15/11/2025

Ժողովուրդը պիտի ապրի, որ այդ ապրածով հաղթի նրանց, ովքեր չեն ուզում մեր ապրելը

Սեպտեմբերի 29-ին պաշտպանության նախարարության շենքի մոտ անհետ կորածների հարազատների ու ոստիկանության աշխատակիցների միջեւ քաշքշուկից հետո ձերբակալվել էին անհետ կորած զինծառայողների երկու հարազատները` Արսեն Ղազարյանն ու Ապիջան Սարգսյանը։

Արսեն Ղազարյանին դատարանը մեկ ամսով կալանավորեց․ նա պատերազմում կորցրել է եղբորը, իսկ եղբորորդին անհետ կորած է։ Վերջերս տեղեկացանք, որ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը պարգեւատրվել է Հայրենիքին մատուցած ծառայությունների համար 1-ին աստիճանի շքանշանով։ Այս հարցերի, ընդդիմության, նախընտրական թոհուբոհի մասին

«Հրապարակը» զրուցել է Հայաստանի վաստակավոր արտիստ, ազատամարտիկ, երգիչ-երգահան Դավիթ Ամալյանի հետ, որի որդին պատերազմի հերոս Վարդան Ամալյանն է:

– Անհետ կորածների հարազատին են ձերբակալում, որն առողջական լրջագույն խնդիրներ ունի:

– Այս իշխանությունների գործելաոճն ընդհանրապես չի զարմացնում, ոչ մի բանով չի զարմացնում։ Բազմիցս ասել եմ՝ այս իշխանությունների բոլոր գործերն ինձ համար անսպասելի չեն, եւ ես սրա տառապանքը տեսել եմ այն ժամանակ, երբ որ իր կողքի քայլողների քանակը շատացավ 2018 թվականին։ Արդեն այդ ժամանակ վատ էր: Թե հետո ինչ եղավ՝ մնացածն արդեն դրա հետեւանքներն էին: Թե ում փողերով եղավ, հիմա ակնհայտ է, որ մեր հակառակորդ կողմերի ներդրումն էր: Ես ցավում եմ բոլորի համար․ սա այն պահն է, երբ մարդ վատ է զգում, որ ազատության մեջ է, բայց դեռ այդպես է՝ տեսնենք: Բայց ես հավատում եմ, վստահ եմ, որ լավ է լինելու, ուղղակի այս դժվարությունները պիտի հաղթահարենք։

– Արտգործնախարար Վահան Կոստանյանը պարգեւատրվել է հայրենիքին մատուցած ծառայությունների համար մեդալով։

– Մի դիպված պիտի պատմեմ․ Ռուբեն Հախվերդյանի տանն էի, ինչ-որ մեկը երգում էր, արագ ալիքը շուռ տվեց, ասեց՝ ռադ արա, էդ Սյուզիից զզվում եմ։ Ուզեցա տեսնել, թե այդ Սյուզին ով է, ասեցի՝ ո՞վ է Սյուզին, ասեց՝ չգիտեմ, դրանց սաղին Սյուզի են ասում: Հիմա ինձ համար այդ անուն-ազգանունները ոչինչ չեն ասում, ինձ համար բոլորը ՔՊ-ի կամ Սյուզիի անվան տակ գնում են, ես դրանց չեմ էլ ճանաչում։ Մի քանի հոգու անձնական հարաբերություններով պայմանավորված, ճանաչված մարդիկ կան, որ ստիպված ճանաչում եմ: Բայց մնացածին՝ ո՛չ ցանկություն ունեմ իրենց անուն-ազգանուններին ծանոթանալ, ո՛չ իրենց դեմքերին, ո՛չ էլ ձայներին:

– Ընտրություններն են մոտենում, եւ Փաշինյանի կողմից ավտորիտար դրսեւորումներն էլ ավելի ինտենսիվ են դառնում։ Ի՞նչ նոր դրսեւորումների կարող ենք ականատես լինել։

– Ոչինչ անսպասելի չէ իրենցից, բայց մենք էլ պիտի գնանք պայքարելու՝ հանուն արդարության: Ցանկալի կլիներ, որ ընտրություններին չհասներ, բայց եթե հասնի էլ, պիտի մարդիկ հասկանան, որ հանուն ապրելու։ Երբեւէ որ ասում են խաղաղությունը կյանք է, այդպես չէ, սա խաղաղություն չէ, այն տանում է շատ վատ տեղ։ Խաղաղություն կլինի միայն այն դեպքում, երբ մենք վաստակենք այդ խաղաղությունը, իսկ վաստակել հնարավոր է միայն առանց Թուրքիայի եւ Ադրբեջանի միջամտության։

– Ընդդիմությունը համախմբվելու նշաններ ցույց տալի՞ս է։

– Որքանով ես եմ հասկանում տեղի ունեցողը եւ ընդունում եմ, որ ընդդիմությունը պսեւդո չմիասնական է հանդես գալիս, եւ ցանկություն ունեմ, որ ի վերջո միանան։ Բայց, հավանաբար, այնտեղ ամեն մի անունի հետ մի ամբիցիա կա, եւ երեւի թե առանձին ներկայանալն ավելի լավ կլինի:

– Հանրությունը, ժողովուրդն ի՞նչ տրամադրվածություն ունի, ըստ Ձեզ:

– Եթե նայենք իրենց ֆեյքերի գրածներին՝ ժողովրդի տրամադրվածությունը վատն է, բայց իրենց ֆեյքերը մի քանի հոգի են՝ շատ էջերով:

– Ֆեյքահայաստանից դուրս եթե դիտարկենք, գետնի վրա ՀՀ քաղաքացիները՝ հայ, եզդի, ասորի ու այլ ազգային փոքրամասնությունները, արդյոք կմիանա՞ն բողոքի ալիքին ու փողոց դուրս կգա՞ն։

– Ես հավատում եմ, որ կլինի, կգա այդ օրը, որ հայերը, ասորի, թե եզդի, կարեւորը՝ իրենց Հայաստան պետության քաղաքացի համարողները, ովքեր չեն ուզում Թուրքիայի վիլայեթի բնակիչ դառնալ, հուսամ, որ գոնե վերջին պահին կկանգնեն այն ուժի կողքին, որը Հայաստան է ուզում, ոչ թե չգիտեմ ինչ։

– Մեր վերջն ի՞նչ է լինելու։

– Լուսավոր։ Թող ոչ ոք պեսիմիստ չլինի, որովհետեւ այդ վատ տրամադրվածությունն ի վերջո նպաստում է վատ ցանկություն ունեցողներին, որոնք այսօր իշխանության են: Դրա համար մենք դատապարտված ենք ապրելու, ուժեղ լինելու եւ նույնիսկ կալանավորված ժամանակ չտխրելու, ինչպես սրբազաններն են անում եւ իմ բոլոր ընկերները: Եվ սենտիմենտալ չլինելու: Ուժեղ, ամուր, ժպիտով ապրել է պետք, որովհետեւ հակառակ կողմը դրան է գնում, որ մենք թուլանանք, պառակտվենք, կոտրվենք՝ դա իրենց նպատակն է։ Որպեսզի իրենց նպատակը չիրականանա, առաջինը հենց ապրել է պետք: Մեկ-մեկ ընկերներ ունեմ, կամ իմ շրջապատում շատ մարդիկ ասում են՝ այ մարդ, ի՞նչ սրտով են հարսանիք անում։ Չէ, պիտի հարսանիքներ էլ անեն, կնունքներ էլ, խնջույքներ էլ։ Ի վերջո, ժողովուրդը պիտի ապրի, որ այդ ապրածով հաղթի նրանց, ովքեր չեն ուզում մեր ապրելը։ Ի վերջո, պետք չէ սպասել, թե երբ լույսը կմոտենա․ որ չմոտենաս, լույսը երբեք չի գա․․․