«2020 թվականից եմ ասել, որ այս մարդիկ 3 թշնամի ունեն՝ Արցախը, սփյուռքը եւ հայ եկեղեցին»,- մեզ հետ զրույցում անդրադառնալով եկեղեցու դեմ Նիկոլ Փաշինյանի ու Աննա Հակոբյանի հարձակմանը՝ Հրապարակին ասել է Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը:
«Արցախը հանձնված է, սփյուռքը հիմնականում խաղից դուրս վիճակում է, այսօր սփյուռքը ոչ մի դերակատարում չունի: Մնացել է վերջին խոչընդոտն իրենց ճանապարհին՝ հայ եկեղեցին: Եվ, անշուշտ, հայ եկեղեցին վերացնել հնարավոր չէ, բայց իրենք ուզում են վերահսկել հայ եկեղեցին, ինչի համար որ մեղադրում էին նախորդներին՝ ասելով, որ հայ եկեղեցին վերահսկվում է իշխանությունների կողմից: Հիմա հասկացել են, որ չի վերահսկվում, կատաղել են եւ փորձում են վրեժ լուծել ու վրեժ լուծելու այդ ճանապարհին ոչ մի բանի առաջ չեն կանգնում: Սրանցից ամեն ինչ հնարավոր է սպասել, ամեն ինչի ընդունակ են, ամեն վատ բանի ընդունակ են: Լավ բանի ընդունակ չեն, բայց ամեն վատ բանի ընդունակ են: Իսկ մենք էլ ասում ենք, որ ամեն ինչի էլ պատրաստ ենք»,- ասաց Սրբազանը:
Հարցին, թե արդյոք Փաշինյանի եւ նրա կնոջ հակաեկեղեցական հայտարարությունները կապ ունե՞ն Փաշազադեի այն հայտարարության հետ, որ Հայաստանյայց առաքելական եկեղեցին վտանգ է ներկայացնում, Սրբազանն ասաց, որ Փաշինյանը Ալլահշուքյուրի ասածն իբրեւ հրահանգ է ընդունել եւ կատարում է. «Վերացնում է այդ «սպառնալիքը», փորձում է վերացնել, բայց տանուլ է տալու, ինչպես մյուս բոլոր իշխանությունները․ ովքեր համարձակվել են հայ եկեղեցու դեմ սուր ճոճել, պարտվել են: Իրենց մենք խորհուրդ չենք տալիս սուր ճոճել, որի դեպքում հնարավոր է, որ խուսափեն պարտությունից, այլապես իրենց սպասվում է ֆիասկո»: Շիրակի թեմի առաջնորդը նկատեց, որ նրանց տեղը պատմության աղբանոցն է: Այս իշխանությունը եկեղեցու դեմ տարատեսակ դիսկուրսներ է ծավալել:
«Հոգեւորականները կոռումպացված էին, կոռումպացված հոգեւորականներին պիտի բացահայտեին, պիտի բացահայտեին շվայտ, ցոփ կյանքով ապրող հոգեւորականներին, կոռումպացված հոգեւորականներին պիտի ծնկի բերեին, եւ, անշուշտ, օխլոսը ծափահարել էր` այս ինչ լավ բան է անում: Նրանք, որոնք անբացատրելի, անիմաստ, տգետի, հիմարի` այս բառերն ամենայն պատասխանատվությամբ եմ ասում, այդ տգետի, հիմարի նման ատում են քահանաներին, հոգեւորականներին՝ առանց հասկանալու, թե ինչու են ատում: Ատում են, որովհետեւ պարզապես ունեն inferiority complex՝ ստորադաս լինելու բարդույթ: Քանի որ տեսնում են, որ իրենց ինտելեկտով, պատմությամբ, խորքով, լայնքով, տարածքով գերազանցում են այս սքեմավորները: Պատկերացնո՞ւմ եք, սքեմավորը գերազանցում է ինչ-որ մեկին իր ինտելեկտով: Բա կարելի՞ է սա հանդուրժել, որովհետեւ իրենց մտածումի մեջ սքեմավորը պետք է լինի միջնադարյան խավարամիտ, չզարգացած, մինչեւ հիմա երեւի էլեկտրականությունից հեռու, մոմի լույսի տակ ապրող, էշի կամ ջորիի վրա նստած, ոտաբոբիկ քայլող, եւ հանկարծ պարզվում է` այս մարդիկ ինտելեկտ ունեն, գիտելիք ունեն, աշխարհի լավագույն համալսարանները գերազանց ավարտած մարդիկ են»,- շեշտեց Միքայել Աջապահյանը:
Ցանկացած հեղափոխություն հենվում է այս ստոր խավի վրա, որը ոչինչ չգիտի, ատելությունից բացի, միակ բանը, որ կարողանում է անել՝ ատելությունն է: «Սրանց հեղափոխությունից հետո պայմանները հարմար չեն մարդկանց ֆիզիկապես ոչնչացնելու համար, թե չէ՝ կոչնչացնեին: Պատկերացրեք, թե ինչ հաճույքով կոչնչացնին, ինչ հաճույքով կստորագրեին մահվան դատավճիռը Միքայել սրբազանի, Բագրատ սրբազանի, բայց պայմանները հարմար չեն, եւ, ստիպված, իրենց ատելությունը պիտի դրսեւորեն այս ձեւով»,- ասաց Սրբազանը:
Բաց մի թողեք
«Ակադեմիական քաղաքը» չկա, սակայն աշխատողներն աշխատավարձ ու պարգևատրում են ստացել
Արդեն որերորդ անգամ է՝ ես ձեր պատճառով մեմերի կերպար եմ դառնում
Իրանցիների մեծ հոսք կա Հայաստան, Մեղրիում արդեն նրանց տեղավորելու խնդիր կա՝ հյուրանոցները լիքն են