08/11/2025

Գորիսում հեչ պարտադիր չէ, որ իրենք ճանաչեն իրենց քոլեջի տնօրենին․ Արտաշես Թորոսյան

Երեկ գրել էինք, որ Գորիսի պետական քոլեջում եւ Գորիսի՝ պրոֆ. Խ. Երիցյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջում դասադուլ եւ գործադուլ է սկսվել։ Քոլեջի դասախոսները եւ ուսանողները պայքարում են երկու քոլեջի միավորման եւ ԿԳՄՍՆ-ի կողմից տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակելու դեմ:

Նրանց պահանջն է՝ չեղարկել ԿԳՄՍ նախարարի կամ նրա տեղակալի հրամանը՝ Գորիսում ստեղծվող բազմագործառութային քոլեջի տնօրենի պաշտոնակատար նշանակելու մասին, տնօրենի պաշտոնակատարի նշանակումը հետաձգել՝ մինչեւ քաղաքացիական գործի դատաքննության ավարտը եւ դատարանի վճռի ուժի մեջ մտնելը: Իսկ եթե հնարավոր չէ տնօրենի պաշտոնակատարի նշանակումը հետաձգելը, ապա տնօրենի ԺՊ նշանակել Գորիսի պետական քոլեջի գործող տնօրեն Կարեն Լազարյանին: Քոլեջի անձնակազմը նաեւ պահանջել է հանդիպում նախարար Ժաննա Անդրեասյանի հետ՝ քննարկելու ստեղծված վիճակը։

«Կշարունակենք գործադուլն այնքան ժամանակ, քանի դեռ վերոնշյալ պահանջները չեն կատարվել»,- հայտնել էին քոլեջից։ «Հրապարակը» զրուցել էր Գորիսի պետական քոլեջի տնօրեն Կարեն Լազարյանի հետ: Նա նշել էր, որ ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանը երեկ այցելել է Գորիս, սակայն երկու քոլեջում էլ դռները նրա առաջ փակել են եւ անգամ չեն լսել նրան:

Քոլեջի տնօրենը մեզ վստահեցրեց, որ ուսանողների պակաս չունեն, չեն հասկանում, թե ինչու են ուզում իրենց քոլեջները միավորել եւ առանց կոլեկտիվի կարծիքը հաշվի առնելու, ինչ-որ անծանոթ անձի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակում: Ասել էր, որ չեն պատրաստվում զիջել նախարարությանը: ԿԳՄՍ նախարարության որոշումը` քոլեջները միավորելու եւ մեկ տնօրենի կողմից կառավարվելու մասին, իրենք անօրինական են համարում․ ո՛չ դասախոսական կազմը, ո՛չ ուսանողները չեն ընդունել եւ չեն ընդունելու դա:

Թեմայի շուրջ «Հրապարակը» զրուցել է Գորիս այցելած ԿԳՄՍ նախարարի խորհրդական Արտաշես Թորոսյանի հետ: 

– Պարոն Թորոսյան, երեկ Գորիսում էիք: Երկու քոլեջում էլ դասադուլ եւ գործադուլ է: Ուսանողներն ու դասախոսները դեմ են  քոլեջները միավորելու որոշմանը, եւ արդեն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել: Երեկ եկա՞ք ընդհանուր հայտարարի, ինչ-որ բան փոխվե՞ց նախարարության որոշումներում, թե՞ ոչ:

– Ես այնտեղ չէի էլ գնացել, որ ընդհանուր հայտարարի գամ ինչ-որ մեկի հետ, ես ուղղակի գնացել էի, որպեսզի ներկայացնեմ քոլեջի ժամանակավոր պաշտոնակատարին, ընդամենը: Բոլոր այն հարցերը, որոնք կապված են քոլեջները միավորելու հետ, այդ հարցերով զբաղվում է հանրակրթության վարչությունը, այդ վարչությունն է տիրապետում մասնագիտական հարցերին, ես ընդամենը գնացել էի, որ նոր ԺՊ-ին ծանոթացնեմ կոլեկտիվի հետ:

– Ներկայացնելու ի՞նչ կարիք կա: Այսինքն` որ քաղաքում կամ գյուղում նոր տնօրեն է նշանակվում, Դուք հատուկ գործուղվում եք տվյալ անձին ներկայացնելո՞ւ:

– Ներկայացնում ենք, թե ով է, ինչ զբաղվածություն եւ կենսագրություն ունի, բոլոր դեպքերում, եթե նոր տնօրեն է նշանակվում, նրան ներկայացնում ենք:

– Քոլեջի երկարամյա տնօրենը մեզ հետ զրույցում ասաց, որ երկու քոլեջից եւ ոչ մեկում չեն ճանաչում նորանշանակ տնօրենին:

– Հեչ պարտադիր չէ, որ իրենք ճանաչեն: Մարդը մասնագիտական կարողություններին համապատասխան ընտրվել է:

– Ինչպե՞ս թե՝ պարտադիր չէ, մարդիկ չիմանա՞ն, թե ում հետ են աշխատելու:

– Ամեն ուսումնական հաստատություն ունի իր վարչությունը, այդ բոլոր մանրամասները հարցրեք տվյալ վարչություններին:

– Բայց Դուք գնացել, հասել էիք Գորիս, ցանկություն էիք հայտնել զրուցելու կոլեկտիվների հետ, առանց մանրամասներն ուսումնասիրելո՞ւ էիք գնացել Գորիս:

– Ընդհանրապես, կա գործընթաց, կան աշխատանքի կազմակերպման քայլեր, որոնք իրականացվել են, սակայն ես մանրամասներին չեմ տիրապետում:

– Տնօրենն ասաց, որ միավորումից եւ տնօրեն նշանակելուց առաջ կոլեկտիվի կարծիքն ընդհանրապես հաշվի չեք առել: Ինչո՞ւ:

– Ես չունեմ կարծիք հաշվի առնելու խնդիր, նախարարությունը` այլ հարց, բայց չեմ կարծում, թե նախարարությունը հաշվի չի առել իրենց կարծիքը:

– 2 քոլեջ դասադուլ, գործադուլ է իրականացնում, եթե կարծիքները հաշվի եք առել, ինչո՞ւ են մարդիկ դասադուլ-գործադուլ անում:

– Ես չգիտեմ, չեմ կարող ասել:

– Այդ դեպքում ինչո՞ւ էիք գնացել Գորիս:

– Գնացել էի նոր տնօրենին ներկայացնելու:

– Պնդում են, որ երկու քոլեջում էլ կան բավարար քանակի ուսանողներ: Ինչո՞ւ են որոշել միավորել այդ հաստատությունները:

– Միավորումը չի ենթադրում թվերի փոփոխություն, ուղղակի երկու հաստատություն միավորվում է, ուսանողներն էլ, դասախոսներն էլ մնում են նույն կազմով եւ շարունակելու են իրենց աշխատանքը:

– Այդ դեպքում ինչո՞ւ են միավորվում:

– Որպեսզի աշխատանքն ավելի ռացիոնալ կազմակերպվի:

– Ի՞նչ ասել է՝ ռացիոնալ, հիմա ռացիոնալ չէ՞ նրանց աշխատանքը:

– Ավելի արդյունավետ կարող է լինել: Չեմ ասում, թե նրանք վատ են աշխատել, սակայն հիմա աշխատանքն ավելի լավ կկազմակերպեն:

– Ի՞նչ պետք է փոխվի, ենթադրենք՝ միավորվեցին, Ձեր խոսքից ստացվում է, որ ընդամենը տնօրենի հարց եք լուծում:

– Դուք ինձնից ուզում եք այնպիսի ինֆորմացիա, որին ես չեմ տիրապետում: