Հունիսի 14-ի երեկոյան Գյումրիում տեղի ունեցած ուժեղ քամու և կարկուտի հետևանքով մի շարք թաղամասեր զգալի վնասներ են կրել։ Քաղաքում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչպես տեղեկանում ենք Գյումրու քաղաքապետարանի ֆեյսբուքյան էջից, Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հրամանատար, գեներալ-մայոր Ալեքսանդր Վիտալիևիչ Բեզբորոդովը հեռախոսազրույց է ունեցել փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանի հետ։
«Զրույցի ընթացքում ռուս գեներալը հետաքրքրվել է ստեղծված վիճակով և, հանդես գալով սեփական նախաձեռնությամբ, առաջարկել է ռազմաբազայի աջակցությունը՝ տեխնիկայի և մարդկային ռեսուրսների տրամադրման տեսքով՝ քաղաքի մաքրման և վնասների վերացման աշխատանքներին նպաստելու համար։
Փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանը քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անունից շնորհակալություն է հայտնել ցուցաբերած ուշադրության և պատրաստակամության համար՝ ընդգծելով, որ նման աջակցությունը վկայում է գործընկերային ջերմ հարաբերությունների և փոխադարձ հարգանքի մասին»,-ասված է հաղորդագրությունում՝ միաժամանակ տեղեկացվում է, որ առայժմ համայնքային ծառայությունները կարողացել են սեփական ուժերով վերահսկել իրավիճակը, սակայն անհրաժեշտության դեպքում ռազմաբազայի օգնությունն անպայման կդիտարկվի։
Hraparak.am-ը նկատել է, որ քաղաքապետարանի էջում հայտնված այս գրառմանը հատկապես ակտիվ են արձագանքել ՔՊ-ականները, բացահայտ ցույց են տվել իրենց դիրքորոշումը հայ-ռուսական հարաբերությունների հետ կապված։ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Սարուխանյանն է գրառմամբ կիսվել՝ մեկնաբանություն թողնելով․«Ապապետության հերթական դրսևորումներից մեկը Գյումրու լադիմիրատենչ համայնքային իշխանության կողմից»,-գրել է նա։
Նկատենք, որ նորանշանակ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի օրոք նկատելիորեն աշխուժացել են Գյումրիի և ռուսական համայնքի փոխշփումները, կարծես վերականգնվում են նախկին տարիների սերտ կապերը։
Բաց մի թողեք
Նախկին ՀՀԿ-ական, հիմա ՔՊ-ական Պապոյանը, որ 4 տարում 2 տուն է գնել, 1992 թ. «Ժիգուլի» ունի, բայց աղմկում է․ Լուսանկար
200 մլն դրամ՝ «Սեւան Ստարտափ Սամմիթ 2025»-ի համար. ինչ ծախսեր են արվել․ Փաստաթղթեր
Մեծ խաղը, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքում»