Հրապարակ թերթի հարցազրույցը նախկին ՔՊ-ական, ՄԱՍ կուսակցության համահիմնադիր, ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ։
– Պարոն Ասլանյան, «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը երեկ հայտարարեց, որ «Հայաստան» դաշինքը ստորագրել է իմպիչմենտի նախաձեռնության տակ, առկա է 34 պատգամավորի ստորագրություն, նախագիծը շրջանառելու համար պակասում է 2 ստորագրություն։ Դուք եւ Հովիկ Աղազարյանը, ի վերջո, միանալո՞ւ եք գործընթացին։
– Ոչ, չեմ միանալու, որովհետեւ չեմ ուզում իմ գործողություններով ուժեղացնել Փաշինյանի դիրքերը։
– Այսի՞նքն։
– Այսինքն, իմ ստորագրությունը կդրվի, ոչ մի բան չի լինի, Փաշինյանը կասի՝ տեսա՞ք, որ իմ դեմ խաղ չկա, եւ դուք ձեզնից ոչինչ չեք ներկայացնում, ուզում եք 34 եղեք, ուզում եք՝ 36։ Ես այն գլխից սա համարել եմ իրենցը՝ նոր խաղ, նոր մոտեցում՝ Փաշինյանի դիրքերն ամրացնելու նպատակով։
– Հիմա որ չմիանաք, Փաշինյանի դիրքերը թուլանալո՞ւ են: Իմպիչմենտ չի լինի, չեք ստորագրի` ձեզ էլ կասեն «Նիկոլի պրոյեկտ»։
– Ոչ, չեն ասի, որովհետեւ, եթե իրենք մեր թեկնածուին ասեցին, որ ավելի Նիկոլ ա, ես էլ կասեմ, որ իրենց թեկնածուն ընդհանրապես այն թեկնածուն չի, որ կարողանան Նիկոլի դեմ լուրջ պայքար մղեն, ու այդ բոլորը ձեւական է: Ձեւական է, որ ե՛ւ իրենք լինեն քաղաքական դաշտում, ե՛ւ Նիկոլին պահեն քաղաքական դաշտում ու նրան պահելով` իրենք էլ ամրանան քաղաքական դաշտում։ Որովհետեւ երկուսի գոյությունը մեկը մյուսով պայմանավորված է, ժողովուրդը պետք է հասկանա, որ երկուսին էլ պետք է «ոչ» ասի։
– Բայց Սերժ Սարգսյանի թիմակիցներից առաջ դուք էիք նախաձեռնել իմպիչմենտի գործընթաց․ եթե անիրական էր, ինչո՞ւ էիք նախաձեռնել, որ ամրացնեի՞ք Նիկոլ Փաշինյանի դիրքերը։
– Մենք, այո, նախաձեռնել ենք, մենք իրավունք ունեինք, որովհետեւ միայն Աղազարյանն ու ես էինք ստորագրել եւ քվեարկել այն ծրագրի համար, որը պետք է Փաշինյանն իրականացներ, եւ որից նա շեղվեց, իսկ իրենք ներկա չեն եղել, կներեք, էլի, ես ասացի` ոնց ուզում են, թող ընդունեն։ Կրկնում եմ՝ չեմ գնա այն ճանապարհով, որ ուժեղացնեմ Նիկոլի դիրքերը։
– Ձեր կուսակից Հովիկ Աղազարյանն այլ պարզաբանում է տալիս, թե ինչու չեք միանում․ ասում է՝ նախ պետք է ժամանակավոր կառավարության կազմը կիսել պայմանական չորս ուժերի միջեւ, որից հետո պատրաստ է միանալ իմպիչմենտին։
– Ես չգիտեմ՝ Հովիկ Աղազարյանն ինչի է ուրիշ մեկնաբանություն տալիս, թող տա։
– Ես ուզում եմ հարցնել՝ անգամ եթե նրա պահանջն ընդունվի, եւ նա միանա, Դուք Ձեր դիրքերո՞ւմ եք մնալու։
– Չի լինելու դա, խաբկանք է լինելու, ես չեմ հավատում այդ մարդկանց, ովքեր տարիներ շարունակ խաբել են ժողովրդին ու պետությանը։
– Փաշինյանից էլ շա՞տ են խաբել կամ վատ բան արել։
– Դրա համար էլ ուզում եմ, որ ձեռք-ձեռքի բռնած՝ հեռանան։ Չկա իմպիչմենտի շանս, ՔՊ-ից ոչ ոք չի միանալու, այն էլ՝ 18 հոգի, ձե՞ռ եք առնում։
– Դուք Ձեր ստորագրությունը դեռ տվեք, հետո ՔՊ-ի մասին մտածեք։
– Չէ, մենք արել էինք, թող մեզ միանային, մեր թեկնածուին, թող ՔՊ-ն չմիանար, ինչո՞ւ իրենց թեկնածուն եւ ոչ թե մեր թեկնածուն՝ Էդմոն Մարուքյանը։
– Ձեզ մեղադրելու են գործընթացը տապալելու հարցում։
– Ինչ ուզում են, թող ասեն։
– Այսինքն՝ Դուք որեւէ պայմանով չե՞ք ստորագրելու այդ նախագծի տակ։
– Ոչ, ես չեմ ստորագրելու, ես ունեմ նախապայման, երբ մեր համագումարի ժամանակ Աղազարյանի հետ հայտարարել ենք, որ ոչ մի համագործակցություն Սերժ Սարգսյան-Ռոբերտ Քոչարյան եւ նրանց առանցքում գտնվող ուժերի հետ… դա նախապայման է, եւ համագործակցություն չեմ ունենալու։
– Բայց Աղազարյանն այլ կերպ է նայում իրողություններին։
– Թող նայի, ես կատեգորիկ դեմ եմ իրենց հետ ճանապարհ գնալուն։
– Իսկ հնարավո՞ր է` վախենում եք, որ միանաք Փաշինյանին հեռացնելու գործընթացին, ապա Ձեր նկատմամբ ճնշումներ սկսվեն, ինչպես Աղազարյանի հետ վարվեցին։
– Իմ վրա ոչ մի բան չեն կարող գտնել, եղա՞վ, ինձ մի համեմատեք այդ հարցում, ես օտ ի դո մաքուր եմ, ու իմ վրա ոչինչ չեն կարող գտնել։
– Ձեր նախկին կուսակիցները գուցե խնդրել են, համոզել, զգուշացրել, որ չմիանաք։
– Չհասկացա` Դուք ինձ ձե՞ռ եք առնում, ես թքած ունեմ․․․ էդ էր պակաս, որ մարդիկ ինձ զանգեին կամ ինչ-որ մի բանով․․․․ Գիտեք ինչ կա` ես իմ վախերը ռազմի դաշտում թողել-եկել եմ, մյուս անգամ ինձ հետ վախերից չխոսեք, եղա՞վ, ես վաղուց անցել եմ այդ ճանապարհը ու վաղուց բազմաթիվ անգամ եմ մեռել։






Բաց մի թողեք
Ադրբեջանցիները կանգնեցրել են մեքենան, ասացին՝ Շուշիում պետք է ծննդաբերես․ Արցախում ծնված վերջին հայի պատմությունը. Լուսանկարներ
Պոլիտեխնիկում մոռացել են ռեկտորի նոր մրցույթը հայտարարել, հոգաբարձուների խորհուրդ էլ չունեն․ Լուսանկար
600 միլիոն դրամ Հանրապետության հրապարակը զարդարելու համար