23/06/2025

Սարդարապատ հաղթած ազգը ոնց է հանդուրժում այս ամենն այսօր

Հայ ժողովուրդը մայիսի 28-ին նշում է Հայաստանի առաջին հանրապետության օրը: 1918-ի այս օրը վերականգնվեց դարեր շարունակ խաթարված հայոց պետականությունը. մայիսին Ղարաքիլիսայում, Բաշ-Ապարանում, Սարդարապատում հայկական կանոնավոր ուժերին եւ կամավորականներին հաջողվեց կենաց-մահու ճակատամարտերում հաղթանակ տանել թուրք հրոսակների դեմ՝ կասեցնելով նրանց առաջխաղացումը եւ Հայաստանն ամբողջությամբ զավթելու նրանց ծրագիրը: Մայիսյան հաղթանակով վերականգնվեց հայ ժողովրդի` շուրջ 9 դար առաջ կորցրած անկախությունը:

Մայիսի 26-ին լուծարվել էր Անդրկովկասյան Սեյմը, Ադրբեջանն ու Վրաստանն անկախություն էին ստացել, հերթը Հայաստանինն էր, եւ մայիսի 28-ին Հայոց ազգային խորհուրդը Թիֆլիսում հռչակեց Հայաստանի անկախությունը:

2020 թվականի արցախյան 44-օրյա պատերազմի չարաբաստիկ պարտությունից հետո շատերն են ասում, որ հաղթանակների մայիսը դարձել է ոչինչ…. եւ ամեն անգամ, երբ իշխանավորները խոսում են ադրբեջանցիների հետ եղբայրություն անելուց, խաղաղությունից, առեւտրից, անցյալը մոռանալուց, մարդկանց մոտ հիասթափության չվերջացող զգացումն ավելի է խորանում:

«Հրապարակի» հետ զրույցում թեմայի մասին իր տպավորությունները ներկայացրեց հերոս Դավիթ Առուշանյանի մայրը՝ Լիդա Առուշանյանը: Լիդա մայրիկը Եռաբլուրում էր, նա մեզ հետ զրույցում արտասվեց ու ասաց. «Լսեցի՞ք՝ երեկ Ալեն Սիմոնյանն ինչեր ասաց… մենք ամեն ինչ ունեինք, ցավոք սրտի, ամեն ինչ կորցրինք, մեր բոլոր սուրբ օրերը կորցրինք մի կեղտի, մի ստորի պատճառով: Չգիտեմ ինչ ասեմ, որ սիրտս հովանա, ես էլ չեմ դիմանում սրանց արարքներին, կարող է սիրտս կանգնի արդեն…. մեր ժողովուրդը դուրս չի գալիս պայքարի, դուրս չի գալիս, ու վերջ: Եթե ժողովուրդը դուրս գա, ամեն ինչ իր տեղը կընկնի, եթե չէ՝ ձուլվելու ենք թուրքերի հետ ու վերջանանք: Սիրտս պայթում է, հիմա Եռաբլուրում եմ, նայում եմ մեր տղաներին ու չեմ դիմանում… գետինը մտնեն սրանք՝ բոլորը միասին, այս այլանդակ դերասանները: Հայ ժողովուրդը, մեկ է՝ վերածնվելու է վաղ թե ուշ: Ռուսաստանից հիմա մարդիկ են եկել մեզ հյուր, զարմացած են, թե այս ինչ է կատարվում Հայաստանում: Ես Շահումյանի շրջանից եմ, ադրբեջանցիների հետ ապրել եմ, դրանց այնքան լավ եմ ճանաչում, Փաշազադեն արդեն ուզում է Հայաստանում գրասենյակ բացել, դեսպանատուն բացել, բացելու են, այ, կտեսնեք, որ եթե Նիկոլը մնաց, ադրբեջանցիներն իրենց ասածներն անելու են: Լեզուս պապանձվի, մինչեւ հիմա ինչ ասել եմ, կատարվել է, դա էլ է կատարվելու, այ, կտեսնեք, եթե Նիկոլը մնաց, ամենավատը դեռ առջեւում է: Սրանց կշտանալ չկա: Յոթ տարի կերան մեր ժողովրդին: Մի գիժ, խելագար տականք ու դասալիք՝ տեսեք, թե ինչ է անում մեր երկրի հետ: Թող ինձ ներեն Եռաբլուրում ննջող տղաները այս բառերի համար, բայց ես էլ ուժ չունեմ: Այսօր տոն օր է, ինչ-որ միջոցառում կազմակերպվե՞լ է՝ ոչ, չի կազմակերպվել, իսկ գիտե՞ք ինչու, որովհետեւ մեզ ղեկավարում է Էրդողանը՝ Ալիեւի հետ միասին: Նրանք թույլ չեն տալիս այս կամակատարին: Սա իր աթոռը պահելու համար, հանուն իր անկուշտ ստամոքսի՝ մեր տները քանդում է: Քանի ուշ չէ, եկեք ինչ-որ բան անենք, ժողովուրդ ջան, նախորդ տարիներին գոնե ինչ-որ ակցիաներ էին իրականացնում, մարդիկ շատից-քչից հավաքվում էին, հիմա ոչ մեկի վեջը չէ, ո՞նց կարող է Ավարայր, Սարդարապատ հաղթած հզոր, ուժեղ ու գրագետ հայ ազգը հանդուրժել այս ամենը»:

– Տեղեկություններ կան, որ Բագրատ սրբազանը որոշել է նորից ակտիվանալ, նոր պայքար սկսել:

– Թող ինձ Բագրատ սրբազանը ների, բայց ես իր հետ հույսեր չեմ կապում, թող ինձ ներեն բոլոր նրանք, ովքեր հավատում են Սրբազանին, բայց ես նրա հետ հույսեր չեմ կապում, մեզ կարող են միայն այս վիճակից հանել մեր նախկին նախագահները: Ոչ մեկը, նրանցից բացի, չի կարող մեզ փրկել: Ես այլ մեկին չեմ տեսնում, ես ամենագետ չեմ, գուցե սխալվում եմ, բայց այդպես եմ կարծում: Մեզ կա՛մ Ռոբերտ Քոչարյանն է փրկելու, կա՛մ Սերժ Սարգսյանը: Մենք այս գժին թողած՝ շարունակ ինչ-որ մարդկանց ենք մեղադրում, մե՛կ Պուտինից, մե՛կ չգիտես ումից ենք դժգոհում, բայց Պուտինը կամ մեկ ուրիշը մեզ ի՞նչ։ Եղունգ ունես՝ գլուխդ քորի․ հո իզուր չե՞ն ասել այս խոսքերը: Ասում են՝ մի տարուց ընտրություններ են, բայց այդքան դիմանալ չի լինի, անհնար է, Մայիսի 9-ին դրա կեցվածքը տեսա՞ք: Ռուսաստանից ասում են՝ սա ի՞նչ վիճակ է, առաջ Ռուսաստանում հպարտ-հպարտ են հայերը քայլել, հիմա թուրքերն ասում են հայերին՝ էս չե՞ք դուք: Հայերին լրիվ խեղճացրել են էս ստահակները: