Նիկոլ Փաշինյանը երկուշաբթի օրն այցելել էր Երեւանի պետական համալսարան՝ ուսանողներին եւ մայր բուհի պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացնելու «Իրական Հայաստանի» իր արհեստածին գաղափարախոսությունը:
Շրջայցի ընթացքում նա ծանոթացել է լաբորատորիաների աշխատանքներին, հագեցվածությանը, եղել է ԵՊՀ ֆիզիկայի ինստիտուտի օպտիկայի եւ ֆոտոնիկայի կենտրոնում, որի վերազինման աշխատանքներն իրականացվել են Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի, Նորարարությունների մրցակցային հիմնադրամի եւ ԵՊՀ ֆինանսավորման շրջանակներում։ Նրան են ներկայացվել պրոֆեսոր Լեւոն Մուրադյանի անվան գերարագ օպտիկայի եւ ֆոտոնիկայի լաբորատորիան, ֆոտոնիկայի եւ արհեստական բանականության լաբորատորիան, օպտիկական միկրոհամակարգերի լաբորատորիան, առաջադեմ ֆունկցիոնալ նյութերի լաբորատորիան, օպտոէլեկտրոնիկայի եւ ֆոտոնիկայի լաբորատորիան, ԵՊՀ ֆիզիկայի գիտահետազոտական ինստիտուտի կիսահաղորդչային սարքերի եւ նանոտեխնոլոգիաների կենտրոնը: Այցելել է նաեւ ԵՊՀ նորաստեղծ հուշ-պուրակ, որը նվիրված է 44-օրվա պատերազմում զոհված հերոսներին, ծաղիկներ է խոնարհել եւ հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: Հետո շրջայց է կատարել ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի լաբորատորիաներում:
Երեւանի պետական համալսարանում Նիկոլ Փաշինյանը նաեւ հանդիպում է ունեցել դասախոսների եւ ուսանողների հետ: Հանդիպմանը ներկա են եղել տարբեր ֆակուլտետների դեկաններ, դասախոսներ եւ ուսանողներ: Հանդիպմանը մասնակցել են նաեւ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Տիգրան Եփրեմյանը, որը պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մտերիմ ընկերն է, նույն ֆակուլտետի դեկանի տեղակալը:
Եվ չնայած այն բանին, որ Նիկոլ Փաշինյանն արդեն քանի օր է՝ հայհոյում է եկեղեցականներին, վատաբանում Հայ առաքելական եկեղեցին, հանդիպմանը ներկա է եղել նաեւ Աստվածաբանության ֆակուլտետի փոխդեկանը, ինչպես նաեւ՝ Կենսաբանության ֆակուլտետի դեկան Կարեն Ղազարյանը: Մեզ պատմեցին, որ թեպետ մայր բուհի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանող Ջոն Շամրիկյանը վարչապետին իր սուր հարցերով նեղն է գցել, անգամ մի պահ Փաշինյանը հունից դուրս է եկել, սկսել է բղավել, սակայն, ընդհանուր առմամբ, հանդիպումն անցել է քծնանքի մթնոլորտում: Նույնիսկ մի քանիսը տեղից փորձել են պաշտպանել Փաշինյանին, երբ ուսանողը սուր եւ արդարացի հարցեր է հնչեցրել: Անգամ ուսանողներից մի քանիսն են քծնական ելույթներ ունեցել: Մեր աղբյուրի վկայությամբ` բուհի ամենաիշխանական ֆակուլտետը Ժուռնալիստիկայի ֆակուլտետն է, հավանաբար՝ ապագա ժուռնալիստներն են նման խոսք ասել` Նաղաշ Մարտիրոսյանի կադրերը:
Կենսաբանության ֆակուլտետի դեկան Կարեն Ղազարյանից «Հրապարակը» հետաքրքրվեց` ինչպե՞ս է անցել հանդիպումը, ի՞նչ հարցեր են բարձրացրել իրենց ֆակուլտետի ուսանողները, նրանց կողմից եղե՞լ են քաղաքական բնույթի հարցեր, թե՞ ոչ, եւ, առհասարակ՝ ինչպե՞ս է ինքը՝ որպես դեկան, վերաբերվում այն հանգամանքին, որ հրապարակավ հայհոյող անձը մտնում է մայր բուհ եւ դասախոսություններ կարդում ուսանողների համար: Դեկան Ղազարյանը, անդրադառնալով վերոնշյալ հարցերին, նկատեց. «Նորմալ տպավորություն կազմեցի, այն իրականում ճանաչողական այց էր, քանի որ պետությունը հսկայական գումարներ է ներդրել մեր ֆակուլտետի լաբորատորիաների վերանորոգման համար, այդ ամենի շրջանակում այցելեց վարչապետը, որպեսզի տեսնի, թե ինչ աշխատանքներ են արվել: Ֆակուլտետից մոտ տասը ուսանող է մասնակցել հանդիպմանը, նրանցից մեկը հարց տվեց՝ կապված ուսանողական խնդիրներից մեկի` հանրակացարանների, ուսանողներին ուղղված տրանսպորտային զեղչերի մասին եւ այլն: Տվյալ ուսանողը մարզից է գալիս-գնում, փորձում էր ճշտել` տրանսպորտի հետ կապված հեռանկարներ կա՞ն, թե՞ ոչ: Քաղաքական հարցեր իմ ուսանողների կողմից չեն հնչել»: Նա նաեւ հավելեց, որ վարչապետի հետ հանդիպմանը մասնակցելու նախապատվությունը տրվել է բարձր առաջադիմություն ունեցող ուսանողներին: Այսինքն` բարձրագույն կրթություն չունեցող Փաշինյանը ցանկացել է հանդիպել գերազանց սովորող ուսանողների հետ։ «Առաջարկվել է ուսանողներին՝ մասնակցել հանդիպմանը, խոսքը լավագույն ուսանողների մասին է»:
Ցածր առաջադիմությամբ ուսանողներին արգելվե՞լ է հանդիպել Փաշինյանի հետ։ «Չէ, նման հարց չի եղել, ուղղակի ցանկալի էր, որ լավ սովորող, ակտիվ ուսանողները ներկա լինեին հանդիպմանը: Ինչ վերաբերում է իմ վերաբերմունքին, ապա կառավարությունը լաբորատորիաներ է վերանորոգել ու վերազինել, եւ շատ նորմալ է, որ եկան՝ աշխատանքի արդյունքները տեսնելու»,- ասաց դեկանը:
Բաց մի թողեք
ՆԳՆ-ի ապօրինությունները շարունակվում են՝ տարված մեքենաները դեռևս դուրս չեն բերվել տուգանային հրապարակից
#Ուղիղ. Մայր Աթոռ՝ պատարագ․ Կաթողիկե սբ․ Էջմիածնի տոնն է ու հավաք՝ ի պաշտպանություն Հայ առաքելական եկեղեցու
Փաշինյանն այդ քայլով կենտրոնացված կառավարման համակարգը շուռ կտա և կանցնենք նորից Սովետի. Բոստանջյան