17/06/2025

Հոգևորականներին անձնական բնույթի բնույթի տեղեկություններով սպառնալը քրեորեն պատժելի է

Նիկոլ Փաշինյանը, որ 2018-ին կարեւորում էր պետության եւ եկեղեցու անջատ լինելը, վերջին օրերին խառնվել է հոգեւորականների կյանքին, հասել ընդհուպ նրանց անկողին։

Հրապարակ թերթը գրել է․ Մեկը մյուսին հերթ չտալով` ինքն ու կինը վիրավորանքներ ու զգուշացումներ են ուղղում հոգեւորականներին, փողոցային բառապաշարով վարկաբեկում, սադրում։ Կառավարության վերջին նիստում եկեղեցիները «չուլանների» վերածելու մասին Փաշինյանի հայտարարությունից ժամեր անց ասպարեզ եկավ նաեւ կինը. «Երկրի գլխավոր մանկապիղծները «չուլան» բառից դիվահարվել են։ Դե, իհարկե, այդպես էլ պետք է լիներ. չէ՞ որ չուլանները սեւ սքեմ հագնող մոլագարների կյանքի մութ անկյուններն են: Հենց չուլաններում են տեղի ունենում այլասերվածություններ, որոնք արդեն հավատավոր ժողովրդի ցասմանն անգամ չեն արժանանում։ Հավատավոր ժողովուրդը, վաղուց արդեն համակերպված, իր ուսերի վրա քարշ է տալիս երկրի գլխավոր մոլագար այլասերվածներին»: Տիկնոջ «պասը» վերցրեց ամուսինը, եւ Նիկոլ Փաշինյանը, առանց անուն տալու, գրեց. «Սրբազան, գնա շարունակիր քեռուդ կնգան դոմփել, ինձ հետ ի՞նչ գործ ունես»։

Եվ արդեն մի քանի օր է՝ այր ու կին «պասերով» «ծամում» են հոգեւոր դասի «միսը» եւ հատկապես սեւեռվել են հոգեւորականների կուսակրոնության խնդրի վրա։ Եկեղեցին առայժմ լռում է, մի քանի անհատներ են միայն արձագանքել, որոնց թվում՝  Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն է հորդորել Հայաստանի ղեկավարին եւ նրա կնոջը՝  չմտնել մարդկանց, այդ թվում՝ նաեւ կուսակրոն հոգեւորականների անձնական կյանք։ «Կուսակրոնության մեջ էլ, որ ամենախոցելին է, այն էլ 21-րդ դարում… էդ պոռոտախոսներից որեւէ մեկը թող փորձի մեկ ամիս առանց կնոջ ապրել…»,- ասել էր նա եւ կրկին արժանացել վարչապետական ընտանիքի ուշադրությանը:

Քաղաքականապես ակտիվ հանրույթը  փորձում է հասկանալ՝ ինչո՞ւ է պետության ղեկավարը նման եռանդով ձեռնամուխ եղել եկեղեցականների կուսակրոնության մասին քննարկումներին: Մարդկանց մեծ մասը վրդովված է այս պահվածքից, թքում-մրում են, բայց Նիկոլ Փաշինյանն ու կինը ոչ միայն կանգ չեն առնում, այլեւ անցել են հասցեական մեղադրանքների: «Միքայել Աջապահյանի հայտարարությունից ակնհայտ է, որ «առանց կնոջ մեկ ամիս ապրելու անհնարինությունը» տարածված աշխարհըմբռնում, վարվելակերպ եւ վարվելակարգ է եպիսկոպոսաց դասի համար, ինչը չէր կարող տեղի ունենալ առանց Գարեգին Բ կաթողիկոսի իմացության եւ թույլտվության։ Հակառակ դեպքում Աջապահյանը եւ մյուսները վաղուց կարգալույծ արված կլինեին»,- գրել է Փաշինյանը:

Նա կարծում է, որ «Հայաստանի Հանրապետությունը», թերեւս` իրեն նկատի ունի, պետք է վճռորոշ ձայն ունենա Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության հարցում, իսկ թեկնածուները պետք է անցնեն բարեվարքության ստուգում։

Հայաստանում սահմանադրությամբ պետությունն ու եկեղեցին անջատ են, իշխանափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանն էր հիշեցնում բոլոր նրանց, ովքեր  կաթողիկոսի հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան՝ նոր հայրապետ» նախաձեռնությունը վերագրում էին իշխանություններին։ «Սա իմ պաշտոնական եւ ոչ պաշտոնական դիրքորոշումն է` եկեղեցին ու պետությունն անջատ են, եւ այդ անջատությունը պետք է պահպանել»,- վստահեցնում էր նա:

