17/06/2025

Նոր կանոններ միգրանտների համար, ՌԴ-ն էլի խստացնում է

Ռուսաստանը հունիսի 30-ից ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիների համար գործարկում է գրանցման նոր ընթացակարգ: Այս ընթացակարգով են Ռուսաստան մուտք գործելու հետխորհրդային տարածքի բոլոր երկրների քաղաքացիները, բացառությամբ Բելառուսի քաղաքացիների:

Արդեն հուլիսի 1-ից օտարերկրացիների համար նոր մուտքի կանոններ են սահմանվելու: Սահմանը հատելուց առաջ նրանք պետք է էլեկտրոնային դիմում ներկայացնեն եւ հատուկ QR կոդ ստանան Gosuslugi RuID հավելվածում։ Սակայն համակարգը դեռ պատրաստ չէ․ այս մասին «Հրապարակի» հետ զրույցում հայտնեց միգրացիոն հարցերի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը:

Պատասխանելով հարցին, թե հնարավո՞ր է, որ նոր կանոնները խնդիրներ, բարդություններ առաջացնեն ՀՀ քաղաքացիների համար, նա պատասխանեց. «Հունիսի 30-ից նոր կարգն ուժի մեջ է մտնում, բայց դեռ համակարգը պատրաստ չէ, եւ սա արդեն խնդիր է միգրանտների համար: Բայց, կարծում եմ, երբ որ օրենքը սկսի գործել, հունի մեջ ընկնեն, մեր քաղաքացիները կսովորեն: Քովիդի ժամանակ էլ, Վրաստան գնալուց ինչ-որ թղթեր էինք լրացնում: Չեմ կարծում, որ սարսափելի բան է լինելու: Ամենադժվարն առաջին էտապն է լինելու, օրինակ, եթե հանկարծ համակարգը խափանում ունեցավ, ասենք, կոդը ձեզ տա, բայց սահմանապահը չտեսնի: Լինելու է բջջային հավելված, որտեղ լրացնելու են տվյալներն ու ստանալու են կոդ»:

Ենթադրվում է, որ մարդիկ, ովքեր արտաքսված՝ «դեպորտ» արված չեն, ովքեր հետախուզման մեջ չեն եւ այլն, հանգիստ անցնելու են սահմանը: Բայց հիմա էլ են բազմաթիվ այն դեպքերը, երբ մարդը չունի որեւէ խնդիր միգրացիոն ծառայությունների հետ, բայց հասնում է սահման, ու սահմանապահը նրան հետ է ուղարկում: «Ռուսաստանը սրանով  հստակ ասում է, որ նրանք, որոնց մուտքը կարող է անվտանգային խնդիրներ առաջացնել, չեն մտնելու իր տարածք: Դրա համար ես պետք է նախապես ուսումնասիրեմ, որ որոշեմ` թույլ տա՞մ մարդու մուտքը, թե՞ ոչ»,- ասում է Տաթեւիկ Բեժանյանը:

Բելառուսի քաղաքացիների համար ՌԴ իշխանությունները բացառություն են արել: Նոր կանոնները չեն տարածվում նաեւ  դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց, նրանց ընտանիքների անդամների, վեց տարեկանից փոքր երեխաների եւ վիզա, ժամանակավոր բնակության թույլտվություն կամ մշտական բնակության թույլտվություն ունեցող անձանց վրա, Ռուսաստանում հավատարմագրված միջազգային կազմակերպությունների եւ դրանց ներկայացուցչությունների աշխատակիցների, ինչպես նաեւ՝ նրանց ընտանիքի անդամների:

Նկատենք, որ ՌԴ միգրացիոն քաղաքականությունը վերջին տարիներին ավելի ու ավելի է խստացվում անվտանգության նկատառումներով։ Մեկ տարի առաջ՝ 2024 թ. հունիսին, ընդունվեց նոր օրենք, որով նախատեսվեց ստեղծել միգրանտների ռեգիստր, ահռելի թվով մարդիկ արտաքսվեցին ՌԴ-ից: Այս տարվա ապրիլի 1-ից էլ ուժի մեջ է մտել նոր կարգ, որով միգրանտների երեխաները պարտադիր պետք է ռուսերենի իմացության թեստ հանձնեն, եթե պատրաստվում են ՌԴ-ում դպրոց հաճախել: Այն երեխաներին, որոնք չեն կարողանում հանձնել թեստը, ՌԴ կրթական հաստատություններ չեն ընդունում: