Նիկոլ Փաշինյանի մտասեւեռումների իրականացումն իրեն սպասեցնել չի տալիս: Նրա ամեն մի ստատուսից հետո հլու կամակատար իրավապահները գործի են լծվում: Սրբազան շարժման առաջնորդի ու ակտիվիստների կալանավորման, իբրեւ թե «հեղաշրջումը» կանխելու թատրոնը շարունակվեց նախ Շիրակի թեմի առաջնորդարանում, ապա Մայր Աթոռում՝ դիմակավորված ԱԱԾ-ականները մտան Վեհարան:
Հրապարակ թերթը գրել է․ Միքայել Սրբազանը որոշեց ինքը ներկայանալ Քննչական կոմիտե, որը պատրաստվում էր 2024 թվականի մի հարցազրույցի համար նրա նկատմամբ կալանքի միջնորդություն ներկայացնել դատարան։ Մայր Աթոռըհոտին զսպվածության ու սադրանքի չտրվելու կոչեր էր անում, իսկ ՆԻկոլ Փաշինյանը հերթական նողկալի ստատուսն էր գրում հոգեւորականների մասին՝ փորձելով վերջնականապես զավթել վերջին անկախ ազգային ինտիտուտը: Մարդկանց բազմությունից ժամանակավորապես նահանջած ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց․ «Բոլոր քաղաքացիներին հորդորում ենք զերծ մնալ իրավիճակը լարելուց, չխոչընդոտել իրավապահ մարմինների օրինական որոշումների իրագործմանը: Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին (Գևորգ Արտաշեսի Աջապահյան) կոչ ենք անում չթաքնվել իրավապահ մարմիններից և ներկայանալ իրեն սպասող Ազգային անվտանգության ծառայության օպերատիվ խմբին»։
Ապա Փաշինյանը միացավ․ «Ակնհայտ դարձավ, թե ովքեր են բախումներ հրահրում Մայր Աթոռում», «տեսնելով, որ իրավապահները սադրանքների չեն տրվում, իրենք իրենց մեջ անցան բռունցքների»: Ի հեճուկս իշխանությունների ջանքերի, հենց սադրանքի չտրվելու նկատառումներից ելնելով էլ Մայր Աթոռը հայտարարեց, որ հակառակ նրան, որ պատշաճ կարգով չի ծանուցվել Միքայել սրբազանը, բայց նա կմեկնի Երեւան եւ կներկայանա ՔԿ:
«Այսօր Վեհարանում տեղի ունեցած իրադարրձություններին իրավական գնահատական նույնիսկ տալն իմաստ չունի, մեկ բառով կարելի է ասել՝ դա սրբապղծություն է, որին մասնակցում են մեր իրավապահ մարմինների ներկայացուցիչները: Մի կողմ թողնենք, որ կա ապօրինի վարույթ, կա ձերբակալման որոշում, որը պետք է ի կատար ածվի, որեւէ ուժային կառույցի ղեկավար չէր կարող այդ որոշման կատարումն անել այս եղանակով, եթե գիտակցված չի ցանկացել գնալ եւ իր ենթականերին տանել սրբապղծության»,- իրավիճակը գնահատում է փաստաբան, իրավապաշտպան Հովհաննես Խուդոյանը:
Եւ հիշեցնում է, որ նախորդ տարի՝ Սրբազան շարժման ակտիվ փուլում, երբ շարժումը հայտարարում էր, որ Մայր Աթոռը չի մասնակցում գործընթացին, չի ղեկավարում շարժումը, ՔՊ-ն ամեն կերպ փորձում էր հիմնավորել, որ դա այդպես չէ՝ այդ կերպ փորձելով պատերազմի մեջ ներքաշել եկեղեցուն: Ըստ Խուդոյանի, արդեն նախորդ տարվանից ակնհայտ էր, որ այս գործողությունների պլանն իշխանությունն ունի:
«Եվ՛ Բագրատ սրբազանի, եւ՛ Միքայել սրբազանի նկատմամբ հարուցված վարույթներն ակնհայտ ապօրինի են, կեղծված են տվյալները եւ չեն արտահայտում որեւէ իրականություն, դրանք իրավունքի հետ աղերս չունեն ու եկեղեցու դեմ ուղղված գործողություններ են՝ կատարված իրավապահների կողմից եւ չեմ բացառում, որ նույն սրբապիղծ ոճով կարող են գործողություններ կատարվել նաեւ կաթողիկոսի դեմ»,-ասում է Խուդոյանը:
