Մեծական կռիվների համար երեխաներից ներողություն խնդրող Աննա Հակոբյանն այդ կռիվները ներկայացնում է որպես օբյեկտիվ իրականություն, որն իրենց ժառանգություն է անցել նախկիններից:
Հրապարակ թերթը գրել է․ Իրականում, ինչպես միշտ է լինում, կռիվները նախաձեռնվում են կոնկրետ սուբյեկտների կողմից, իսկ տվյալ դեպքում՝ հենց իրենց կողմից: Ուղղակի դա կատարվել է 2018-ի գարնանը, իսկ եթե գնանք ավելի հետ, ապա այն ժամանակ, երբ իրենց ընտանեկան թերթի էջերում բուլինգի էին ենթարկում Միքայել Մինասյանի ծծկեր երեխային եւ ընտանիքին: Խոսքն ադամանդներով զարդարված ոսկե ծծակի լուրի մասին է, ինչի մասին գրվել է բազմիցս եւ այդ թվում՝ տողերիս հեղինակի կողմից:
Սակայն այս կռիվը շարունակվելու է այնքան ժամանակ, որքան իշխանության գլխին կլինի իր քաղաքացիական ամուսինը եւ նույնիսկ՝ հենց ինքը, քանի որ ուժային ու իրավապահ պետական ապարատը, ըստ մամուլի հրապարակումների, ամուսնուն համարյա թե հավասարաչափ պատվի է արժանացնում եւ նույնկերպ սպասարկում, ինչպես իրեն:
Ու այդ երեւույթը մշտապես պահպանելու համար կիրառվում է իշխանության մնալու՝ վաղուց գտնված բանաձեւը. բաժանիր, որ տիրես: Ու այդ զույգին այլ բան չի մնում, քան անընդհատ պառակտել հայ հասարակությունը:
Սակայն որքան այդ վիճակը ձեռնտու է իրենց, նույն չափով ձեռնտու չէ հասարակության գրագետ հատվածին ու, ընդհանրապես՝ հայոց պետությանը: Մինչ հայհոյախառն խոսքերի համար Աննան ներողություն է խնդրում մանուկներից, Թուրքիայի նախագահն Իրանի իշխանություններից հրապարակավ պահանջում է չխոչընդոտել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի բացմանը:
Ընդ որում, այդ պահանջը ներկայացվում է ոչ թե պարտադրանքի, այլ մեր տարածաշրջանում խաղաղությանն ու զարգացմանը նպաստելու հարցում օգտակար լինելու կոչի տեսքով, ինչը նշանակում է, որ Իրանը չպետք է աչքաթող անի այդ կոչը, եթե, իհարկե, ցանկանում է աջակցել այդ գործընթացին:
Եվ եթե Իրանն իր կամքից անկախ ներառվի պատերազմում, ինչի վտանգն անընդհատ առկա է, ապա ոչինչ անել չի կարողանալու, որպեսզի խաղաղության հաստատումը տեղի ունենա առանց միջանցք բացելու: Իսկ քանի որ այդ համատեքստում Հայաստանի անունը չի տրվում, ապա դա նշանակում է, որ Էրդողանն ունի ՀՀ վարչապետի աթոռից կառչած անձի համաձայնությունը եւ կամ նույնիսկ բացարձակ չունի դրա կարիքը:
Բայց դա նշանակում է, որ իբրեւ թե Նիկոլի օրոք ավելի մեծ ինքնիշխանություն ձեռք բերած երկիրը կորցնելու է Սյունիքի մարզը եւ վերածվելու է երեք կողմից թուրք-ադրբեջանական թշնամական շրջապատում գոյությունը քարշ տվող միավորի, եթե, իհարկե, դա էլ մնա: Իսկ ժողովուրդը՝ սեփական գոյությունը քարշ տվող մանկուրտների՝ արժեքներն ու հիշողությունը կորցրած անկամ արարածների, եթե, իհարկե, մնա իր հայրենիքի վերջին կտորում:
Իսկ որպեսզի դա տեղի չունենա, անհրաժեշտ է վարչապետի պաշտոնն ամեն գնով ազատել այն զբաղեցնողից: Այսինքն՝ որպեսզի վաղը, մյուս օրը եւս Հայաստանի Հանրապետությունը պահպանի իր ինքնիշխանությունն ու, ընդհանրապես, որպես պետություն, իր գոյությունը, երբեմնի «դուխով» Նիկոլը չպետք է այլեւս լինի վարչապետ, ուր մնաց, թե շարունակի գործել «մեծարգո վարչապետ»:
Հաշվի առնելով, որ կարմիր գծերը հատելու մոլուցքով բռնված Նիկոլը հասել է ազգի ու պետականության հիմքերից մեկին՝ հայոց եկեղեցուն, հենց եկեղեցին էլ պետք է նախաձեռնի նրան պաշտոնից զրկելու գործընթացը: Հատկապես որ մնացած հենասյուները վերածվել են Նիկոլից կախում ունեցող ձեւական կառույցների: Համացանցում, ի դեպ, արդեն երեւացել է Նիկոլին բանադրանքի ենթարկելու կոչը:
Դա, բնականաբար, նշանակում է եկեղեցու կողմից պատերազմի հայտարարում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձին: Անկեղծ, սկզբում դեմ էի այդ գաղափարին, քանի որ չէի տեսնում շարունակությունը: Բայց քանի որ այն հայտնվեց, կողմ եմ այդ գործողությանը, որ պետք է կատարվի կաթողիկոսի կողմից: Իսկ դրանից հետո կաթողիկոսը պետք է հայտարարի քաղաքացիական անհնազանդություն սկսելու գործընթացի մասին, ինչն առաջին հերթին ենթադրելու է դասադուլներ եւ գործադուլներ, խաչմերուկների եւ փողոցների շրջափակումներ:
Բայց նաեւ մեկ այլ գործողություն, որ կիրառվել է իշխանափոխության օրերին Նիկոլի կողմից անընդհատ հիշատակվող Մահաթմա Գանդիի կողմից: Այն է՝ հարկեր վճարելուց զանգվածային հրաժարում: Եթե դա հաջողություն ունենա, ապա կպարալիզացվի ողջ երկիրը, ինչպես դա տեղի էր ունենում 2018-ի գարնանը:
Եվ, ինչպես 2018-ին, հասարակությանը կհաջողվի մեկ ամսվա ընթացքում վարչապետի պաշտոնն ազատել այն այսօր զբաղեցնողից:
Բաց մի թողեք
«Ակադեմիական քաղաքը» չկա, սակայն աշխատողներն աշխատավարձ ու պարգևատրում են ստացել
Արդեն որերորդ անգամ է՝ ես ձեր պատճառով մեմերի կերպար եմ դառնում
Իրանցիների մեծ հոսք կա Հայաստան, Մեղրիում արդեն նրանց տեղավորելու խնդիր կա՝ հյուրանոցները լիքն են