսաթոշակի տարիքը մեկ տարով բարձրանում է: Իհարկե, սա այլ կերպ է ձեւակերպվում՝ որպես կենսաթոշակի առնվազն մեկ տարով հետաձգման մեխանիզմ:

Թեեւ այս մասին դեռ անցյալ տարվա նոյեմբերին հայտարարել էր վարչապետը, նաեւ՝  աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, մինչ օրս այն դեռ նախագծի տեսք չունի: Հայտարարվել է նաեւ, որ այս մեխանիզմը լինելու է կամավորության սկզբունքով: Մարդը սեփական կամքով 1 տարի ուշ է անցնում թոշակի եւ դրա դիմաց ստանում է ավելի բարձր կենսաթոշակ:

Մանրամասները դեռ հստակ չեն: Նախարարությունից հայտնում են, որ նախագիծը քննարկումների փուլում է:

Պարզվում է՝ կենսաթոշակի կամավոր հետաձգման գաղափարը քննարկվել է վաղուց՝ դեռ 20 թվականին, սակայն ոչ մի կերպ միս ու արյուն չի դառնում: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մեսրոպ Առաքելյանը վստահեցնում է՝ դեռ իր նախարար եղած շրջանում խոսել են այս մոդելի շուրջ: Ըստ նրա, նորարարության իմաստն այն է, որ կան մարդիկ, որոնք թոշակի տարիքը լրանալուց հետո էլ դեռեւս շարունակում են աշխատել եւ ցանկություն ունեն աշխատելու, ստանում են բարձր աշխատավարձ եւ փաստացի թոշակի կարիք չունեն: «Եթե մարդը 63-ի փոխարեն 64 տարեկանում է գնում թոշակի եւ այդ մեկ տարվա թոշակը չի ստանում, հետո այս մեկ տարվա չստացած թոշակը ստանում է հետագա տարիներին: Օրինակ, հետագայում 10 տոկոս ավել է թոշակ ստանում», – Հրապարակի հետ զրույցում պարզաբանում է նախկին նախարարը:

Նա դժվարացավ ասել, թե որքանով է բարձրանում հետագայում մեկ տարի ուշ թոշակի անցածի ամսական կենսաթոշակը՝ 1000, 10 հազար, թե 15 հազար դրամով: Հասկանալի է, որ հնարավոր չէ ճշգրիտ հաշվել մարդու կյանքի տեւողությունը: «Խնդիրը ոչ այնքան հետագա թոշակն է, որքան մարդկանց արդյունավետ ծերությունը: Որքան ավելի ուշ մարդիկ զրկվեն աշխատանքից, այնքան ավելի գերադասելի է նրանց համար: Սա մոտիվացիա է»,- ասում է Մեսրոպ Առաքելյանը:

Այո, սա մոտիվացիա է այն աշխատողների համար, որոնց՝ թոշակային տարիքի հասնելուն պես նրանց վերադասները տարբեր ձեւերով ստիպում ու դրդում են ազատվել աշխատանքից: Օրինակ՝ ուսուցչի համար, որից ազատվում են, պատճառաբանելով հաստիքների կրճատումը, նաեւ՝ այլ դեպքերում:

Բայց թոշակառուների մեծամասնությունն այսօր կարողանում է շարունակել աշխատել, ստանալ աշխատավարձ եւ միաժամանակ՝ կենսաթոշակ: Հետեւապես, ամեն ամիս ստացվող լրացուցիչ գումարը նրան չի խանգարի: Ինչո՞ւ պետք է աշխատող թոշակառուն հրաժարվի այդ լրացուցիչ գումարներից: Հանուն ապագա բարձր թոշակի՞: «Սա վերաբերում է նրանց, ովքեր ստանում են բարձր աշխատավարձ եւ այդ պահին թոշակի կարիք չունեն: Բայց մարդը պետք է ունենա բավականաչափ մոտիվացիա, այսինքն՝ իմանա, որ այդ մեկ տարվա փոխարեն նրա կենսաթոշակը շատ ավելի բարձր կլինի, գոնե մի 15 տոկոս: Դրական փոփոխություն է, բայց հաշվարկների խնդիր կա»,- ասում է Մեսրոպ Առաքելյանը: Եթե լավ նախագիծ է, ինչո՞ւ են քննարկում-քննարկում, բայց դեռ չեն անում: «Չեմ կարող ասել: Այս կառավարության ռեֆորմները միշտ մի քանի տարի տեւում են: Դանդաղկոտությունը եւ ժամանակի զգացողության բացակայությունն այս կառավարությանը հատուկ են: Սա կարելի է անել արագ եւ ոչ թե տարիներով քննարկել»,- ասում է նախկին նախարարը: