Վերջին օրերին ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնող անձը՝ Նիկոլ Փաշինյանը, եւ եկեղեցական պսակադրությամբ կամ քաղաքացիական ամուսնությամբ իր հետ չկապված կողակիցը՝ Աննա Հակոբյանը, իրենց թույլ են տվել մի շարք անպատկառ, ստահոդ եւ լպիրշ հայտարարություններ ու գրառումներ անել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Վեհափառ հայրապետի եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու սպասավորների հասցեին, որոնց ի տես ճիշտ կլինի, եթե Եկեղեցին քննարկի նշյալ անձանց նզովելու եւ Հայոց առաքելական եկեղեցու գրկից հեռացնելու հարցը՝ ի պատասխան նրանց վարքուբարքի, Առաքելական եկեղեցու եւ հայ ժողովրդի հանդեպ դրսեւորած թշնամանքի, Հայաստանին եւ հայությանը պատճառած անհամար կորուստների եւ Եկեղեցու հասցեին տարածած եղկելի բանսարկությունների։
Միեւնույն ժամանակ, նկատելով, որ Հայաստանի Հանրապետությունը սահմանադրորեն հռչակված է իրավական պետություն, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը լիովին իրավասու է իրավապահ մարմիններից, առաջնահերթ՝ ՀՀ դատախազությունից ու ՀՀ Հատուկ քննչական ծառայության իրավահաջորդ կառույցից պահանջել քրեական վարույթներ հարուցել ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձ Նիկոլ Փաշինյանի եւ նրա կողակից Աննա Հակոբյանի նկատմամբ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի առնվազն 204-րդ՝ «Անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը», 473-րդ՝ «Հանցագործության մասին չհայտնելը» եւ 476-րդ՝ «Սուտ մատնությունը» հոդվածներով։
ՀՀ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածը նախատեսում է․
«Մարդու անձնական կամ ընտանեկան գաղտնիք համարվող տեղեկությունն առանց նրա համաձայնության (…) հրապարակային ելույթներով, զանգվածային լրատվության միջոցներով կամ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով տարածելը պատժվում է (…) ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով: Սույն հոդվածի 1-ին կամ 2-րդ մասով նախատեսված արարքը, որը կատարվել է իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով (…), պատժվում է ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով»:
ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը 02.06.2025թ․-ին կատարել է գրառում․ «Եթե պարզվի, որ իրոք Գարեգին Բ-ն խախտել է կուսակրոնության ուխտը եւ զավակ ունի, նա չի կարող լինել Ամենայն հայոց կաթողիկոս, որովհետեւ խնդրո առարկա փաստի առկայության պահից նա չէր կարող լինել կուսակրոն քահանա։ ․․․Խնդիրը բարձրացնում եմ որպես Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, որովհետեւ տեսնում եմ հոգեւոր անվտանգության խնդիր, ասում եմ նաեւ որպես ՀՀ վարչապետ, որովհետեւ տեսնում եմ պետական անվտանգության խնդիր։․․․»։
Վերոբերյալ գրառմամբ Ամենայն հայոց կաթողիկոս, Ծայրագույն պատրիարք, Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Երկրորդ Վեհափառ Հայրապետի հանդեպ «իշխանական լիազորությունների եւ ազդեցության օգտագործմամբ», «հրապարակային ելույթով, զանգվածային լրատվության միջոցներով եւ հաղորդակցական տեխնոլոգիաների միջոցով» տարածվել է «անձնական կյանքի գաղտնիք համարվող տեղեկություն», որի տարածմանը ոչ միայն չի տրվել համաձայնություն, այլեւ որն ուղղված է 1700-ամյա Առաքելական Աթոռի գահակալին վատաբանելուն։ Եկեղեցին ավելի քան իրավասու է պահանջել, որ քրեորեն պատժելի այդ արարքի համար իշխանական լիազորություններով օժտված ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանի հանդեպ ՀՀ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի հիմքով հարուցվի քրեական վարույթ։
Ընդսմին, այստեղ էական է հանգամանքը, որ եթե Նիկոլ Փաշինյանն իրապես «մտահոգություններով» առաջնորդվելիս լիներ, Վեհափառ հայրապետի կյանքին առնչվող իր կասկածները ոչ թե սոցցանցերով կտարածեր, այլ իր «մտահոգությունների» մասին կհայտներ Հայոց առաքելական եկեղեցու պատկան մարմիններին, այն է՝ Գերագույն հոգեւոր խորհրդին կամ էլ ավելի բարձրաստիճան մարմնի՝ Եպիսկոպոսաց ժողովին՝ խնդրելով իրեն հայտնի տեղեկությունները դարձնել քննության առարկա։ Նիկոլ Փաշինյանը եւ իր ՔՊ-ական խառնակույտը պիտի գիտակցեն, որ եկեղեցու կյանքին եւ եկեղեցական ծառայությանը վերաբերող հարցերում աշխարհիկ անձինք չունեն որեւէ իշխանություն։ Առավել եւս՝ Փաշինյանի եւ իր կողակցի նման պիղծ, մեղքերի ու հանցանքների մեջ թաղված, համատարած նզովքի ու անեծքի առարկա դարձած արարածները։
Գրիգոր Լուսավորիչն էլ ուներ զավակներ
Սակայն Վեհափառի անձնական կյանքին խառնվելու առերեւույթ քրեական հանցանքի մեջ գլխավոր ինտրիգը նույնիսկ դա չէ, այլ՝ իրողությունն ու փաստը, որ ամուսնացած է եղել եւ զավակներ է ունեցել Հայոց առաքելական եկեղեցու առաջին կաթողիկոսն ինքը՝ Գրիգոր Լուսավորիչը, այնուհետ՝ Ներսես Մեծը, Սահակ Պարթեւը եւ այլ հայոց կաթողիկոսներ եւս՝ մինչեւ 5-6-րդ դարեր։ Այդպես է, քանի որ կուսակրոնության դրվածքը մեր եկեղեցում ի սկզբանե եղել է կամավորության սկզբունքով։ Ավելի ուշ՝ միջնադարում է կուսակրոնության դրվածքը խստացվել եպիսկոպոսաց դասի համար, դա էլ՝ ոչ այնքան աստվածաբանական շարժառիթներով, որքան կազմակերպչական-նյութական, որպեսզի եպիսկոպոսների ունեցվածքը չժառանգեն նրանց զավակները, եւ այն չփոշիանա։ Կուսակրոնության պահպանման, զավակներ չունենալու պարագայում մահվանից հետո Եկեղեցին էր դառնում եպիսկոպոսի ունեցվածքի ժառանգորդը, եւ այդպիսով Եկեղեցին պաշտպանվում էր կալվածական եւ գույքային կորուստներից։ Բայց կուսակրոնության խստացումը երբեք չի դարձել մի այնպիսի կանոն, որից չկա բացառություն։
Միշտ եւ այսօր էլ Եպիսկոպոսաց ժողովը եւ Ամենայն հայոց կաթողիկոսը կարող են արտոնել, որ ամուսնացյալ քահանայի կարգավիճակը փոխվի կուսակրոն վարդապետի, եւ նա անցնի վարդապետական ծառայության՝ ընտանիք, զավակներ ունենալու պարագայում։ Օրինակ, Վազգեն Վեհափառի օրոք մի վարդապետի պատմություն է շատ հայտնի, որը հրաժարվել էր վարդապետության կարգից, դարձել ամուսնացյալ քահանա, ընտանիք կազմել, երեխաներ ունեցել։ Տարիներ հետո ներքին տատանումները հանգեցրել էին նրան, որ նա որոշել էր վերադառնալ վարդապետական ծառայության, խնդրագրով դիմել էր Վազգեն Վեհափառին, Վեհափառը նրան վերականգնել էր կուսակրոն վարդապետի կարգավիճակում։ Այնուհետ այդ հոգեւորականը բարձրացել էր նվիրապետության աստիճանակարգով, եպիսկոպոս ձեռնադրվել եւ մեր Եկեղեցում հասել մինչեւ արքության աստիճանի՝ Եզնիկ արք․ Պետրոսյան, որն այժմ ծառայում է Հունաստանում։ Եվ կաթողիկոսական ընտրությունում Եզնիկ արքեպիսկոպոսը, զավակներ ունենալով հանդերձ, նույնպիսի իրավունք ունի կաթողիկոսի թեկնածու լինելու, ինչ բոլոր մնացյալ եպիսկոպոսները՝ առանց որեւէ վերապահման։
Կամ` 20-րդ դարասկզբից մի այլ վարդապետի պատմություն է հայտնի՝ Երվանդ Տեր-Մինասյան, որը Կոմիտասի ժամանակակիցն ու ընկերն է եղել։ Նա ինչ-որ հրապարակման պատճառով կարգալույծ է արվել, անցել է աշխարհիկ կյանքի, այնուհետ հայագիտության ասպարեզում է խորացել, հասել է միջազգային ճանաչման` որպես հեղինակավոր հայագետ։ Այդ ընթացքում նաեւ ամուսնացել է, երեխաներ է ունեցել։ Այնուհետ, երբ Գեւորգ արք․ Չորեքչյանը 1945-ին ընտրվել է Ամենայն հայոց կաթողիկոս, անձամբ ճանաչելով եւ գնահատելով Տեր-Մինասյանին, մի քանի անգամ գրավոր դիմել-հրավիրել է, որ վերջինս վերադառնա կրոնական ծառայության՝ եպիսկոպոսական աստիճանի շնորհումով, առաջարկելով նաեւ թեմակալ առաջնորդի պաշտոնավարություն։ Ընտանիքի, զավակների առկայությունն այդտեղ չի հարուցել որեւէ խոչընդոտ։
Այդպիսի դրվագներ միշտ են եղել, եւ դրանք ոչինչ չեն խախտում Հայաստանյայց առաքելական եկեղեցու դրվածքում եւ կանոններում, որովհետեւ Ամենայն հայոց կաթողիկոսը եւ Եպիսկոպոսաց ժողովն ունեն բացարձակ իշխանություն, կաշկանդված չեն որեւէ նախընթաց դրվածքով՝ եկեղեցական կյանքի ցանկացած հարց քննելու եւ դրա վերաբերյալ իրենց վերջնական որոշումը կայացնելու։ Աշխարհիկ անձանց որեւէ աղմուկ, առավել եւս՝ Նիկոլ Փաշինյանի նման տգետ ու մեղապարտ բանսարկուի բարձրացրածը, չի կարող ո՛չ Եպիսկոպոսաց ժողովի, ո՛չ Վեհափառ հայրապետի որեւէ որոշման վրա ազդել։ Այնպես որ, մնում է մտածել` ինչու է Փաշինյանը Վեհափառի անձնական կյանքի շուրջ աղմուկ բարձրացրել սոցցանցերում։ Փաշինյանի միակ նպատակն իր շարունակական տապալումներից հասարակության ուշադրությունը շեղելն է, տեղեկատվական դաշտում երեւալը եւ կարելվույն չափով, միջոցների մեջ խտրություն չդնելով, հերյուրանքներից չխորշելով` Ամենայն հայոց վեհափառին վատաբանելը, ինչի համար էլ Փաշինյանը պետք է ենթարկվի քրեական հետապնդման՝ առնվազն ՀՀ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի հիմքով։
Հաջորդիվ՝ Աննա Հակոբյանի դեմ քրեական վարույթի հարուցման հիմքերի մասին։
Բաց մի թողեք
Մանրամասներ Գյումրու կրակոցներից, ձերբակալվել է Մարտուն Գրիգորյանի հորեղբոր որդին
Շատ մեծ սեպ է խրվում հայաստանցիների եւ աշխարհի մնացյալ հայերի միջեւ․ Մխիթարյան․ Լուսանկար
Տաշիր պիցցայի մասնաճյուղերը փակող Տիգրան Պետրոսյանը հասավ իր երազանքին՝ նշանակվեց ՍԱՏՄ ղեկավար․ Լուսանկար