15/11/2025

Իշխանությունը շտապում է օր առաջ ազատվել Հրայր Թովմասյանից

Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանին դատարանը` դատավոր Տաթեւիկ Գրիգորյանի նախագահությամբ, 2024 թվականի սեպտեմբերի 20-ին մեղավոր է ճանաչել, բայց չի դատապարտել՝ վաղեմության ժամկետներն անցած լինելու պատճառով։

Հրապարակ թերթը գրել է․ Թովմասյանը մեղադրվում է արդարադատության նախարար եղած ժամանակ պաշտոնեական լիազորություններն անցնելու համար։ «Ես որեւէ հանցավոր արարք ոչ միայն չեմ կատարել, այլեւ ամբողջ նիստի ընթացքում, ինչը լուսաբանվել է, ինձ որեւէ հանցավոր արարք չի վերագրվել: Մի տարի հետո, վեց ամիս հետո, երկու տարի հետո, հինգ տարի հետո այս բովանդակությամբ օրինական ուժի մեջ մտած դատավճիռ գոյություն չի ունենալու»,- լրագրողների հետ զրույցում դատավճռի հրապարակումից հետո հայտարարել էր ՍԴ դատավորը:

Թվում է, թե` եթե ժամկետանց մեղադրանք է, ինչ իմաստ ունի դատավարությունը շարունակելը` դատարաններին ծանրաբեռնելը, բայց այս գործի քննությունն իշխանությունն իրականացնում է բոլորովին այլ նպատակով` որպեսզի Հրայր Թովմասյանին զրկի Սահմանադրական դատարանի դատավորի կարգավիճակից: Առաջին ատյանի դատավճռով Թովմասյանի լիազորությունները չէին դադարեցվել՝ որպես ՍԴ դատավորի, չեն էլ դադարեցվի, դա տեղի կունենա այն ժամանակ, երբ դատավճիռն օրինական ուժի մեջ մտնի, այսինքն՝ անցնի բոլոր 3 ատյաններով։ Եվ եթե վերադաս դատական ատյանները չբեկանեն դատավճիռը, այն ժամանակ միայն ՍԴ դատավորի լիազորությունները կդադարեցվեն։

Դատախազությունը երեկ հայտարարեց, թե սեպտեմբերի 30-ին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն անփոփոխ է թողել ՀՀ արդարադատության նախկին նախարար Հրայր Թովմասյանի վերաբերյալ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը՝ մեղավոր ճանաչելով նրան 18.04.2003 թվականին ընդունված, Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքների կատարման մեջ. մեղսագրված արարքները վերաբերել են Հրայր Թովմասյանի կողմից ՀՀ արդարադատության նախարար աշխատած ժամանակահատվածում պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն:

Պաշտպանական կողմին մնացել է վերջին բողոքարկումը՝ Վճռաբեկ դատարան, եթե այստեղ էլ անփոփոխ թողնեն կամ բողոքը վարույթ չընդունեն, Հրայր Թովմասյանի լիազորությունները՝ որպես ՍԴ դատավորի, կդադարեցվեն։ Հրայր Թովմասյանի պաշտոնավարումը, ըստ օրենքի, Սահմանադրական դատարանում ավարտվում է 2030 թվականին։ Եվ քանի որ իշխանությունն այս ընթացքում հիմնովին փոխել է Վճռաբեկ դատարանի կազմը, եւ այն այլեւս հլու-հնազանդ կատարում է իշխանական հրահանգները, 99 տոկոսով կարող ենք պնդել, որ դատավճիռը` ի վնաս Թովմասյանի, շուտով ուժի մեջ է մտնելու, եւ Նիկոլ Փաշինյանը հասնելու է իր երկարամյա երազանքին` լիազորությունները լրանալուց 5 տարի առաջ Թովմասյանին զրկելու են ՍԴ դատավորի կարգավիճակից, եւ ՍԴ-ն դառնալու է ամբողջությամբ Փաշինյանի սրտի դատարանը:

Հ. Թովմասյանի պաշտպան Միհրան Պողոսյանը, «Հրապարակ»-ի հետ զրույցում անդրադառնալով իր պաշտպանյալի լիազորությունները դադարեցնելուն, նշեց․ «Սահմանադրական արգելք կա այդ առումով, որ չի կարող անձը լինել դատավոր, եթե կա ցանկացած տիպի ոչ արդարացման հիմքով դատական ակտ»։

Արդյոք տեսնո՞ւմ է միտում՝ ամեն գնով ամեն ինչ անելու, որպեսզի Հրայր Թովմասյանին հեռացնեն Սահմանադրական դատարանից։ «Ինձ թվում է՝ պրոցեսն ինքնին` 2019 թվականից սկսած, այդ նկատակն էր հետապնդում: Դա գալիս է 2019 թվականից՝ ցանկացած ճանապարհով միջամտել կամ խառնվել Սահմանադրական դատարանի գործունեությանը, այդ թվում՝ դատավորների հեռացմամբ։ Այս պրոցեսի առկայությունը պայմանավորել ենք իշխանության դիտավորությամբ՝ սահմանադրական կարգը տապալելու առիթով»։

Վերաքննիչ դատարանում բողոքը քննել են դատավորներ Արմեն Հովհաննիսյանը, Մեսրոպ Մակյանը եւ Ժենյա Մելիքսեթյանը։ Նույն քրեական գործով մեղադրյալի կարգավիճակում է նաեւ Հրայր Թովմասյանի սանիկը՝ Նորայր Փանոսյանը, որը մեղադրվում է ՔՕ (2003թ․) 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ։ Փանոսյանի դրվագը դատարանն առանձնացրել էր՝ նշելով, թե նրա առողջական խնդիրների պատճառով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են, իսկ քանի որ իշխանությունը շտապում է Թովմասյանից ազատվել, ուստի գործից մասն անջատել են, որ արագ քննեն։ Ի դեպ, Հրայր Թովմասյանի գործով դատավճռի հրապարակումից հետո դատավոր Տաթեւիկ Գրիգորյանն առաջխաղացում է ունեցել՝ նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։

Հրայր Թովմասյանի դատավճիռը բողոքարկվել էր թե՛ դատախազության եւ թե՛ պաշտպանական թիմի կողմից Վերաքննիչ դատարան։ Դատախազությունը պահանջում էր բեկանել վաղեմության ժամկետներն անցած լինելու հիմքով Թովմասյանին պատասխանատվությունից ազատելու մասին որոշումը եւ նրան ազատազրկման դատապարտել 7 տարի ժամկետով, իսկ Հրայր Թովմասյանի պաշտպաններն արդարացում էին պահանջում։

2018-ին ՍԴ նախագահ ընտրված Հրայր Թովմասյանը մեղադրանքի քաղաքական լինելու մասին խոսելիս ասել է, որ իշխանության եկած վարչապետ Փաշինյանն ուզում էր ազատվել իրենից ու ՍԴ մյուս դատավորներից։ Իշխանությունը տեւական ջանքեր գործադրեց այդ ուղղությամբ, այդ հարցով անգամ սահմանադրական հանրաքվե էր ուզում անել, քովիդը խանգարեց, ապա օրենքի խախտմամբ՝ ԱԺ որոշմամբ 2020-ին 3 դատավորի վաղաժամ հեռացրին ՍԴ-ից, իսկ Թովմասյանին զրկեցին ՍԴ նախագահի պաշտոնից, բայց նա շարունակեց պաշտոնավարել որպես ՍԴ դատավոր: