Երեւանի քաղաքապետարանն իր պատմության մեջ երբեւէ այսքան «տուրիստական գործուղումներ» չէր տեսել, երբեւէ քաղաքապետարանում աշխատողներն այսքան գործուղումների չէին մեկնել, որքան ՔՊ-ի եւ ՔՊ-ական քաղաքապետ Տիգրան Ավինյանի ժամանակ։
Հրապարակ թերթը գրել է․ Նրա կառավարման ընթացքում քաղաքապետարանի բարձր պաշտոնյաներն աննախադեպ թվով «տուրիստական» այցեր են իրականացրել, այդ թվում՝ հենց ինքը` Տիգրան Ավինյանը, «գործուղում» անվան տակ։ Դրանց հիմնական մասը կատարվել է Երեւանի քաղաքապետարանի բյուջեի հաշվին, ասել է թե՝ երեւանցիների գրպանից․ բարձրացված ուղեվարձից, կարմիր գծերի վճարների, աղբահանության եւ մյուս տուրքերի բազմապատկումից։
«Հրապարակի» ընթերցողներին ենք ներկայացնում միայն վերջին 2 ամսում քաղաքապետարանի աշխատակիցների կատարած վոյաժների ցանկը: Ներկայացված գործուղումների ծախսերը կատարվել են բյուջեի հաշվին։
Այսպես․ Ավինյանի ապրիլի 8-ի հրամանով Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոն են գործուղվել Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, նրա օգնական Արման Լազարյանը, քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ Վազգեն Հարությունյանը եւ «Երեւանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակ» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անետա Բաբայանը։ Միայն Բաբայանի ծախսերը հոգացել է նրա ղեկավարած գրասենյակը, որի միջոցները նույնպես պետական են։
Երեւանի քաղաքապետի տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը 2025 թ. ապրիլի 25-ից մինչեւ մայիսի 1-ը գործուղվել է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Հյուէ քաղաք: Գործուղման ծախսերն իրականացվել են Երեւանի 2025 թ. բյուջեի հաշվին, բացառությամբ գիշերակացի վճարի, որը հոգացել է հրավիրող կողմը:
Մայիսի 18-25-ը Փարիզ են մեկնել Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Նարեկ Բարսեղյանը, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետ Ալիկ Վարդազարյանը, քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության քաղաքաշինական փաստաթղթերի կազմման բաժնի պետ Գրիգոր Բաբաջանյանը եւ «Երեւաննախագիծ» ՓԲ ընկերության երկրաբանության եւ գեոդեզիայի բաժնի պետ Տիգրան Ստեփանյանը։
Հաջորդ գործուղումը 2025 թ. մայիսի 26-28-ին է եղել՝ Ֆրանսիայի Լիոն քաղաք. Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչության պետ Նարեկ Բարսեղյան, Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինական հատուկ ծրագրերի վարչության պետ Ալիկ Վարդազարյան եւ «Երեւաննախագիծ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Անդրանիկ Սեդոյան կազմով։
Մայիսի 18-25-ը՝ Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզ, մայիսի 26-28-ը՝ Լիոն քաղաքներ է գործուղվել քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղար Շավաշ Գրիգորյանը` Տիգրան Ավինյանի մայիսի 12-ի որոշմամբ: Հրամանն օրեր անց՝ մայիսի 16-ին, փոփոխվել է․ Շավարշ Գրիգորյանի գործուղումը երկարացրել են` մայիսի 23-28-ը, բայց՝ միայն Լիոն:
Երեւանի քաղաքապետարանի պատվիրակությունը 2025 թ. հունիսի 1-4-ը գործուղվել է Իսպանիայի Թագավորության մայրաքաղաք Մադրիդ` հետեւյալ կազմով. Տիգրան Ավինյան՝ Երեւանի քաղաքապետ, Լուսինե Դայան՝ Երեւանի քաղաքապետի խորհրդական, Դավիթ Գեւորգյան՝ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ, Մալվինա Պողոսյան՝ աշխատակազմի լրատվության վարչության սոցիալական մեդիա համակարգող։ Քաղաքապետարանի մեր աղբյուրները մեզ փոխանցեցին, որ Ավինյանը գործուղումից դեռ չի վերադարձել, նա Մադրիդից մեկնել է Իսպանիայի Բարսելոնա քաղաք։ Այս վերջին գործուղման կազմում է եղել նաեւ Երեւանի քաղաքապետի տեղակալ Սուրեն Գրիգորյանը, որն Ավինյանի հետ եղել է Մադրիդում, հետո՝ Բարսելոնայում։
Չգիտես ինչու, «գործուղված» բոլոր քաղաքները վայելքների վայրեր են, որոնց հետ Երեւանը, մեծ հաշվով, ոչ մի համագործակցություն, ընդհանուր շահեր, տալիք-առնելիք չունի։ Քաղաքապետարանում հերթապահ արտահայտություն կա՝ «քույր քաղաք», որը, ըստ էության, ընդամենը սիմվոլիզմ է։ Նման ինտենսիվ գործուղումներն արդարացնում են «համագործակցության նպատակով», իբրեւ թե մեկնում են փորձ ձեռք բերելու, որը հետո պետք է կիրառեն Երեւանում։ Լոնդոն, Փարիզ, Մադրիդ, Բարսելոնա եւ այլ քաղաքների հետ Երեւանն անգամ հեռավոր ընդհանրություններ չունի, դրանք տուրիստական քաղաքներ են եւ շատ են տարբերվում Երեւանից: Եվ այս գործուղումների արդյունքում չկա մի փաստ, որ այս կամ այն փորձը դրսից բերելով` կիրառել են Երեւանում: Օրինակ, Լոնդոնի ո՞ր փորձը պետք է կիրառվի Երեւանում։ Կամ՝ ինտերնետի ու արհեստական բանականության մեր օրերում այդ ի՞նչ փորձ են ուզում ընդօրինակել, որ պետք է անձամբ գնան-ուսումնասիրեն, որ կիրառման ենթակա լինի:
Անհասկանալի են նաեւ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի ղեկավարի գործուղումները, դրսից ի՞նչ փորձ կարող է բերել Երեւանի համար, նրա այցը Լիոն ի՞նչ օգուտ է տվել մայրաքաղաքին։ Նշենք, որ այս տարվա բյուջեով գործուղումների համար նախատեսված է 60 միլիոն դրամ, ինչը, ըստ ամենայնի, շատ քիչ է նման տեմպերով «վոյաժների» մեկնող պաշտոնյաների համար։ Մեզ բացատրեցին, որ եթե նախատեսվածից ավելի գումար ծախսեն գործուղումների վրա, հետո բյուջեի վերաբաշխում կանեն։
Նկատելի է նաեւ, որ գործուղումների ավելի շատ մեկնում են քաղաքապետը, փոխքաղաքապետերն ու աշխատակազմի ղեկավարը, ինչը նշանակում է, որ դրանք աշխատանքային այցեր չեն, այլ՝ տուրիստական վոյաժներ։
Բաց մի թողեք
«Ակադեմիական քաղաքը» չկա, սակայն աշխատողներն աշխատավարձ ու պարգևատրում են ստացել
Արդեն որերորդ անգամ է՝ ես ձեր պատճառով մեմերի կերպար եմ դառնում
Իրանցիների մեծ հոսք կա Հայաստան, Մեղրիում արդեն նրանց տեղավորելու խնդիր կա՝ հյուրանոցները լիքն են