Երեւանի առաջին ատյանի դատարանի դատավոր Տաթեւիկ Մուրադյանը դատապարտյալ Սուրիկ Աֆյանի վաղաժամկետ ազատման հարցով որոշում է կայացրել նրա բացակայությամբ` առանց դատապարտյալին դատարան բերելու, գործը քննելով գրավոր ընթացակարգով: Այս մասին Հրապարակ թերթին հայտնել է Աֆյանը՝ զանգահարելով կալանավայրի տաքսոֆոնից:
Նա կարծում է, որ իր հանդեպ դատարանն անարդար է վարվել, պնդում է, որ ինքն ուզում էր «նորմալ ներկայացնել իր կյանքը կալանավայրում, իր գործը», սակայն դատարանը նրան չի լսել, ձեւական քննություն է կատարել: Նա պատմեց, որ առողջական խնդիրների պատճառով գտնվում է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ում, որի պետի ժամանակավոր պաշտոնակատարը` Ռոբերտ Թամարյանը, Աննա Հակոբյանի վարսավիրի ամուսինն է:
Վերջինս չի ցանկանում պայմանական վաղաժամկետ ազատման ներկայացնել իրեն: Ե՛վ ՔԿՀ-ն, ե՛ւ Պրոբացիոն ծառայությունը բացասական եզրակացություն են գրել Աֆյանի վարքի վերաբերյալ՝ նշելով, որ նա «կրթական միջոցառումներին մասնակցելու ցանկություն չի հայտնել», որ նրա ինտելեկտուալ մակարդակը «միջինից միջին է»: Ինքն էլ վիրավորվել է այս բնորոշումներից ու դիմել է դատարան, որ չեղյալ համարեն պետի բնութագիրը: Այստեղ էլ Աֆյանն անհաջողություն է ունեցել` ի դեմս դատավոր Տաթեւիկ Մուրադյանի: Նա ոչ միայն գրավոր ընթացակարգով է քննել իր բողոքն ու իր բացակայությամբ, անգամ չի ծանոթացել Աֆյանի անձնական գործին: Նրա անձնական գործի տվյալները դատական նյութերում բացակայում են, ինչն արձանագրել է Վերաքննիչ դատարանը, որը բեկանել է առաջին ատյանի որոշումը եւ գործն ուղարկել նույն դատարան` նոր քննության:
Աֆյանը դատարանին է ներկայացրել այն միջոցառումների ցանկը, որոնց մասնակցել է՝ ննջեցյալների հոգու փրկության արարողություն, առցանց էքսկուրսիա Չարենցի ու Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարաններ, դոմինոյի ներհիմնարկային մրցաշար, ՍՊԻԴ-ի վերաբերյալ դասընթաց, շախմատի առաջնություն:
Աֆյանը Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղից է, նախկինում 5 անգամ դատապարտված: 24-ի ապրիլին դատապարտվել է 4 տարի 6 ամսով` փորձել է գողություն անել Սեւանի հացի գործարանից, մոտեցել է չհրկիզվող պահարանին, փորձել է այն բացել, բայց տեսնելով այլ անձանց, հանցագործությունն ավարտին չի հասցրել` փախել է, ոչինչ չհափշտակելով:
Նա մասնակցել է 44-օրյա պատերազմին, ՊՆ-ից ունի դրական բնութագիր, բայց ոչինչ չի օգնել դատապարտյալին՝ ստանալու իրեն օրենքով հասանելիքը: Նա ոչ մի տեղ չի աշխատում, այն խեղճ, անթիկունք մարդկանցից է, որոնց հանդեպ օրենքը գործում է ողջ խստությամբ:
Բաց մի թողեք
«Ակադեմիական քաղաքը» չկա, սակայն աշխատողներն աշխատավարձ ու պարգևատրում են ստացել
Արդեն որերորդ անգամ է՝ ես ձեր պատճառով մեմերի կերպար եմ դառնում
Իրանցիների մեծ հոսք կա Հայաստան, Մեղրիում արդեն նրանց տեղավորելու խնդիր կա՝ հյուրանոցները լիքն են