«Հրապարակի» զրուցակիցը նախկին դատավոր Պարգեւ Օհանյանն է:
– Իշխանությունը կրկին հարձակվել է Հայ առաքելական եկեղեցու վրա, մեղադրանքներ են հնչեցնում՝ եկեղեցականներին ուղղված: Եթե առաջ միայն «մաֆիոզ», «ԿԳԲ-ի գործակալ» ու «թալանչի» էին անվանում նրանց, հիմա մտել են եկեղեցականների անկողին, նրանց կուսակրոնության ուխտն են քննարկում: Գործադիր իշխանությունն իրավունք ունի՞ մտնելու եկեղեցու ներքին խոհանոց եւ, առհասարակ, նման հարցեր բարձրաձայնելու:
– Անշուշտ` ոչ, ոչ ոք, հատկապես իշխանությունը չունի այդ դաշտ մտնելու իրավունք: Կարող ենք այստեղ օգտագործել «տաբու» բառը, ուղղակի տաբու է իշխանության համար այս դաշտ մտնելը: Հիշում եմ առաջին նախագահի խոսքերը` մի առիթով, ասում էր, որ չի կարելի մտնել եկեղեցականների դաշտ, այն տաբու է: Ու, առհասարակ, ես գտնում եմ, որ դատելու իրավունք չունի ոչ ոք: Եկեք հիշենք «մի դատիր, որ չդատվես» պատվիրանը, դատելն ամենածանր մեղքերից մեկն է: Մի պատմություն պատմեմ․ մի վանական մահամերձ պառկած է լինում, խաղաղությամբ սպասում է մահվան ժամին, կողքից մեկը հարց է տալիս` ինչո՞ւ ես այսքան հանգիստ, երբեք չես ապրել ճիշտ, ժամերգություններից ուշացել ես, մեղքեր ես գործել։ Վանականը պատասխանում է, որ ինքն արել է ամենակարեւոր բանը, ինչի դիմաց Աստված խոստացել է իրեն չդատել, Աստված ասել է` դու մի դատիր, ես էլ քեզ չեմ դատի… վերջ: Շատ ցավալի է, որ կառավարության ղեկավարի կողմից, ըստ էության, այսպիսի անպարկեշտ խոսքեր են հնչում, ես այդ խոսքերն անգամ խուլիգանական կանվանեմ: Ինչո՞ւ, որովհետեւ վարչապետի հրապարակային խոսքը պարզապես խախտում է հասարակական կարգը, դա անհարգալից վերաբերմունք է ողջ հասարակության նկատմամբ: Այդ խոսքերը վիրավորում են հավատացյալների ամենանվիրական զգացմունքները, ինչը խիստ անթույլատրելի է ու ցավալի: Մարդիկ չպետք է մտածեն ուրիշներին դատելու մասին, այլ ամեն ոք պետք է ինքն իրեն դատի: Աստվածաշունչն ասում է` նախ քո աչքի գերանը տես, հետո նոր՝ դիմացինի աչքի շյուղը: Նիկոլ Փաշինյանի պահվածքը շատ ցավալի է ու խիստ անթույլատրելի: Ոչ ոքի գործը չէ, թե ով ինչ մեղք է գործում, բացառությամբ այն մեղքերի, որոնք առաջացնում են պատասխանատվություն պետության համար:
– Նիկոլ Փաշինյանն ինչո՞ւ է իշխանության գալու պահից թիրախավորել Հայ առաքելական եկեղեցին: Ուզում էին հարկել եկեղեցին, մոմ վաճառելու մասին էին շարունակ խոսում, եկեղեցականներին տարատեսակ պիտակներ էին տալիս: Ի՞նչ է արել եկեղեցին, որ իշխանությունների համար այսքան անընդունելի է:
– Մարդիկ չեն ճանաչում Աստծուն, երբ ճանաչեն, այդպես չեն վարվի: Հիսուսն ասում է, որ ինքն է ճշմարտությունը, եթե իշխանությունը ճանաչեր ճշմարտությունը, ամեն բան կլիներ այլ: Այս ամեն ինչի հիմքում սիրո բացակայությունն է: Մարդիկ դարձել են անսեր, իրենց ներսում չունեն սեր: Եթե սեր ունենան իրենց ներսում, չեն դատի: Պողոս առաքյալն ասում է․ եթե անգամ լեռները շարժելու չափ ուժգին հավատ ունես, բայց սեր չունես, ոչինչ անել չես կարող: Կառավարության ղեկավարի շուրթերից այսքան վիրավորանք, այսքան չարություն ու արհամարհանք տեսնելն ու լսելը խոսում են սիրո պակասի մասին: Չարությունը ոչ միայն ուղղված է եկեղեցուն, այլեւ` բոլորին: Փոխանակ մտահոգվես երկրի համար, ինչո՞վ ես զբաղվում, հիմա կասեն` մտահոգվում ենք։ Դե եթե մտահոգվում եք, գործ արեք: Բոլորը ճառ ասող են, բայց իշխանությունը պարտավոր է ճառ ասելու փոխարեն զանգ կախել: Գործ անող ղեկավարները չեն խոսում, գործ անող ղեկավարներն ուղղակի գործ են անում պետության համար՝ ամրացնելով պետության սյուները, ուժեղացնելով բանակը, հո միայն զենք գնելով չէ: Թշնամին զորավարժություններ է անում, ցինիկաբար ցուցադրում է իր նպատակները, իսկ ի՞նչ ենք անում մենք, փոխարենը մենք էլ ամրանանք, ի վերջո՝ պատերազմից արդեն հինգ տարի եւ ավելի է անցել, զբաղվում ենք դարավոր եկեղեցին քանդելով: Քեզ ի՞նչ, թե ով ում հետ ինչ է անում, ենթադրենք, թե ճիշտ ես ասում` քեզ ի՞նչ, դու դատավո՞ր ես, ինչպե՞ս ես քեզ թույլ տալիս այդքան ցածրանալ: Սա ի՞նչ բան է: Ո՞նց կարող է վարչապետն իրեն դատավորի տեղ դնել ու դատել նրանց, ովքեր ուղղակի ծառայում են Աստծուն, մեր փրկության համար: Բոլորն էլ մարդիկ են, այո, ոմանք նաեւ ընտանիքներ ունեն, ոմանք էլ գուցե` այո, ունեն անօրինական ընտանիքներ, քո ընտանիքն էլ է անօրինական, հետո՞: Ցավալի է, որ իշխանությունը, իր բանուգործը թողած, նման հարցերով է զբաղվում, շատ տխուր իրավիճակ է: Ես չեմ սիրում քննադատել Սահմանադրությունը, բայց հիմա պետք է ասեմ, որ, ցավոք, մեր Սահմանադրությունն անհաջող ստացվեց, մեր երկրի գլուխը, ըստ էության, երկրի նախագահն է, բայց նա ոչինչ է դարձել, ամեն տեղ որպես պետության գլուխ հանդես է գալիս վարչապետը, այն էլ՝ նման էժանագին բառապաշարով: Հայ առաքելական եկեղեցին տիեզերական կառույց է, ոչ ոք իրավունք չունի նման ձեւով խոսել եկեղեցու հետ: Եթե բան ունեն եկեղեցականների հետ խոսելու, թող հանդիպեն, դեմառդեմ քննադատեն իրար, ասեն-խոսեն, գուցե դրանից մի լավ բան դուրս գա, բայց այսպես վարվել պարզապես չի կարելի:
Բաց մի թողեք
ՆԳՆ-ի ապօրինությունները շարունակվում են՝ տարված մեքենաները դեռևս դուրս չեն բերվել տուգանային հրապարակից
#Ուղիղ. Մայր Աթոռ՝ պատարագ․ Կաթողիկե սբ․ Էջմիածնի տոնն է ու հավաք՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու
Փաշինյանն այդ քայլով կենտրոնացված կառավարման համակարգը շուռ կտա և կանցնենք նորից Սովետի. Բոստանջյան