17/07/2025

Մանրամասներ Գյումրու կրակոցներից, ձերբակալվել է Մարտուն Գրիգորյանի հորեղբոր որդին

Հունիսի 19֊ին Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հիմքում քաղաքական տարաձայնություններ են եղել։

Hraparak.am-ի տեղեկություններով․ Հիշեցնենք, որ հունիսի 19-ին Գյումրիում՝ քաղաքի կենտրոնական հատվածում գտնվող հայտնի Հացատան մոտակայքում  արձանագրվել էր միջադեպ, որն ուղեկցվել է վիճաբանությամբ, ծեծկռտուքով և կրակոցով, մեկ անձ վիրավորվել է, մյուսները ծեծկռտուքի հետևանքով մարմնական վնասվածքներ են ստացել։

Մեր տեղեկություններով՝ վիճաբանությունը տեղի է ունեցել Գյումրիում հայտնի Շեկո մականունով անձի և ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հորեղբոր որդու միջև։ Ավելին, տեղեկացանք, որ վերջինս միջադեպի շրջանակում ձերբակալվել է։ Ոստիկանությունից հաստատեցին մեր տեղեկությունը` նշելով, որ դեպքի առթիվ կան ձերբակալվածներ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կողմերի միջև տարաձայնությունները առաջացել են դեռևս ՏԻՄ ընտրությունների ժամանակ և դրանից հետո ստեղծված ներքաղաքական զարգացումների հետ են առնչվում։ Ըստ նույն աղբյուրների՝ վիճաբանության առանցքում եղել է նախկին նախագահներին հետ կապված`  սերժական և քոչարյանական թեզերը։