Նիկոլ Փաշինյանն ու կինն արդեն քանի օր է՝ չեն հանգստանում, անդադար Հայ առաքելական եկեղեցու դեմ հայտարարություններ են անում, հայհոյում, թիրախավորում եկեղեցականներին, նրանց բարեվարքությունից խոսում։
Նախօրեին Գերագույն հոգեւոր խորհուրդը, անդրադառնալով «վարչապետի հրահրած հակաեկեղեցական ամոթալի արշավին», հայտարարություն տարածեց` դատապարտելով այս պահվածքը: Բայց այդ հայտարարությունն էլ չկանգնեցրեց Փաշինյանին․ երեկ նա կաթողիկոսի կուսակրոնության ուխտն էր քննարկման առարկա դարձրել:
«Հրապարակը» զրուցել է ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանի հետ:
– Վարչապետը եկեղեցու դեմ հայտարարություններ է անում, խոսում եկեղեցականների վարքուբարքի, սեռական կյանքի, ապօրինի զավակների մասին: Փոխարենը մտածի իր թիմակիցների խայտաբղետ սեռական կյանքի ու վարքի մասին, իր ընտանիքի անդամներին բարեվարքության կոչի, եկեղեցականների անձնական կյանքով է մտահոգված: Ըստ Ձեզ` ո՞րն է սրա նպատակը:
– Սրանք ոչ թե եկեղեցու, այլ Հայոց հանրապետության վրա են հարձակվել, հայ ժողովրդի վրա, այս հարձակումը հայոց հենասյան վրա է, բայց վստահաբար ասում եմ, հավատացնում եմ բոլորին` չեն մարսելու, Հայոց ինքնության վրա հարձակումը նրանց ոչ մի լավ բանի չի բերելու: Որոշել են եկեղեցու վրա հարձակվել, որովհետեւ այդ նույն եկեղեցին է ամեն բան իրենց փոխարեն անում, այդ նույն եկեղեցին է զբաղվում հուշարձանների պաշտպանությամբ, այդ նույն եկեղեցին է զբաղվում հայ ռազմագերիների հարցերով: Իշխանությունը, փոխարենն այդ հարցերով զբաղվելու, Հայաստանի ինքնության վրա է հարձակում գործել: Ամոթ մեզ, հազար ամոթ, որ հանդուրժում ենք այս ամենը: Եկեղեցին է, որ այսօր խոսում է արցախցիների՝ Արցախ վերադարձի մասին, եկեղեցին է, որ խոսում է արցախցիների իրավունքների, Արցախի մշակույթի պահպանման հարցի մասին, որն այսօր մեծ հարցականի տակ է: Մեզ այս ամենը, կարծես, չի հուզում: Մենք այսքան հին ժողովուրդ ենք, սակայն թվում է, թե այս հարցերը մեզ համար երկրորդական են: Ես շատ հուզված եմ, վրդովված եմ, բայց վստահ եղեք` ստահակները գալիս ու գնում են, իսկ Հայոց պետականությունը, Հայոց աշխարհը` Արմենիան, կա ու լինելու է:
– Այն բառապաշարը, որ կիրառում է Նիկոլ Փաշինյանը, հարի՞ր է երկրի առաջին դեմքին:
– Նրանք մեծացել են այդ բառապաշարի մեջ, ուրիշ ոչինչ չեն լսել, այդ բառապաշարն իրենց առօրյայի մի մասն է, դրա համար էլ պարբերաբար նման բառեր են օգտագործում, իրենք՝ բոլորն անխտիր, մեծացել են նման միջավայրերում եւ այլ բառեր կիրառել չեն կարող, դա իրենց տեսակն է: Առաջ, երբ մի ծառ էին ուզում կտրել, աշխարհը վեր էր կենում ու հասնում Հայաստան, ինչ է, թե մի ծառ են կտրում, բայց այսօր մի ամբողջ 120 հազար մարդ տեղահանվեց, ո՞վ է խոսում այդ մասին: Հատուկ ուղղորդված է այս ամենը, սակայն պետք չէ հուսահատվել, մեր գենն ամուր է, ամեն ինչ լավ է լինելու: Կիրակոս Գանձակեցին սեւով սպիտակի վրա գրում էր, որ մոնղոլները մեր մայրերին, մեր քույրերին ու հարսներին բռնաբարում են ու դաժանություններ անում, բայց հետո ի՞նչ եղավ, նրանք եկան ու գնացին, իսկ հայերը մնացին։ Սրանք էլ են նույն ձեւով գնալու, ես կասկած չունեմ` մոտ է այն օրը, երբ սրանք էլ կհեռանան մեր կյանքից ընդմիշտ: Այդ օրը լինելու է Հայոց տոնակատարության օրը:
– Ինչպե՞ս կհեռանան` ընտրությունների՞ միջոցով, թե՞ փողոցային պայքարի կամ գուցե իմպիչմենտի արդյունքում:
– Ոչ մի ընտրություն, բանը դրան չի հասնելու, իրենք էլ լավ գիտեն, որ ընտրության չեն հասնելու: Հաջողություն լինելու է անհնազանդության պայքարի արդյունքում: Մի քիչ համբերել է պետք, թող ոչ մեկը չհիասթափվի ընդդիմությունից, թող ամեն մարդ ինքն իր վրա վերցնի իր բաժին պայքարը, սա բոլորիս գործն է, հաջողություն լինում է միայն մեկ դեպքում, երբ լինում է համահայկական պայքար, դա մեկի, երկուսի, երեքի գործը չէ, դա բոլորիս գործն է:
– Մայր Աթոռը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ պետք է միաբանվենք, համախմբվենք: Ո՞ւմ հետ, ինչպե՞ս եք դա պատկերացնում:
– Ես կարդացի այդ հայտարարությունը, վատ հայտարարություն չէ, եկեք չմոռանանք, որ մենք առաքելական եկեղեցու մասին ենք խոսում, մեր եկեղեցին արժանի չէ քննադատության, այդ հայտարարությունը հայրաբար վերաբերմունքի արդյունք է, բայց արդեն բոլորիս համբերության բաժակն է լցվել….
– Բայց եթե իշխանությունը եկեղեցականներին անարգում է, հայհոյում ու վիրավորում է, արժե՞ նրանց վերաբերվել հայրաբար:
– Լավ հարց է, բայց այդ հարցի պատասխանը ես չունեմ, դրան պետք է Վեհափառը պատասխանի, ինչ վերաբերում է եկեղեցականներին հայհոյելուն, ապա հենց այս իշխանության բարոյականությունն է հարցականի տակ, այլ ոչ թե եկեղեցականների, Փաշինյանի գիրքը կարդացեք եւ կհասկանաք, թե խոսքն ինչի մասին է: Այդ գրքում հստակ նկարագրված է նրա բարոյական կերպարը, խոսքը մի իսկական այլանդակության մասին է, այլանդակություն` ոտքից գլուխ, ամեն մի տողն այլասերվածություն է այդ գրքի:
– Նիկոլ Փաշինյանն ու որոշ իշխանականներ այցելել էին Երեւանի պետական համալսարան, որոշ դեկաններ, դասախոսներ ընդունել էին նրանց, հարցեր տվել, քծնել նաեւ: Եթե Դուք դեկան լինեիք, նման ղեկավարին մայր բուհում նման ջերմ ընդունելության կարժանացնեի՞ք:
– Ձեր հարցին այսպես կպատասխանեմ` ես ահավոր զզվում եմ ստից, կեղծիքից ու գողությունից…
Բաց մի թողեք
ՆԳՆ-ի ապօրինությունները շարունակվում են՝ տարված մեքենաները դեռևս դուրս չեն բերվել տուգանային հրապարակից
#Ուղիղ. Մայր Աթոռ՝ պատարագ․ Կաթողիկե սբ․ Էջմիածնի տոնն է ու հավաք՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու
Փաշինյանն այդ քայլով կենտրոնացված կառավարման համակարգը շուռ կտա և կանցնենք նորից Սովետի. Բոստանջյան