Մի քանի օր է՝ հանրակրթական ուսումնական հաստատությունների մանկավարժները փորձում են emis.am հարթակում ամփոփել աշակերտների տարեվերջյան գնահատականները, բայց համակարգը չի գործում։
Ֆեյսբուքյան մի շարք խմբերում ուսուցիչներն իրենց դժգոհություններն են շարադրել համակարգի ու իրենց կրած տառապանքների մասին։ Պարզվում է՝ այս օրերին, համակարգը «խաբելու» համար, ուսուցիչներն էլ ինչ միջոցի ասես, որ չեն դիմում․ մեծ մասը չի քնում եւ կեսգիշերից հետո՝ ժամը 2-3-ին է փորձում համակարգ մուտք գործել, որպեսզի կիսամյակ փակեն․
«3-րդ օրն է՝ չենք կարողանում կիսամյակ ամփոփել իրենց մեղքով, հետո էլ բացատրություն պիտի տանք, 9, 11, 12 չի բացվում․․․», «4-րդ դասարանն էլ չի հաջողվում մուտք գործել, գիշերը դարձրել ենք ցերեկ, բայց՝ ապարդյուն․․․», «Չի ստացվում 9, 10, 11 դասարանները։ Չեմ հասկանում՝ լուսաբացից մինչեւ հիմա միացրած նայում եմ անվերջ այդ կարմիր պտույտին, սա ի՞նչ է․․․», «Ամսի 29-ից մինչեւ հիմա այս վիճակն է, անգամ՝ գիշերը», «Երեկվանից չի ստացվում եւ ոչ մի դասարանի, ավագ դպրոցի՝ ո՛չ համակարգչով, ո՛չ էլ հեռախոսով», «Դժվար է համակարգն աշխատում, չի ստացվում…», «Ինձ մոտ էլ 4-րդ դասարանի գնահատականները նույնիսկ չի բացում, որ պահպանեմ։ Փորձել եմ օրվա տարբեր ժամերի, դարձյալ չի ստացվում, գիշերվա 3-ը աշխատանքային ժամ է ուսուցչի համար․․․», «Բայց 9-րդ դասարանը փակող եղել է անցած գիշեր՝ ժամը 3.00-5․00», «Կեցցեն մեր համբերատար ուսուցիչները՝ գիշեր-ցերեկ, շաբաթ թե կիրակի՝ զբաղված են կիսամյակ, տարեկան փակելով»։ «Ես ձեւը գտել եմ, երբ երկար է պտտվում, հետ գնացեք, դասարանը կրկին ընտրեք` մի 3 հատ պահպանել, ստացվում է, նորից հետ գնացեք, նորից՝ նույնը։ Այդպես 2 ժամում 2 դասարան ավարտեցի։ Կախարդանքով ենք զբաղված․․․», «Լավ, այս անտարբերությունը որքա՞ն պիտի տեւի։ Երկու գիշեր է՝ աննպատակ արթուն անց եմ կացնում համակարգչի առաջ։ Ինչո՞ւ։ Ո՞վ է պատասխանատու սրա համար։ Ո՞ւմ կարող ենք դիմել։ Ե՞րբ է շտկվելու այս վիճակ, գիշեր-ցերեկ հերթապահում ենք…»։ Այսպիսի գրառումներ են արել մանկավարժները՝ համակարգի աշխատանքի հետ կապված։
Նրանցից ոմանք սա իրենց հանդեպ ծաղր են համարել․ «Հերիք է ծաղրեք ուսուցչին եւ օգտվեք նրա պարտաճանաչ լինելուց։ Կարգավորեք, վերջապես, ձեր հիմար ծրագիրը եւ բավական է սթրեսի մեջ պահեք ուսուցչին», «Հարգելիներս, մի մտահոգվեք, ուսուցիչը պարտավոր չէ գիշերով աշխատելու, եթե համակարգը թույլ է, դա ուսուցչի մեղքը չէ։ Այդ ինչպե՞ս է ստացվում, որ առեւտրային կայքերը Wildberries, Temu եւ այլն, 24/7 ռեժիմով անխափան աշխատում են, այն էլ՝ միլիոնավոր օգտատերերի դեպքում», «Տիրում է համատարած լռություն, համակերպվում ենք ամեն ինչին, մեկ դասարանի գնահատականների հաստատելը տեւում է 40-50 ր, 9-րդ դասարանինն ընդհանրապես չի ստացվում»։ Ոմանք էլ հումորի էին տվել այս իրավիճակը․ «Տերյանի ո՞ր բանաստեղծությունն է հիշեցնում emis-ի պահպանման կոճակը՝ պտտվիր, պտտվիր, կարուսել․․․»։
Երեկ արդեն ԿԳՄՍ նախարարությունը շրջաբերական գրություն ուղարկեց հանրակրթական ուսումնական հաստատություններին, համաձայն որի, ուսումնական տարվա ծանրաբեռնվածությամբ պայմանավորված, կիսամյակային եւ տարեկան գնահատականների ամփոփումն անհրաժեշտ է կատարել առաջիկա 10 աշխատանքային օրվա ընթացքում: «Գնահատականների ամփոփման առաջնահերթությունը պետք է տալ 4-րդ, 9-րդ, 12-րդ դասարաններին՝ ավարտական քննությունները պատշաճ կազմակերպելու նպատակով»,- նշված է հայտարարության մեջ, որի մեկնաբանությունների դաշտը, ի դեպ, փակել էր ԿԳՄՍ նախարարությունը՝ ակնհայտորեն պայմանավորված դժգոհությունների մեծ ալիքով։
Կրթության փորձագետ Վանո Կարապետյանն ասում է՝ այս խնդիրը նոր չէ, եւ ամեն տարի ամեն կիսամյակ ամփոփելիս բախվում են այդ խնդրին։ «Իրենք սկզբում ժամկետ էին դրել մինչեւ ամսի 3-ը, այսինքն՝ 3-4 աշխատանքային օր էին տվել, հետո տեսան, որ օբյեկտիվորեն համակարգը ծանրաբեռնված է, եւ ուսուցիչները չեն կարողանում կիսամյակները փակել, ամփոփումներ իրականացնել, ժամկետը հետաձգեցին, բայց ասել են՝ առաջնահերթությունը պետք է տալ 4-րդ, 9-րդ, 12-րդ դասարաններին, որպեսզի կարողանան հասցնել քննական գործընթացները սկսել»։
Կարապետյանն ասում է՝ ակնհայտ է, որ խնդիրը պայմանավորված է համակարգի ծանրաբեռնվածությամբ, քանի որ 1.300-ից ավելի դպրոց կա, շուրջ 30 հազար ուսուցիչ, եւ բոլորն էլ միաժամանակ այդ օրերին մտնում եւ ամփոփումներ են անում։ «Բայց խնդիրն այն է, որ մենք անընդհատ բախվում ենք այդ խնդրին, որն այդպես էլ չի լուծվում, տեխնիկապես իրենց մասնագետները չեն կարողանում դա լուծել, որպեսզի սահուն կերպով այդ գործընթացը տեղի ունենա։ Միայն ժամը 24.00-ից հետո, երբ այդքան էլ ծանրաբեռնված չի լինում կայքը, որոշ բաներ հնարավոր է անել կայքում, բայց դա էլ բախտի բան է»,- նկատում է զրուցակիցս ու ընդգծում, թե անձնապես կարող է փաստել, որ կիսամյակները փակելիս բոլոր դասարանների դեպքում էլ խնդիր կա․ «Տարրական դասարաններում բնութագրիչներն ակտիվ չեն, որ կարողանանք դրանցով գնահատել, բոլոր դասարաններում էլ խնդիրը նույնն է՝ ծանրաբեռնվածության պատճառով չեն կարողանում կիսամյակ փակել»։ emis հարթակում Վանո Կարապետյանն աշխատում է որպես էլեկտրոնային կառավարման եւ դասավանդման ապահովման մասնագետ։ «emis-ի գործառույթներն իմ պաշտոնական պարտականություններն են, դպրոցում այս գործառույթն ինձ վրա է, այդ կապը ես եմ պահպանում ԿՏԱԿ-ի հետ, ու երբ հարցում ես անում, թե որն է խնդիրը, ասում են՝ ծանրաբեռնված է, մի քիչ ուշ փորձեք կամ՝ նորից փորձեք օրվա ընթացքում, այդ թվում՝ գիշերը»,- ասում է զրուցակիցս ու նկատում, որ շատ խնդիրների լուծումը միայն ցանկության հարց է, որն այս դեպքում կարծես բացակայում է։
Կարապետյանն ընդգծում է, որ միայն այս խնդիրը չէ, emis հարթակում, մասնավորապես՝ էլեկտրոնային մատյանում, բազմաթիվ սխալներ կան՝ սկսած մարդկանց անուն-ազգանունների գրման կարգից, ձեւից։ «Այդ emis-ը տարբեր բաժիններ ունի, կա նաեւ էլեկտրոնային օրագիր, դպրոցների կառավարման տեղեկատվական համակարգ, էլեկտրոնային մատյան, դրանք՝ բոլորը, ԿՏԱԿ-ի ծրագրերն են։ Այդտեղ շատ խնդիրներ կան, օրինակ՝ նախարարի 79 Ն հրաման կա, համաձայն որի՝ հստակ տրված են հաստիքացուցակները, թե ով ինչ գործառույթ պետք է իրականացնի։ Արդեն մի 2 տարի անցել է, բայց այդ համակարգում չեն համապատասխանեցրել կառավարության որոշումը նախարարի հրամանի հետ։ Օրինակ՝ կա մանկավարժական հաստիք, բայց համակարգը բերում է ուսումնաօժանդակ հաստիք, այսինքն՝ կառավարությունը որոշել է, որ այդ հաստիքը մանկավարժական է, բայց համակարգը բերում է որպես ուսումնաօժանդակ հաստիք,- ասում է փորձագետն ու մատնանշում տեխնիկական այլ խնդիրներ եւս։- «Ուսումնական խմբակներ», «Նախագծային ուսուցում» բաժիններում երկակիության բաներ կան, ու այդ տեխնիկական խնդիրների համար ամեն մարզում կան պատասխանատուներ՝ emis-ի հետ կապված։ Զանգում ես իրենց, որ համակարգն ուղղեն, քեզ օգնություն ցուցաբերեն, բայց շատ դեպքերում իրենք էլ չեն կարողանում այդ տեխնիկական խնդիրները վերացնել»։
Փորձագետը մատնանշում է մեկ այլ կարեւոր խնդիր, այս անգամ՝ արցախահայերի հետ կապված, որն անցած տարի բաց մնաց եւ որեւէ լուծում չստացավ․ «Արցախից տեղափոխված աշակերտների մասով խնդիրներ առաջացան, որովհետեւ Արցախում emis հարթակը չի եղել, եւ գիտե՞ք՝ աշակերտներին մենք ինչպես էինք ընդունում դպրոց՝ վստահելով, որովհետեւ այդ մարդիկ ոչ մի փաստաթուղթ չունեին, միայն անձնագիր, սոցքարտ, բայց թե որ դասարանում են սովորել՝ ոչ մի ապացույց, եւ մենք վստահության հիմքով ենք իրենց ընդունել դպրոց, քանի որ ոչ մի տվյալ չենք ունեցել։ Ու եթե երեխան 9-րդ դասարան էր տեղափոխվել մեզ մոտ, 8-րդ դասարանի առարկաների մասով գնահատականները բացակայում էին նրա ատեստատի մեջ։ Այդ խնդրով մենք դիմեցինք թե՛ ԿՏԱԿ, թե՛ նախարարոuթյուն, բայց իրենք ոչ մի լուծում էլ չառաջարկեցին, մինչդեռ դա հետագայում իրենց համար խնդիրներ կարող էր առաջացնել»։
Բաց մի թողեք
«Ակադեմիական քաղաքը» չկա, սակայն աշխատողներն աշխատավարձ ու պարգևատրում են ստացել
Արդեն որերորդ անգամ է՝ ես ձեր պատճառով մեմերի կերպար եմ դառնում
Իրանցիների մեծ հոսք կա Հայաստան, Մեղրիում արդեն նրանց տեղավորելու խնդիր կա՝ հյուրանոցները լիքն են