Նիկոլ Փաշինյանի` եկեղեցուն ուղղված վարկաբեկող ու գռեհիկ հայտարարություններից հետո՝ հունիսի 7-ին, ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին եւ առանձնազրույց ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ։
Զրույցի ընթացքում նախագահն իր լիակատար աջակցությունն էր հայտնել Վեհափառ հայրապետին՝ խստիվ դատապարտելով Հայոց 1700-ամյա եկեղեցու նկատմամբ ՀՀ իշխանությունների հակասահմանադրական ոտնձգությունը։ Առաջին նախագահի եւ Վեհափառի հանդիպումից հետո արդեն քանի օր է՝ ՔՊ-ական արբանյակներն ու անձամբ Փաշինյանը չեն հանդարտվում:
Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում Տեր-Պետրոսյանին մեղադրեց ընտրությունները կեղծելու պրակտիկան հիմնադրելու մեջ: Իսկ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ հաղթանակած նախագահը «փորձանք» է եղել մեր պետության համար:
Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Արմեն Խաչատրյանի հետ:
– Իշխանությունը գրոհ են սկսել եկեղեցու դեմ, եւ այն բանից հետո, երբ հիմնադիր նախագահը հանդիպեց կաթողիկոսին, սկսեցին նաեւ տարատեսակ մեղադրանքներ հղել Տեր-Պետրոսյանի հասցեին, որին ժամանակին մեծարում էին: Ո՞րն է այս գրոհի պատճառը` ըստ Ձեզ: Ինչո՞ւ էր Լեւոն Տեր-Պետրոսյանն այցելել կաթողիկոսին, եւ ինչո՞ւ իշխանավորներն այդքան հիվանդագին տարան այդ հանդիպումը:
– Կարծեմ` սիրո եւ հանդուրժողականության իշխանություն էր Նիկոլ Փաշինյանը ձեւավորել, բայց կա մի ֆենոմեն. նա ինչ ուզում է կառուցել, քանդվում է: Լավագույն օրինակներից մեկն էլ այն է, որ սիրո եւ հանդուրժողականության հեղափոխությունը դարձավ չարության եւ ատելության իշխանություն: Որպես մեր ժամանակների մեծագույն լուզեր, Փաշինյանն իրար հետեւից միայն ձախողումներ է արձանագրում: Նա որքան փորձում է իր անկանոն շարժումներով այս ճահճից դուրս գալ, այնքան ավելի է խորտակվում: Ես հակված եմ մտածելու, որ եկեղեցու դեմ նա գրոհ է սկսել դրսից եկած պատվերի արդյունքում, ինչպես նաեւ՝ այն պատճառով, որ եկեղեցին բարձրաձայնեց Արցախի հետ կապված հարցեր, խոսեց արցախցիների` Արցախ վերադարձի մասին, խոսեց Արցախի մշակութային կոթողների պաշտպանության մասին, ինչը Նիկոլ Փաշինյանի պլաններին դեմ է: Ուզենք, թե ոչ՝ եկեղեցին ունի իր ազդեցությունը քաղաքական պրոցեսներում․ Վեհափառի նախաձեռնությունները, հանդիպումները նախագահների հետ, Բագրատ սրբազանի ակտիվությունը եւ այլն: Եկեղեցին իրենից բավականին կուռ ուժ է ներկայացնում, իսկ Նիկոլ Փաշինյանը վախենում է դրանից: Կան օրինակներ, երբ եկեղեցականները մեծ ազդեցություն են թողնում քաղաքական պրոցեսների վրա, օրինակ` Վրաստանի Իլյա կաթողիկոսը միավորվեց Բիձինա Իվանիշվիլու հետ, ինչից հետո Իվանիշվիլին մեծ առավելություններ ստացավ: Այս վախերը նույնպես դրդում են Նիկոլ Փաշինյանին, որպեսզի, ինչպես ՔՊ-ականներն են ասում` «ափաշքյարա» հարձակում գործեն եկեղեցու վրա: Ինչ վերաբերում է Լեւոն Տեր-Պետրոսյանի այցին, ապա կսիրեն նրան, թե ոչ, ինչ գնահատականներ կտան նրան, փաստն այն է, որ Տեր-Պետրոսյանի ցանկացած հայտարարություն քաղաքական կյանքում օրակարգ է ձեւավորում: Տեր-Պետրոսյանի փոքրիկ` չորս տողանոց հայտարարությունն ալեկոծեց ՔՊ-ական «ծովը»: Նիկոլ Փաշինյանը գուցե հասկացավ, որ Տեր-Պետրոսյանի այցը միայն իր նպատակները խոչընդոտում է: Ես շարունակ մտածում եմ, թե Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին ինչ գնահատական կարելի է տալ, ինչ խոսքերով, սակայն հարուստ հայոց լեզվից չեմ գտնում ոչ մի բառ:
– Երեկ Փաշինյանը հայտարարել է նոր խորհուրդ ձեւավորելու եւ նոր կաթողիկոս ընտրելու մասին: Հնարավո՞ր է այս ամենի արդյունքում քաղաքացիական բախումներ տեղի ունենան:
– Նիկոլի վերջին երեք-չորս օրերի գրառումներն ինձ մոտ ողջամիտ կասկած են առաջացրել, որ այդ մարդն արյան տենչ ունի: Նա ուզում է խժդժություններ ստեղծելու արդյունքում վերականգնել իր վարկանիշը: Անգամ նման բան մտածելը սարսափելի է, ինչպե՞ս կարող է երկրի ղեկավարը երկիրը տանել ցնցումների: Պատկերացնենք՝ 1000 մարդ Նիկոլ Փաշինյանի կողմից է գնում Վեհարան, 1000 մարդ՝ եկեղեցու կողմից, ի՞նչ կարող է լինել, անգամ չեմ էլ ուզում բարձրաձայնել, թե դա ինչ հետեւանքներ կարող է թողնել: Սարսափելի է անգամ այդ մասին պատկերացնելը: Լեւոն Տեր-Պետրոսյանն այժմ ոչ մի պետական պաշտոն չզբաղեցնելով՝ հայտարարում է, որ պետք է կանխել քաղաքացիական բախումները, իսկ երկրի ղեկավարն ամեն ինչ անում է՝ բախումներ հասունացնելու համար: Հիմա մենք այն վիճակում ենք գտնվում, որ եկեղեցին պետք է հնչեցնի իր զանգերը՝ ոչ թե եկեղեցին պաշտպանելու համար, այլ նրա համար, որ մենք կարողանանք պաշտպանել մեզ, Նիկոլ Փաշինյանը բախումներ է բերում Երեւան, Էջմիածին…. իսկ եթե մի օր էլ հանկարծ որոշի փոքր խմբեր կազմել եւ պայքարել այն եկեղեցականների դեմ, ովքեր իրեն չեն հնազանդվում:
– Ըստ էության, հիմա նույն բանն է անում․ կաթողիկոսին փորձում է պատժել` իրեն չհնազանդվելու համար:
– Այո: Երբ հրդեհ է սկսվում մեր տներում, մենք ամեն ինչ անում ենք, որպեսզի այն մարենք: Ամեն մեկս մեր հնարավորության չափով պետք է մարենք այս հրդեհը: Ինչպես ձախողվեց դատարանները հնազանդեցնելու գործում, այդպես էլ պետք է հիմա լինի, թեպետ ամեն ինչ իր հետքը թողնում է, մենք չունեցանք անկախ դատարան, փոխարենն ունեցանք Նիկոլին հնազանդվող դատարան: Եկեղեցուն ուղղված հարվածները վտանգի առաջ են կանգնեցնելու եկեղեցին, գուցե հարյուրավոր տարիներ պահանջվեն, որպեսզի այն կարողանանք վերականգնել, այնպես որ՝ պետք է այս պրոցեսները կանխել:
Բաց մի թողեք
«Ակադեմիական քաղաքը» չկա, սակայն աշխատողներն աշխատավարձ ու պարգևատրում են ստացել
Արդեն որերորդ անգամ է՝ ես ձեր պատճառով մեմերի կերպար եմ դառնում
Իրանցիների մեծ հոսք կա Հայաստան, Մեղրիում արդեն նրանց տեղավորելու խնդիր կա՝ հյուրանոցները լիքն են