09/06/2025

Փաշինյանական 7 տարում բնակչության իրական եկամուտներն ավելացել են 7%-ով, տարեկան՝ 1%-ով. Բագրատյան

Գները և միջին կենսաթոշակն ու աշխատավարձը ՀՀ-ում 2018-2024թթ

Խորհրդարանական ընդդիմության բացակայությամբ ու լրագրողների համար փակ նիստին ԱԺ-ում բյուջեի կատարողականի քննարկմանը Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե 2018-ի հեղափոխությունից հետո Հայաստանում մարդիկ 50 տոկոսով, այսինքն, «իրենց ապրած կեսի չափով լավ են ապրում»։ Ըստ նրա, 2018-ի համեմատ 2025-ին ստեղծվել է 242 հազար119 աշխատատեղ։  «Բարձր աշխատավարձ 80-90 տոկոսով ստանում են նրանք, ովքեր ստացել են մրցունակ կրթություն: Աշակերտներին պետք է ասել՝ լավ սովորեք, որ լավ ապրեք»,- հայտարարել է Փաշինյանը ու չգիտես ինչու, խոսել է հեծանիվ քշելու մասին։

Ըստ նրա, 2025 թվականի ապրիլի դրությամբ բոլոր աշխատողների աշխատավարձային ֆոնդը համախառն կազմել է 238 միլիարդ 975 միլիոն դրամ, որը 2018-ի ապրիլին 94 միլիարդ 206 միլիոն դրամ է եղել։ Թե որքան լավ կամ վատ են ապրում Փաշինյանի վարչապետության օրոք Հայաստանի քաղաքացիները, նույնիսկ առանց վիճակագրության դիմելու, կարելի է  դատել գնաճից, տրանսպորտի թանկացումից, հարկերի ու տուրքերի ավելացումից  դժգոհ  քաղաքացիների տարբեր խմբերի բողոքներին հետևելով։ Բայց խնդրեցինք ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագիտության պրոֆեսոր Հրանտ Բագրատյանին` թվերով անդրադառնալ Փաշինյանի հայտարարությանը։ Ընդամենը կես ժամում Հրանտ Բագրատյանը վերլուծց վերջին 7 տարիների վիճակագրական տվյալները և թվերով ցույց տվեց` Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հերթական սուտը։

Պարոն Բագրատյանի վերլուծությունը ներկայացնում ենք ստորև․ «Եվ, այսպես, Ձեր տված տեղեկատվության հիման վրա՝ Փաշինյանն ասել է, որ 2025թ ապրիլի դրությամբ ՀՀ քաղաքացիները 50%-ով ավելի լավ են ապրում։ Նախ ամսական կտրվածքով լավ կամ վատ ապրելու որևէ վիճակագրություն չկա։ Վերլուծությունը կատարել ենք պաշտոնական թվերի հիման վրա, որոնք ներառում են ԱՎԾ պետ Ստեփան Մնացականյանի ստերը։ Երկրորդ, պաշտոնական տեղեկատվությունն ամփոփված է վերը բերած աղյուսակում։ Ինչպես տեսնում ենք, թոշակառուները (470 հազ շահառու) 2024թ վատ են ապրել 2.5%-ով (միջին կենսաթոշակն աճել է 22.5%-ով, իսկ գները 25.1%-ով)։ Գյուղացիները (առնվազն՝ 380 հազ մարդ) վատ են ապրել 27.1%-ով (վերցրել ենք գյուղատնտեսության արտադրանքի ինդեքսը)։ Միջին ամսական իրական աշխատավարձը (պետական և ոչ պետական հատվածների շուրջ 770  հազ. աշխատողների համար) ավելացել է 38.3%-ով։ Նկատի ունենալով գյուղացիների և կենսաթոշակառուների եկամուտների անկումը, նրանց տեսակարար կշիռը շահառուների ընդհանուր թվի մեջ, պետք է նկատել, որ փաշինյանական 7 տարիներին բնակչության իրական եկամուտներն ավելացել են 7%-ով կամ տարեկան…. 1%։

Ինչ վերաբերում է 242 հազար 119 աշխատատեղերի թվի ավելացմանը, ապա պետք է նշել, որ իրականում նման թիվ չկա և չի կարող լինել։ Իսկ ինչքա՞ն է փակվել։ Այսպես, 2017թ երրորդ եռամսյակում ունեցել ենք 1032.8 հազ. զբաղված, իսկ 2024թ. երրորդ եռամսյակում՝ 1211.4 հազ. զբաղված։ Տարբերությունը կազմում է 178.6 հազ մարդ։ 242 հազ թիվը ո՞րտեղից է վերցրել Փաշինյանը։ Հայտնի է նաև, որ գործազրկության մակարդակը (գործազուրկներ բաժանած զբաղվածների) 7 տարում 19.6%-ից իջել 15.4%-ի։ Այո, պակասել է։ Տարեկան մոտ 0.6%-ով։ Է, առաջ ավելի արագ էր պակասում»։