17/06/2025

Ընդդիմությունն ուզում է Արարատում իշխանությունը վերցնել

Արարատի մարզում քաղաքական ճգնաժամ է հասունանում։ Արման Բաբաջանյանի «Հանուն հանրապետության» կուսակցության՝ ավագանու խմբակցության ղեկավարի կալանավորումից հետո իշխանությունն այս համայնքում կորցրել է մեծամասնությունը, իսկ ընդդիմադիր ուժերը բոյկոտում են ավագանու նիստերը՝  նպատակ ունենալով հասնել նրան, որ ավագանին լուծարվի, եւ գնան արտահերթ ընտրությունների։

Արդեն երեք ամիս է՝ իշխանությանը չի հաջողվում ավագանու նիստեր անցկացնել եւ որոշումներ կայացնել։ Հիշեցնենք, որ ՏԻՄ ընտրություններից հետո ՔՊ-ն Արարատում կարողացավ իշխանություն ձեւավորել Արման Բաբաջանյանի հետ կոալիցիա կազմելով, սակայն ուժերի հարաբերակցությունը նվազագույն էր` ընդամենը մեկ մանդատ:

Ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Վահե Հարությունյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց, որ, զարմանալիորեն, հունիսի 2-ի արտահերթ նիստին «Հզոր համայնք» ընդդիմադիր խմբակցությունը մասնակցել է ու թեեւ նիստի օրակարգի հաստատմանը դեմ է քվեարկել՝ տապալելով նիստի անցկացումը, բայց քվորում ապահովել է, եւ իրենց պլանները, ըստ էության, տապալվել են։ Ըստ օրենքի, եթե 3 ամիս ավագանու նիստերը չեն կայանում, ապա ավագանին լուծարվում է, եւ նոր՝ արտահերթ ընտրություններ են նշանակվում:

Ըստ Վահե Հարությունյանի, «Հզոր համայնքը» քվորում ապահովել է, որպեսզի իշխանությունն ազատ արձակի ԱԺ նախկին պատգամավոր Արայիկ Գրիգորյանի (Ավշարի Արայիկ) եղբորը՝ Սուրիկ Գրիգորյանին, որին օրեր առաջ ինչ-որ անհեթեթ մեղադրանքով կալանավորել էին։ «Սուրիկ Գրիգորյանն Ավշարի երկարամյա գյուղապետն էր, իսկ կալանավորումը եւ ազատ արձակումը, մեր տեղեկություններով, ուղիղ կապ են ունեցել քվորումն ապահովելու հետ»,- ասաց նա։ Այսինքն՝ իշխանությունը կարող է ցանկացած համայնքում ընդդիմադիր անձի կալանավորել, հետո առեւտրի մեջ մտնել ընդդիմադիր ուժերի հետ եւ անձին ազատելու դիմաց պահանջել, որ զիջումների գնան:

Իսկ ուժերի հավասարակշռու­թյունը համայնքում խախտ­վել էր դեռեւս 2024թ․ դեկտեմբերին, երբ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող կոռուպցիոն բնույթի քրեական վարույթի շրջանակներում կալանավորվել էին Արարատի ՔՊ-ական համայնքապետ Ասլան Ավետիսյանի տեղակալը` Արսեն Հակոբյանը, եւ քաղաքաշինության, հողաշինության, տրանսպորտի եւ կոմունալ ծառայության բաժնի պետ Հրաչ Դավթյանը։

Արդյո՞ք ընդդիմությունն ունի քաղաքապետի միասնական թեկնածու, եթե ուզում է այնպես անել, որ արտահերթ ընտրություններ կայանան: Վահե Հարությունյանի խոսքով՝  մինչեւ հունիսի 2-ի ավագանու նիստը կարող էր քննարկելի լինել ավագանու ամենամեծ ընդդիմադիր խմբակցության կողմից առաջադրված թեկնածուն, սակայն ավագանու նիստին քվորում ապահովելուց հետո իրավիճակ է փոխվել, եւ այլեւս չեն կարող ավագանու լուծարման եւ նոր ընտրությունների հույս ունենալ։

«Այդ իրադարձություններից հետո բոլորի համար պարզ դարձավ, որ թեկնածու պետք է առաջադրի միակ ընդդիմադիր խմբակցությունը, այսինքն՝ մենք։ Հանդիպման ժամանակ, քննարկված հարցերից տեղյակ մարդկանց փոխանցմամբ, հիմնականում ոգեւորել են ներկաներին` ասելով, որ ուզում են՝ թող 5 նիստ էլ բոյկոտեն, միեւնույն է` մենք ենք հանող-դնողը ու չենք հանելու։ Արձանագրենք, որ այս մարդիկ, մեղմ ասած, թքած ունեն ՏԻՄ օրենքների վրա։ Ժողովրդի թիկունքում գաղտնի պայմանավորվածությունների բազմաթիվ դեպքեր ունենք։

Նման պայմանավորվածությունների արդյունքում 2021-ի ընտրություններից հետո Ավշարի վարչական ղեկավար նշանակեցին «Կայունություն» կուսակցության ավագանու ցուցակի 7-րդ համարին, որը նաեւ կուսակցության ղեկավարի` նախկին ՀՀԿ-ական Ֆիրդուս Զաքարյանի եղբորորդին է, ինչպես նաեւ տվեցին ավազի հանքերի թույլտվություն Արաքսի ափին։ Մասնակցային լինելու համար խմբակցություններին հատկացվում է գործավարի հաստիք, որից այս 3,5 տարիների ընթացքում զրկված ենք եղել մենք եւ «Հզոր համայնքը», սակայն 3 նիստ առաջ մեզ համար անակնկալ ձեւով օրակարգում ներառված էր նաեւ «Հզոր համայնքին» գործավար տրամադրելու հարցը»,- ասաց ավագանու անդամը։

«Ապրելու երկրի» ավագանու անդամն ընդդիմադիրներին կոչ է անում՝ շարունակել բոյկոտել ավագանու նիստերը, մինչեւ հասնեն քաղաքապետի պաշտոնանկությանը, իսկ կառավարությանը կոչ է անում՝ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի շրջանակներում վաղաժամկետ դադարեցնել Արարատ համայնքի ավագանու լիազորությունը եւ նշանակել ավագանու արտահերթ ընտրություններ։

Մենք նրան հարցրինք` ենթադրենք, նոր ընտրություններ նշանակվեն, վերընտրվելու ի՞նչ շանսեր ունի ՔՊ-ն։ «Համոզված ենք, որ հնարավոր չի լինի, քանի որ մարդիկ մինչեւ ընտրատեղամաս հասնելը անցնելու են քանդված փողոցներով, աղբանոցի վերածված կիսակառույց շենքերի կողքով, չաշխատող շատրվանների կողքով: Արարատում ՔՊ-ի եւ «Հանուն հանրապետության» կուսակցության կոալիցիայի արդյունքում ձեւավորվել է մի իշխանություն, ստեղծվել է մի մթնոլորտ, որից դժգոհ է համայնքի բնակչության մեծ մասը։ Թե՛ ժողովուրդը, թե՛ ավագանու մեծ մասը կողմ է նոր իշխանության ձեւավորմանը, եւ կարծում եմ, որ դա հնարավոր է»,- ասաց նա։