«Հրապարակի» զրուցակիցը Տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Ռուբեն Բաբայանն է:
– Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, եկեղեցու դեմ պատերազմելու կոչով հանդես եկավ` Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Գարեգին Բ-ն պետք է ազատի Վեհարանը, քանի որ դրժել է կուսակրոնության ուխտը, ունի զավակ: Եվ կոչ է անում հավատավոր ժողովրդին` համախմբվել նոր կաթողիկոս ընտրելու օրակարգի շուրջ: Փաշինյանի այս հայտարարությունը, որոշ փորձագետների կարծիքով, բախումներ, քաղաքացիական պատերազմ հրահրելու փորձ է: Ինչո՞ւ է վարչապետը, քաղաքական հազարումի հարցերը թողած, որոշել ներխուժել եկեղեցական ներքին կյանք:
– Անկախ այն բանից, թե Փաշինյանի հայտարարություններն ինչ հետեւանք կունենան, կբերեն բախումների, թե չեն բերի, հարցի լուծումը տեսնում եմ Սահմանադրությունը խստորեն պահպանելու մեջ: Սահմանադրության մեջ սեւով սպիտակի վրա գրված է, որ եկեղեցին ու պետությունն անջատ են իրարից, իսկ դա նշանակում է, որ ո՛չ եկեղեցին պետք է խառնվի պետության գործերին, ո՛չ էլ պետությունը՝ եկեղեցու գործերին: Մնացած լուծումները՝ լինեն դրանք էմոցիոնալ, թե ժողովրդի անունից, բարոյական, թե բարոյախրատական, տանելու են փակուղի: Շատ կոնկրետ երկու կողմն էլ պետք է պահպանի Սահմանադրության պահանջը, այն է, որ եկեղեցին անջատ է պետությունից:
Վերջիվերջո, կաթողիկոսի հարցը պետք է քննարկեն հավատացյալները, մեր ժողովրդի մեջ կան կաթոլիկներ, կան նաեւ աթեիստներ եւ տարբեր կրոնական ուղղվածություններ, սակայն միայն նրանք, ովքեր Հայ առաքելական եկեղեցու հետեւորդներ են, պետք է ընտրեն իրենց հոգեւոր հովվին:
– Դուք մշտապես դեմ եք եղել հայհոյանքին, սակայն վարչապետն ու իր կինն արդեն բացահայտորեն աջ ու ձախ վիրավորում, հայհոյում են իրենց քննադատողներին, չե՞ք կարծում, որ նման բառամթերքի կիրառումն անգամ կաթողիկոսին չհամակրող զանգվածի մոտ առաջացնում է կաթողիկոսին աջակցելու, սատարելու ցանկություն….
– Չեմ կարծում, թե այդտեղ բառապաշարը մեծ դեր ունի, սակայն այդօրինակ բառապաշարով խոսելը պետք է մտահոգի բոլորին: Յուրաքանչյուր մարդ, առավել եւս` պետական այրերը, ճանաչում ունեցող մարդիկ, ինչպես նաեւ՝ եկեղեցականները, պետք է հետեւեն իրենց խոսքին: Դա մեր երկրի մշակույթի մի մասն է, ավելի ճիշտ` մեր խոսքի հիգիենան, ինչը յուրաքանչյուր մաքրասեր մարդու համար պետք է շատ կարեւոր դեր ունենա:
Յուրաքանչյուր գաղափար կարելի է շատ նորմալ ձեւով արտահայտել, պետք չէ ո՛չ վիրավորել, ո՛չ էլ հայհոյել, դա գուցե որոշ ժամանակով կարող է ազդեցություն ունենալ, սակայն եթե հարցին նայենք ժամանակի տեսանկյունից, ապա դրա արդյունքները լինելու են խիստ բացասական: Մենք հաճախ դատապարտում ենք այս կամ այն գործչի բառապաշարը՝ ելնելով մեր քաղաքական հայացքներից: Մեկի հայհոյանքը դատապարտում ենք, մյուսինը` ոչ:
– Ներողություն Փաշինյանին ցիտելու համար, բայց հայաստանյան քաղաքական դաշտում ո՞վ է «դոմփել», «էշ», «գեղցի», «ոջիլ» բառերը կիրառում իր ելույթներում, հոդվածներում կամ գրառումներում:
– Բայց այլ բառեր էլ լսել ենք եկեղեցականներից, որոնք չէի ուզենա կրկնել, բայց, լավ` կասեմ, օրինակ հոգեւորականներից մեկը հայտարարել է, որ ինչ-ինչ պետական այրերի անուններ չի կարելի տալ, քանի որ դրանք կեղտոտում են արտաբերողի բերանը:
– Կարծում եք՝ նման կսմիթներն իշխանական ընտանիքի հայհոյանքներին համարժե՞ք են:
– Չէ, կսմիթ չէ: Պետք է ընտրել նորմալ լեզու եւ այդ պահանջները ներկայացնել բոլորին, ասել` սա հայհոյանք է, նա հայհոյանք չէ, չգիտեմ, թե ուր կտանի մեզ, եկեք ուղղակի կոպիտ չխոսենք: Եկեք հարցին տոկոսներով չնայենք: Մեր հասարակության մեջ չկա միակողմանիություն, մեր հասարակության մեջ հայհոյանքը, վիրավորանքն ու կոպտությունն ընդունված երեւույթներ են, թող ոչ մեկն իրեն սուրբ չներկայացնի:
– Մինչեւ 2018 թվականը կա՞ր նման երեւույթ: Ո՞վ այս մշակույթը բերեց մեր կյանք: Ո՞ւմ «շնորհիվ» հասարակությունը հրապուրվեց հայհոյանքով, որ անգամ «Դոգ» անունով չարիքը մտավ քաղաքական դաշտ:
– Ամեն ինչ գնում է զարգացումով, այնպես չէ, որ 2018 թվականից առաջ բոլորը սուրբ են եղել, հետո հանկարծ դարձել են ուրիշ: Օրինակ, եթե իմ հարցազրույցները նայեք՝ 2018-ից առաջ եւ հետո, ոչ մի տարբերություն չեք տեսնի բառապաշարի տեսանկյունից, ո՞նց է ստացվում, որ 2018 թվականը մեկի վրա ազդեցություն թողեց, մյուսի վրա` ոչ: Ես կարող եմ բազմաթիվ մտավորականների օրինակ բերել, ովքեր հայհոյում են այսօր: Կարծում եմ, որ եթե մենք ամեն ինչի մեջ քաղաքական պատճառաբանություններ գտնենք, ապա երբեք չենք բուժվի այն հիվանդությունից, որից բուժվելու կոչ անում էր Հովհաննես Թումանյանը՝ ասելով, որ փտած ենք ներսից, եւ բուժումը պետք է լինի ներսից: Թումանյանն այս խոսքերն ասելով` չէր դիմում քաղաքական այրերին, այլ դիմում էր ժողովրդին: Ես համաձայն եմ այն մտքի հետ, որ պետական այրերը պետք է հասարակ մարդուց տասնապատիկ անգամ ավելի զուսպ լինեն, բայց այս պրոբլեմը ոչ թե քաղաքական է, այլ` քաղաքակրթական:
– Նշեցիք, որ ինչպես իշխանությունն իրավունք չունի խառնվելու եկեղեցու ներքին գործերին, այնպես էլ եկեղեցին` քաղաքական հարցերին, բայց կա տեսակետ, որ եկեղեցին չի խառնվում քաղաքական պրոցեսներին, մեկ-երկու հոգեւորականի քաղաքական ակտիվությունը եկեղեցու հավաքական կերպարը չէ, եւ չի կարելի նրանց գործողությունները վերագրել ողջ առաքելական եկեղեցուն: Եկեղեցում նույն հաջողությամբ կան նաեւ իշխանական հոգեւորականներ, բայց դա չի նշանակում, որ եկեղեցին իշխանական է: Նախորդ երկուշաբթի Մայր Աթոռը հայտարարություն էր տարածել, որը բավականին մեղմ էր, համախմբման կոչերով հագեցած:
– Եթե հոգեւորականը մտնում է աշխարհիկ կյանք, նա պետք է դադարի լինել հոգեւորական, այստեղ ոչ մի վիրավորական ու վատ բան չկա, կան մարդիկ, ովքեր աշխարհիկ կյանքից են անցում կատարում հոգեւորական կյանք, կան մարդիկ, որ, հակառակը` հոգեւորականից դառնում են աշխարհիկ մարդ: Խնդիրն այն է, որ ամեն մարդ պետք է հասկանա, թե որն է իր ոլորտը: Եթե բարձրաստիճան հոգեւորականը դուրս է գալիս ընդհանուր եկեղեցական գծից, եւ եթե դրա հետ եկեղեցին համակարծիք չէ, ապա պետք է լինեն համապատասխան հայտարարություններ:
Մերձբալթիկայում սրբազաններից մեկն ասաց, որ խաղաղություն է անհրաժեշտ, որ ճիշտը դեպի Եվրոպա գնալն է, Էջմիածինը միանգամից դատապարտեց այդ հայտարարությունը՝ նշելով, որ սրբազանը չի արտահայտում եկեղեցու ընդհանուր մոտեցումը: Այդ դեպքում ինչո՞ւ մյուս դեպքերում եկեղեցին հայտարարություններ չարեց: Ես ոչ մեկին չեմ ուզում մեղադրել կամ սրբացնել, քանի որ ես՝ ինքս, սուրբ չեմ եւ չունեմ նման իրավունք, ասեմ ավելին` այն, ինչ կապված է կաթողիկոսի հետ, ինձ համար նորություն չէ, եւ այդտեղ ոչ մի վատ բան չկա, Աստված մեզ ստեղծել է սիրո համար, այդ թվում` ֆիզիկական սիրո:
Կուսակրոնությունն այլասերվածություն է: Մեզ Աստված ստեղծել է այսպիսին` տարատեսակ ցանկություններով, երբ ֆիզիկական ցանկությունների վրա ձեւական արգելք է դրվում, դա բերում է նրան, որ հոգեւորականները սկսում են իրենց մարդկային ցանկություններն արտահայտել թաքուն, իսկ ես այդտեղ որեւիցե վատ բան չեմ տեսնում, եկեղեցականների 99 տոկոսն ապրում է ակտիվ կյանքով, եւ դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Դա ցույց է տալիս, որ մարդը շատ ավելի ուժեղ է, քան արհեստածին, դոգմատիկ երեւույթները:
Բաց մի թողեք
«Ակադեմիական քաղաքը» չկա, սակայն աշխատողներն աշխատավարձ ու պարգևատրում են ստացել
Արդեն որերորդ անգամ է՝ ես ձեր պատճառով մեմերի կերպար եմ դառնում
Իրանցիների մեծ հոսք կա Հայաստան, Մեղրիում արդեն նրանց տեղավորելու խնդիր կա՝ հյուրանոցները լիքն են