Բայց կյանքը ցույց տվեց, որ իշխանության եւ եկեղեցու ջրերը մի առվով չեն գնում, հոգեւոր դասի «կռիվը» 7 տարում տարբեր դրսեւորումներ ունեցավ․ վերջին երկու տարիներին, դիցուք՝  Հանրային հեռուստաընկերությամբ այլեւս չի հեռարձակվում Վեհափառի ամանորյա ուղերձը, նրան ոստիկանական բիրտ ուժով անցած տարի թույլ չտվեցին բարձրանալ Սարդարապատի հուշահամալիր, քանի որ Փաշինյանն ու ՔՊ-ական վերնախավը դեռ չէին հեռացել այնտեղից։

Հոգեւորականների դեմ սանձազերծված արշավն անընդունելի է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանի համար, նախ՝ այն պատճառով, որ Հայաստանում սահմանադրությամբ պետությունն ու եկեղեցին անջատ են, երկրորդ․ այդ գրառումներում նա մտահոգիչ ակնարկներ է տեսնում՝ մարդկանց անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններ հավաքագրելու առումով։

«Պետական կառավարման մարմինները՝ վարչապետի գլխավորությամբ, չպետք է միջամտեն եկեղեցու գործերին։ Բնականաբար, յուրաքանչյուրը կարող է կարծիք հայտնել, բայց այն, ինչ որ հիմա կատարվում է, անթույլատրելի է։ Եթե չի ասվում, թե խոսքն ում մասին է ՝ նկատի ունեմ «սրբազանի քեռու կնգա» գրառումը, բոլորը բոլորի վրա պետք է կասկածեն, այն տեղեկությունը, որ հրապարակվել է, եթե բամբասանքի մակարդակի տեղեկություն է, ուրեմն անլուրջ է, որ վարչապետի շուրթերով բամբասանք է տարածվում: Եթե բամբասանք չէ, ապա դա լուրջ է, կնշանակի, որ գաղտնալսում են տվյալ մարդուն: Որեւէ մեկի վերաբերյալ անձնական բնույթի տեղեկություն հավաքելը, մշակելը, այն օգտագործելը, դրանով սպառնալը քրեորեն հետապնդելի արարքներ են։ Պետք է հասկանանք՝ պետական կառավարման օղակներում օպերատիվ ծառայություն իրականացնող մարմիննե՞րն են նման տեղեկություն հավաքում եւ տալիս վարչապետին։ Որովհետեւ սա մարդկանց անձնական կյանքին վերաբերող երկրորդ դեպքն է, առաջինը շատ հայտնի Հովիկ Աղազարյանի պարագայում է տեղի ունեցել, իր դեպքում Աղազարյանի հեռախոսն է առգրավվել, եւ հեռախոսի պարունակությունը հայտնվել է վարչապետի սեղանին, մյուս դեպքում որեւէ սրբազանի հեռախոս չի առգրավվել, եւ այն տեղեկությունները, որ հրապարակվում են Փաշինյանի կողմից, իմ նշած երկու ուղղություններով էլ խորը մտահոգիչ են»։

Փորձագետների առաջ քաշած վարկածներից մեկով՝ Փաշինյանը թիրախավորել է եկեղեցուն, քանի որ բոլոր հարցումներով եկեղեցին է առաջատարը՝ հանրության մոտ 60-70 տոկոս վստահություն ունի: Ի՞նչ է տալու դա Փաշինյանին, Մարուքյանը չի կարող ասել, նա այլ վարկած ունի, թե ինչու է եկեղեցին թիրախավորվել Փաշինյանի կողմից․ «Մեկ շաբաթ առաջ Ադրբեջանի հոգեւոր առաջնորդը հայտարարել է, որ Հայ առաքելական սուրբ եկեղեցին իրենից վտանգ է ներկայացնում։ Մեկ շաբաթ անց ՀՀ իշխանությունները հարձակվում են եկեղեցու վրա․ առիթներ կարելի է գտնել, թե չուլան եք սարքել, ով ում հետ է սեռական հարաբերություններ ունենում․․․ Ակնհայտ է՝ Ադրբեջանից եղել է արձագանք, որ ձեզ մոտ դիմադրության օջախ կա, ոչնչացրեք, հիմա այդ օջախը ոչնչացվում է։ Ինչ-որ մեկը, որեւէ ինստիտուտ, որեւէ բան, որ Ադրբեջանի աչքի գրողն է, պետք է ոչնչացնել՝ կլինի բանակը, եկեղեցիները, մեր սահմանադրության պրեամբլուան, Արարատ լեռը, զինանշանը եւ այլն»: