Փաշինյանը չի հանդարտվում` շարունակում է գրոհը Հայ առաքելական եկեղեցու նկատմամբ։ Մայր Աթոռը երեկ եպիսկոպոսաց ժողով էր հրավիրել, եւ դեռեւս համակարգային արձագանք չէր եղել Էջմիածնից, միայն հատուկենտ հոգեւորականներ էին արձագանքել Փաշինյանի ու նրա կնոջ մեղադրանքներին։
Հրապարակ թերթը գրել է․ Իսկ մինչ Էջմիածինը կարձագանքի, հանրությունը փորձում է հասկանալ, թե ինչ է անում երկրի վարչապետի աթոռից կառչած զույգը եւ ինչու է անում՝ ոչնչացնելով բոլոր կարմիր գծերը։
Եկեղեցու նկատմամբ այս իշխանությունների վերաբերմունքը նոր չէ․ այն, ըստ էության, դրսեւորվել է 2018-ի իշխանազավթումից ի վեր, երբ իշխանության խրախուսմամբ սկսվեց «Նոր Հայաստան` նոր հայրապետ» շարժումը, որի ընթացքում ե՛ւ Վեհարան ներխուժում եղավ, ե՛ւ կաթողիկոսին քաշքշել, ապա այդ շարժման պարագլուխները պաշտոններ ստացան:
Հաջորդ սրացման փուլն անցած տարի էր, երբ Վեհափառին թույլ չտվեցին մուտք գործել Սարդարապատի հուշահամալիր, որովհետեւ Փաշինյանն իր շքախմբով այնտեղ էր։ Սակայն Մայր Աթոռի վերաօծման ժամանակ իշխանությունները հրավերներ ստացան, մասնակցեցին արարողությանը, եւ թվաց՝ սառույցը հալվել է: Հիմա սրացման նոր փուլ է սկսվել:
Փաշինյանի հարձակումները եկեղեցու դեմ պետք է գնահատել մի քանի ասպեկտից։ Նա պատրաստվում է Բաքվի պահանջով սահմանադրական հանրաքվեի գնալ ու ժողովրդին պարտադրել նոր սահմանադրություն, որտեղ Ալիեւի պահանջով սրբագրումներ արված կլինեն, եւ, ամենայն հավանականությամբ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ որպես «ռեւանշիստական» կառույց, չի ունենա այն դերն ու կշիռը, որն ուներ նախորդ սահմանադրությամբ:
Թերեւս սա է գլխավոր պատճառը, որ Նիկոլ Փաշինյանը փորձում է արդեն այս գլխից հանրության ականջին կաթեցնել իր օրակարգը՝ եկեղեցուն մեղադրելով ամենասարսափելի արարքների, ընդհուպ մանկապղծության մեջ, մի բան, որ հայ հասարակությունը չի կարող ներել որեւէ մեկին։ Բայց մի բան, որը փաստարկված չէ, ապացույցներ չկան, քրեական գործեր չկան, մեղադրյալներ չկան, օդում հնչեցված անպատասխանատու մեղադրանք է` զրպարտչության շատ նման:
Գործող սահմանադրության 18-րդ հոդվածի առաջին կետը սահմանում է. «Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու, բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում»:
Ըստ փորձագետների՝ այս հիշատակումն է, որ հանգիստ չի տալիս Փաշինյան-Հակոբյան զույգին։ Մինչ հասարակական-քաղաքական շրջանակները նոր սահմանադրության ընդունման համատեքստում կենտրոնացել են Սահմանադրության նախաբանից Անկախության հռչակագրին արված հղումից ազատվելու Փաշինյանի օրակարգի վրա, «Հրապարակ»-ի աղբյուրը փոխանցում է, որ նոր սահմանադրության մեջ այլ վտանգներ էլ կան, եւ հենց այս կետն է մեջբերում: Պարզ է, որ կամակատար ՍԴ-ն եւ Սահմանադրության տեքստը գրող կամակատարների խումբը տեքստը գրելիս գլխավոր թիրախ են դարձնելու եկեղեցու, հայոց լեզվի, զինված ուժերին վերաբերող հոդվածները։
Փաշինյանի նպատակն է՝ քաղաքական-հանրային շրջանակներին ներքաշել մի բանավեճի մեջ, որտեղ առանցքային ելակետը լինելու է այն, որ Հայաստանի Հանրապետությունն աշխարհիկ պետություն է, ու եկեղեցին անջատ է քաղաքական իշխանությունից, եւ այստեղ էլ թակարդն է՝ «փողոցային բազարներում» անգերազանցելի Փաշինյանը փորձելու է հասարակությանը համոզել, որ եթե այդպես է, ապա ի՞նչ գործ ունի Հայաստանյայց առաքելական եկեղեցու մասին հոդվածը մայր օրենքում, որտեղ արդեն իսկ կրոնական ազատությունների ամրագրումն արված է։
Մյուս կողմից, կոռուպցիայի մեջ թաթախված ու հեղինակությունը կորցրած իշխանության համար նոր «կոռումպացված» թիրախ, նոր մեղավոր է հարկավոր, ու Նիկոլը գտել է այն։ Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանի խայտառակ գրառումը եղավ նույն օրը, երբ ֆրանսիական ինչ-որ անհայտ կայքի հոդված տարածվեց այն մասին, թե Նիկոլ Փաշինյանը Մարսելում 3,1 մլն եվրոյով շքեղ առանձնատուն է գնել։ Իրականությանը համապատասխանում է այս տեղեկությունը, թե կեղծ է՝ դժվար է ասել, բայց համընկնումը փաստ է։ Ու եթե անգամ կեղծ լինի այս լուրը, դա փաշինյանական իշխանությանը կոռուպցիոն սկանդալային պատմություններից չի փրկում։ Կարող ենք արձանագրել, որ իրենց դեմ իրենց զենքով են պայքարում` չապացուցված մեղադրանքներ հնչեցրու, ով կհավատա, ով` չէ, բայց նստվածքը կմնա:
Երրորդ ու ամենակարեւոր ասպեկտը, որի լույսի ներքո պետք է վերլուծել տեղի ունեցող արշավը, պետական բարձրաստիճան պաշտոնատար անձի բարեվարքությունն է։ Անկախ նրանից՝ եկեղեցին կոռումպացված է, թե ոչ, հոգեւորականներին կարելի է մեղադրել մանկապղծության մեջ, թե ոչ, ինչ-որ սրբազան իր քեռակնոջ հետ է, թե հորեղբոր հարսի՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը եւ պետական պաշտոնյաները, հատկապես՝ բարձրաստիճան, պարտավոր են բարեվարքության շրջանակներում մնալ։ Փաշինյանն իր փողոցային, կեղտոտ բառամթերքով, փաստացի, փորձում է քաղաքացուն ներքաշել իր եւ եկեղեցու կոնֆլիկտի մեջ, չարաշահելով իր դիրքն ու լսարանը: Իսկ եկեղեցի-քաղաքացի, եկեղեցի-պետություն հարաբերությունները հոգեւոր-մշակութային-քաղաքակրթական դաշտում են: Հավատքն էլ ամեն մեկի անձնական գործն է, եւ որքան էլ փորձեն քաղաքացու եւ եկեղեցու հարաբերություններում սեպ խրել, չի ստացվելու: Միայն իր վարկանիշն է ընկնելու, իր հանդեպ ՀՀ քաղաքացիների ցասումն է ահագնանալու։
Բաց մի թողեք
ՆԳՆ-ի ապօրինությունները շարունակվում են՝ տարված մեքենաները դեռևս դուրս չեն բերվել տուգանային հրապարակից
#Ուղիղ. Մայր Աթոռ՝ պատարագ․ Կաթողիկե սբ․ Էջմիածնի տոնն է ու հավաք՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու
Փաշինյանն այդ քայլով կենտրոնացված կառավարման համակարգը շուռ կտա և կանցնենք նորից Սովետի. Բոստանջյան