Նիկոլ Փաշինյանը, որը 2008 թ-ի Մարտի 1-ի իրադարձությունների ժամանակ անձամբ էր հակաիրավական գործողությունների կոչեր հնչեցնում, այսօր ջանք չի խնայում իրավապահների գործողությունները «հեղաշրջման» վտանգը կանխելու սոուսով ներկայացնել՝ չնայած նրան, որ հայտնի «պլանը» պարզապես ծաղրի առարկա դարձավ: Համեմատելով 2008-ի Նիկոլի գործողություններն այսօրվա Նիկոլի գործողությունների հետ, մեր զրուցակիցն արձանագրում է՝ ցանկացած հետաքրքրվողի համար տեսանյութերը հասանելի են, որտեղ երեւում է, որ հավաքի կազմակերպիչներից Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին փայտերով, քարերով, մետաղական ձողերով զինվելու, ոստիկաններին դրանով դիմավորելու, բարիկադներ կառուցելու, Ձկան խանութի մոտ «подкрепление» ուղարկելու հրահանգներ է տալիս։ Փաստաբանը հիշեցնում է, որ այդ գործողություններն ուղղորդվել են պայթուցիկներով, հրկիզումներով, 100-ից ավելի ոստիկանների՝ ծանր վնասվածքներով ու այս ամենը իրականացվել է Փաշինյանի՝ ուղիղ հայտարարություններով, որոնք արձանագրված ու հայտնի են:
«Քաղաքականության մեջ թրծված մարդկանց համար արդեն իսկ ակնհայտ պետք է լինի, թե ինչ խնդիր է լուծում հիմա Փաշինյանը, նա արդեն հասկացել է, որ սահմանադրական եղանակով 2026-ին իր իշխանությունը շարունակելու որեւէ հեռանկար չունի եւ 2018-ից սկսած ավտոկրատական գործողությունները փորձում է վերջնական փուլին հասցնել՝ կառուցել բռնապետական համակարգ եւ մինչեւ ընտրությունները մեկուսացնել բոլոր ազգային ուժերին, իրեն հակադրվողներին ու ապագայում մենք կտեսնենք՝ նաեւ քաղաքական օպոնենտներին»,-ասում է Հովհաննես Խուդոյանը՝ հավելելով, որ պետության տարբեր ինստիտուտներ արդեն իսկ թուլացրել են, բանակը կոտրվել է եւ ամենաբարձր իմունիտետն ունեցող կառույցը՝ եկեղեցին է, որն այժմ խանգարում է Փաշինյանի հակապետական ծրագրերի իրականացմանը:
Ինչ վերաբերում է բուն իրավապահների գործողություններին, որոնք փաստացի կատարելով Փաշինյանի կամքը մեկնաբանում են, թե ծառայողական հիերարխիայի պայմաններում հրահանգ են կատարում ու այլ պաշտոատար անձանց գործողությունների համար պատասխանատու չեն, Հովհաննես Խուդոյանն ընդգծում է. «Եթե նրանցից որեւէ մեկը մտավոր հետամնաց չէ, պետք է գիտակցի, որ մաս է կազմում այս հակապետական սրբապիղծ գործողություններին ու յուրաքանչյուր պաշտոնյա հետագայում պետք է պատասխան տա այս ամենին իր մասնակցության համար: Բագրատ Սրբազանի կալանքի նիստի եզրափակիչ հատվածում ուղղակիորեն մատնանշել եմ, որ թե՛ դատավոր Մասիս Մելքոնյանը, թե դատախազ Ծովակ Մնացականյանը, մյուս դատախազն ու քննիչը անձնական պատասխանատվություն են կրում այս գործողությունների հետեւանքով ՀՀ-ին ապագայում պատուհասած ցանկացած վատ երեւույթի համար: Նրանց անունները պետք է հնչեն, մարդիկ պետք է իմանան, որ պետությունը կազմաքանդող այս գործողություններն ունեն դերակատարներ, որոնց դեմքն ու անունները հայտնի են եւ որոնք պետք է այդ գործողությունների համար ենթարկվեն քրեական պատասխանատվության ու հասարակական պարսավանքի եւ սերունդներն էլ պետք է իմանան իրենց նախնիների դավաճանական գործողությունների մասին: Հասարակույունը միշտ պետք է մատնացույց անի այս անձանց՝ որպես ՀՀ պետականության թշնամիների»:
Փաստաբանն ասում է՝ ստեղծված իրավիճակում ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է գիտակցի, որ խնդիրը միայն եկեղեցին չէ, խնդիրը ՀՀ պետականությունն է՝ իր հարազատների ֆիզիկական անվտանգությունն է՝ մեր հարեւանների ցեղասպան գործողությունների դեմ, յուրաքանչյուր անհատի՝ թեկուզ նեղ կենցաղային բարեկեցությունը: Իսկ այն, ինչ կատարվում է այս օրերին, գուցե, հենց նրանց կողմից էլ ուղղորդվում է:
Բաց մի թողեք
Վրացական կողմը մերժել է Պապոյանի խնդրանքը
Հայաստանը երբ դուրս կգա ՀԱՊԿ-ից
Մոտեցումները կարող են տարբեր լինել, եթե խոսում ենք ամերիկյան խաղերի մասին. Բադալյան