Արդեն երկու շաբաթ է՝ Հայաստանից Ռուսաստան արտահանվող ալկոհոլային խմիչքները Վրաստանով մանրազնին ու երկարատեւ ստուգումների են ենթարկվում, դրանցից նմուշներ են վերցվում, հայկական կոնյակը տանում են լաբորատորիա՝ ստուգման, եւ այդ պատրվակով երկար օրեր պահում Թբիլիսիում:
Կոնյակով բարձված ֆուռերը գրեթե 1-2 ամիս սպասում են փորձաքննության ավարտին, օրական մեծ գումարների վնաս են կրում` պայմանավորված ֆուռի տարողությամբ, վարորդների պարապուրդով: Հեռու չէ այն օրը, երբ որոշ կոնյակ արտադրողներ կսնանկանան, իսկ էկոնոմիկայի նախարարությունից հաղորդում են, որ խնդիրը քննարկում են Վրաստանի իշխանությունների հետ:
«Հրապարակի» հարցին պատասխանելով՝ նախարարության խոսնակն ասաց. «Ինտենսիվ աշխատանքները վրաց գործընկերների հետ շարունակվում են, որոշակի դրական տեղաշարժեր ունենք՝ հայկական կոնյակն արտահանողների խնդիրը լուծելու համար»:
Այնուամենայնիվ, կոնյակագործներին պատուհասած աղետի վերջը չի երեւում: Ընկերությունների մի մասն արդեն դադարեցրել է աշխատանքը: «Գործարանը չի աշխատում: Արդեն քանի օր է՝ փակ ենք»,- պատասխանեցին մեզ Պռոշյանի կոնյակի գործարանից: Բանը հասել է այնտեղ, որ պետությունից հույսը կտրած կոնյակագործները ցույցեր են անում Հայաստանում Վրաստանի դեսպանատան դիմաց: Իսկ Վրաստանի իշխանություններն էլ, ի դեմս այդ երկրի ֆինանսների նախարարության, հայտարարում են, որ իրենք առաջնորդվում են ստանդարտ մաքսային ընթացակարգերով, ոչ մի արտասովոր ռեժիմ հայ կոնյակագործների հանդեպ չի կիրառվում, եւ մաքսային ձեւակերպումների ուշացումներ էլ չկան: Ասում են, որ իրենց տարածքով անցնող ցանկացած բեռ իրենք իրավունք ունեն ստուգելու` կարող է նարկոտիկ կամ զենք են տեղափոխում, կոնյակի մեջ էլ կարող է ցիանական կալիում լինել, կամ այն թունավորված լինել, իրենք իրավունք ունեն լաբորատոր հետազոտություններ իրականացնելու:
Վրաստանի իշխանությունների այս տարօրինակ քաղաքականության պատճառների մասին ամենատարբեր վարկածներն են պտտվում՝ սկսած նրանից, թե Վրաստանում ադրբեջանական լոբբին է գործում` ընդդեմ հայկական կոնյակի եւ հայկական տնտեսության, վերջացրած մեկ այլ վարկածով, ըստ որի՝ հայերը պայմանավորվածություն են խախտել` խոստացել են վրացական սպիրտ գնել` հայկական կոնյակի մեջ օգտագործելու համար, հետո հրաժարվել են: Լուրեր են շրջանառվում, որ նման առաջարկ է եղել վրացական կողմից․ մերոնց առաջարկել են` եթե ուզում եք կոնյակն անարգել գնա մեր տարածքով, եւ մեզ մոտ ստուգումներ չանենք, կոնյակի սպիրտը Վրաստանի արտադրողներից պետք է գնեք: Ասում են՝ մերոնք համաձայնել են: Վրացական կողմը ներդրումներ է արել, նույնիսկ կոնյակի սպիրտի նոր գործարան է կառուցել, բայց հայ կոնյակագործները հրաժարվել են տված խոստումից, որովհետեւ պարզվել է, որ վրացական կոնյակի սպիրտը շատ թանկ է, ձեռնտու չէ այն գնելը: Եվ հիմա «քցված» վրաց բիզնեսմենները` Վրաստանի իշխանությունների «դաբրոյով», որոշել են իրենց ծախսերն այս ճանապարհով հետ ստանալ:
Էկոնոմիկայի նախարարության խոսնակն ասում է. «Նման տեղեկություն չունեմ»: ՄԱՊ ընկերության տնօրեն Մակար Պետրոսյանից փորձեցինք ճշտել, թե որքանով են հիմնավոր այն խոսակցությունները, թե Վրաստանի արտադրողներն ուզում են, որ կոնյակի սպիրտն իրենցից գնեն մեր արտադրողները: «Եթե կոնյակի սպիրտն իրենցից գնենք, բա մեր հայկական խաղողն ո՞վ առնի: Ես այդ բիզնեսի մեջ եմ, այնքան տարբեր բաներ եմ ամեն օր լսում: Ինձ որ՝ նման բան չեն առաջարկել: Կարծում եմ՝ դա իրատեսական էլ չէ: Հնարավոր է, որ վրացիները համագործակցության առաջարկ անեն հայերին՝ ասելով, որ եթե սպիրտի պակասություն ունենաք, մեզնից գնեք: Սա տրամաբանական է: Բայց ես որքանով տեղյակ եմ, օրենքով էլ իրավունք չկա դրսից ներմուծված կոնյակը կուպաժավորել ու շշալցնել: Իրավունք կա կուպաժավորել, հայկական կոնյակի հետ խառնել 59/40-ի ու որպես սպիրտ՝ արտահանել: Բայց այդ մասով չկա իրավունք, եւ էկոնոմիկայի նախարարությունը շատ խիստ է նայում այդ հարցին: Վերջերս էլ նախարարությունը ՊԵԿ-ի հետ քննարկումներ է արել, որպեսզի ՊԵԿ-ը հատուկ ուշադրություն դարձնի մեր մթերող ձեռնարկություններին, թե արդյոք նրանք օգտագործո՞ւմ են դրսի սպիրտը` շշալցված կոնյակի կուպաժի համար»,- ասաց Մակար Պետրոսյանը:
Նա նշեց, թե իրեն հայտնի է, որ վրացական կողմի հետ բանակցություններում կա դրական տեղաշարժ: «Հարցը միայն պետական օղակները պետք է կարգավորեն, հետո միայն տեղափոխեն մեր դաշտ»: ՄԱՊ-ի կոնյակով այսօր Վրաստանում 2-3 ֆուռ է կանգնած` արդեն մոտ 5 օր է: «Սպասում ենք անալիզի: Վստահ եմ, որ դրական է գալու, ու հույս ունենք, որ կթողնեն, որ անցնեն»,- ասում է տնօրենը:
Ավտոկայանը, որտեղ այսօր կանգնած են հայկական ֆուռերը, գերբեռնված է: Այնտեղ կանգնելու համար ընկերություններն օրական 100 եւ ավելի դոլար են մուծում: «Ամեն դեպքում, էժան չի նստում»,- ասում է ՄԱՊ-ի տնօրենը:
Արտահանողները պատմում են, որ վրացական կողմը գումարներ է ուզում՝ մեքենաները բաց թողնելու համար: «Հիմա ամեն ֆուռից 200 եվրո են ուզում, մենք չենք տալիս, որովհետեւ եթե տվեցինք, մինչեւ կյանքի վերջ պետք է տանք, ու թիվն էլ կարող է աճել, ասենք՝ մինչեւ տարվա վերջ դառնա 1000 եվրո»,- ասում է արտահանողներից մեկը: Այնպես որ, հիմա կոնյակ արտահանողների եւ վրացական իշխանությունների միջեւ նյարդերի պատերազմ է ընթանում` ով ինչքան դիմանա: Էկոնոմիկայի նախարարն այն պաշտոնյան չէ, որ կարողանա ճգնաժամը լուծել: Նրան լավագույն դեպքում կընդունեն, կհյուրասիրեն, կենացներ կասեն ու կճանապարհեն, ուստի նրա` Վրաստան գործուղվելն անգամ անիմաստ են համարել: Սա պետությունների առաջին դեմքերի մակարդակով լուծվելիք հարց է, բայց մեր «առաջին դեմքին» տնտեսական հարցերը քիչ են հուզում: Իսկ առջեւում խաղողի մթերման սեզոնն է:
Բաց մի թողեք
ՆԳՆ-ի ապօրինությունները շարունակվում են՝ տարված մեքենաները դեռևս դուրս չեն բերվել տուգանային հրապարակից
#Ուղիղ. Մայր Աթոռ՝ պատարագ․ Կաթողիկե սբ․ Էջմիածնի տոնն է ու հավաք՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու
Փաշինյանն այդ քայլով կենտրոնացված կառավարման համակարգը շուռ կտա և կանցնենք նորից Սովետի. Բոստանջյան