17/07/2025

Շատ մեծ սեպ է խրվում հայաստանցիների եւ աշխարհի մնացյալ հայերի միջեւ․ Մխիթարյան․ Լուսանկար

Սամվել Կարապետյանի ձերբակալությամբ՝ Ստամբուլ կատարելիք այցից առաջ Փաշինյանը եւս մեկ անգամ ցույց տվեց, որ կատարում է տերերի պատվերը՝ «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով ռուսաստանցի հայ բարերար Սամվել Կարապետյանի ձերբակալությանը՝ ասաց Վրաստանի հայ համայնքի ներկայացուցիչ, հայտնի բժիշկ Գուրգեն Մխիթարյանը:

«Սամվել Կարապետյանի կալանքն այս իշխանությունների կողմից ներկայացվեց որպես մի զոհ, որին զոհաբերում են հանուն հայ-թուրքական հարաբերությունների»,- ասում է նա: Մխիթարյանը շեշտում է, որ սրանով իշխանությունները նաեւ ուշադրություն են շեղում, եւ զարմանում է, որ Հայաստանի հանրությունն այդքան արագ ու հեշտությամբ կուլ է տալիս իշխող վարչակարգի կողմից իրեն հրամցվող խայծերը` այն պարագայում, երբ Հայաստանի ու հայ ժողովրդի գոյությունը կասկածի տակ են՝ բարձրաստիճան հոգեւորականների անձնական կյանքն է քննարկման առարկա դարձրել:

«Սամվել Կարապետյանը պաշտպանեց Հայաստանյայց Առաքելական Եկեղեցուն՝ օգտվելով խոսքի ազատության, հավատքի, խղճի ազատության իրավունքից: Սրանով Հայաստանի քաղաքական իշխանություններն ազդակ են հղում բոլոր ոչ հայաստանաբնակ հայերին, որ հանկարծ չմասնակցեք Հայաստանի ներսում արվող փոփոխություններին: Սա ուղղված է սփյուռքի հատկապես ծանրաքաշ գործարարներին եւ բարերարներին, որ հանկարծ չփորձեք միջամտել ՀՀ կառավարության եւ Եկեղեցու միջեւ եղած տարաձայնություններին, այսինքն՝ մեկուսացնում է Մայր Աթոռը: Քանի որ կաթողիկոսն ամենայն հայոց կաթողիկոսն է, այդ կարգավիճակից զրկում են Մայր Աթոռին, Ամենայն հայոց կաթողիկոսին: Իսկ Կարապետյանի ձերբակալությունը նաեւ ազդակ է ծանրաքաշ գործարարներին, բարերարներին, ովքեր ներդրումներ են արել Հայաստանում․ միայն Կարապետյանը չի եղել, չէ՞, եւ այդ նույն՝ ՀԷՑ-ի պետականացումն ի՞նչ է նշանակում․ որ ձեր բոլոր ներդրումները կզրոյացվեն: Այսինքն՝ ՀՀ իշխանությունը կխլի, կթիրախավորի կշիռ ունեցող ոչ հայաստանաբնակ բարերարներին, ովքեր կարող են եղանակ փոխել Հայաստանում՝ վախեցնել, ահաբեկել բառի բուն իմաստով: Շատ մեծ սեպ է խրվում հայաստանցիների եւ աշխարհի մնացյալ հայերի միջեւ, ցավալի է, բայց դա այդպես է»,- շեշտում է Մխիթարյանը:

Ինքը դեմ չէ հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը, բայց կաթողիկոսը թիրախավորվում է երկու նպատակով, առաջին հերթին՝ այն, որ նշանակի սեփական թեկնածուին, ապա լուծարի Արցախի թեմը՝ դրանով մեկընդմիշտ փակելով Արցախի հարցը: Նաեւ Հայ առաքելական եկեղեցին սրբադասել է ցեղասպանության մեկուկես միլիոն նահատակներին:

«Երբ որ նշանակվի Փաշինյանի թեկնածու կաթողիկոսը, այդ սրբադասման կարգը կչեղարկվի, հետեւաբար՝ կզրոյացվեն նաեւ միլիոնուկես սրբադասված նահատակները: Այդ ամենն արվում է այն պետությունների համար, որոնց ձեռնտու է այդ ամենը: Արցախի թեմի լուծարումը ձեռնտու է Ադրբեջանին, ցեղասպանության սրբազան նահատակներին զրոյացնելը` սրբադասման կարգից հրաժարվելով, հնարավոր է միայն կաթողիկոս փոխելով, ինչն էլ ձեռնտու է Թուրքիային»:

Նա հույս ունի, որ Ռուսաստանն ինչ-որ քայլեր կձեռնարկի սեփական քաղաքացուն ազատելու համար, սակայն նաեւ ասում է. «Ես չեմ զարմանա, եթե Ռուսաստանը չմիջամտի՝ Հայաստանի իշխանությունները Սամվել Կարապետյանին հանձնեն Ադրբեջանին: Իրենք ամեն ինչի ընդունակ են»:

«Հրապարակ». Շատ մեծ սեպ է խրում հայաստանցիների եւ աշխարհի հայերի միջեւ