17/06/2025

Բնակարանը վաճառել են 45 մլն դրամով

Մենք դեռ 2020 թ․ ապրիլի 21-ին գրել էինք, որ estate.am կայքում հայտնաբերել ենք Նիկոլ Փաշինյանի՝ «Հայրենիք» կինոթատրոնի մերձակայքում` Գարեգին Նժդեհի 29 հասցեում գտնվող բնակարանի վաճառքի մասին հայտարարությունը:

«Հրապարակ» գրում է․ Հետագայում Փաշինյանն իր ասուլիսներից մեկում ասել էր, որ չեն կարողանում «իրենց ուզած գնով» վաճառել այդ բնակարանը, իսկ այս տարի «Ընտանեկան փոդքաստներից» մեկի ժամանակ ասել էր, որ փոդքաստի համար անհրաժեշտ գումարը բնակարանի վաճառքից ստացված գումարից են ծախսում, որը կարողացել են վաճառել 2024 թվականին, եւ շեշտել էր, որ բնակարանն Աննայի սեփականությունն էր:

Աննա Հակոբյանն այս բնակարանը նշել է 2024 թվականի իր եկամուտների հայտարարագրում: Գնորդի անունը՝ Մարինա Ալբերտի Ռուդս, ոչինչ չի ասում լայն հանրությանը: Ավելին` նա ՀՀ ընտրողների ռեգիստրում չկա, ՀՀ քաղաքացի չէ: 3 սենյականոց բնակարանը վաճառվել է 45 մլն 500 հազար դրամով, որը բավականին լավ գին է այդ տարածքի համար:

Սա այն բնակարանն է, որտեղ վարչապետի որդին՝ Աշոտ Փաշինյանը, 2024 թ. մարտի 8-ին իր նկարների ցուցադրությունն էր կազմակերպել, եւ որի պատերի լուսանկարները պտտվում են սոցցանցերով` այն բանից հետո, երբ Փաշինյանը «չուլան» անվանեց եկեղեցիները: