«Մեր ձևով» ժողովրդական շարժումը կոչ է անում միավորվել և բարձրացնել արդարության ձայնը՝ ազգային արժեքների ու ինքնության պաշտպանության համար:
Այսօր` հոկտեմբերի 18-ին, ժամը 16:30, Երևանի Ազատության հրապարակում «Մեր ձևով» ժողովրդական շարժումը հրավիրում է հանրահավաք՝ ի աջակցություն ապօրինի կալանավորված ազգային բարերար Սամվել Կարապետյանի, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սրբազան հայրերի և բոլոր քաղբանտարկյալների:
Թեմայի մասին «Հրապարակը» զրուցել է շարժման անդամ, սահմանադրագետ Գոհար Մելոյանի հետ:
– Ի՞նչ ակցիա է նախատեսված: Ըստ Ձեզ` այն ի՞նչ ազդեցություն կունենա և վերջապես չկա՞ մտավախություն, որ փաշինյանական ռեժիմը արդեն կարող է խաղաղ ակցիայի մասնակիցներին էլ կալանավորել: Այնպիսի ժամանակներում ենք ապրում, որ ոչ մեկն ապահովագրված չէ ստալինյան կարգեր հիշեցնող փաշինյանական իշխանությունից:
– Այնպիսի իրավիճակում ենք հանգրվանել, որ այո, իրավացի եք, ոչ մեկս արդեն չունենք երաշխիքներ, որ մեր հիմնարար իրավունքները չեն ոտնահարվի, սակայն հանրահավաքներ իրականացնելը դառնում է անհրաժեշտություն, պայմանավորված իրավախախտումների և իրավունքի ոտնահարման գերակայության առատությամբ պայմանավորված: Պատկերացնո՞ւմ եք այնպիսի կարմիր գծեր են արդեն հատում, որ իրավապահ մարմինները օրը ցերեկով եկեղեցի են փակում, ապա խուզարկում, այն դեպքում, երբ առանց բացառությունների բոլոր ոլորտներում հանցագործությունները սրընթաց աճ են արձանագրում: Հասել ենք նրան, որ հոգևորականներին արդեն առևանգում են ու անունը դնում` ձերբակալություն: Իրավիճակն այն աստիճան կրիտիկական է, որ պաշտպանները ժամեր շարունակ չեն կարողանում նույնականացնել հոգոևորականներին, տեղեկություն չեն ստանում, թե որ հոգևորականին, որ ուղղությամբ են տարել: Արդեն երրորդ սրբազանին են տանում կալանքի: Այս պայմաններում սպասելի է, որ մարդկանց գերակա իրավունքները կարող են խախտվել, սակայն որքան շատ լռենք, որքան շատ անգործության մատնվենք, այնքան մասշտաբային է դառնալու այս ամենը: Հենց այդ նպատակով հրավիրում ենք հանրահավաքի: Հանրահավաքը իրավական պետությանը հարիր, օրենքի շրջանակներում թույլատրելի միջոց է, որով մարդիկ իրենց անհամաձայնությունն են հայտնում հակաիրավական գործընթացներին: Հրավիրվում է հանրահավաք, որպեսզի արձանագրենք և մեր անհամաձայնությունը հայտնենք իշխանություններին և ի ցույց դնենք աշխարհին, որ մեզ համար ընդունելի չէ այն ամենն, ինչ կատարվում է Հայաստանում: Այսքան քաղաքական բանտարկյալներ, այսպիսի հակաիրավական գործողություններ, այս ամենը պարզապես չի կարելի հանդուրժել:
– Մարդիկ, կարծես, հետաքրքրված են Սամվել Կարապետյանով, հարցումներն էլ ցույց են տալիս, որ մարդիկ նրան դրական են վերաբերվում, ի տարբերություն որոշ այլ ընդդիմադիր առաջնորդների: Ի՞նչ եք կարծում` կարո՞ղ է «Մեր ձևով» շարժումը ընդդիմադիր մյուս շարժումներից դրական իմաստով տարբերվել:
– Լիահույս եմ, որ այո: Անգամ Նիկոլ Փաշինյանի համակիրների շրջանում է միանշանակ, որ Սամվել Կարապետյանը կալանավորված է ապօրինաբար ուստի` քաղաքական բանտարկյալ է: Միանշանակ է մի բան` Կարապետյանին կալանավորեցին, որովհետև նա չհանդուրժեց եկեղեցու դեմ արշավը: Մի քանի բառի համար վերջինիս փորձեցին պատժել: Միանշանակ է, որ մարդիկ Սամվել Կարապետյանին դրական պետք է վերաբերվեն: Շատ ու շատ քաղաքացիներ նրա բարեգործություններին ուղիղ իմաստով առնչվել են: Ես որպես ՀՀ քաղաքացի չէի պատկերացնում բարեգործությունների մասշտաբն ու քանակը: Այժմ Կարապետյանի ընտանիքը ստիպված հերթով գույքագրում է այդ ամենը, որպեսզի ցույց տա իրականությունը, քանի որ ի հեճուկս այդ ամենի, իշխանությունը փորձում է պնդել հակառակը: Կարապետյանը հարյուրավոր միլիոններ է ներդրել ՀԷՑ-ի վերակենդանացման գործում, սակայն այժմ դա հերքում են այն մարդիկ, ովքեր «Էլեկտրիկ Երևան» էին կազմակերպում: «Էլեկտրիկ Երևանի» հիմքում ինչ խնդիրներ էին, հենց ՀԷՑ-ի հետ կապված խնդիրներ էին: Կարապետյանն իր վրա վերցրեց ողջ այդ բեռը, վերակենդանացրեց այդ կառույցը, հիմա փորձում են այնպիսի անտրամաբանական ստեր տարածել, որ ուղղակի ծիծաղելի է: Վստահ եմ, որ մարդիկ չեն հավատում այդ ստերին, ուստի գնահատում են Կարապետյանին: Հանրային ընկալումը նրա հանդեպ ծայրաստիճան դրական է, իսկ այն փաստը, որ նա քաղաքական բանտարկյալ է, միանշանակ է:
– Ակցիան ի աջակցություն Սամվել Կարապետյանի և մյուս քաղաքական բանտարկյալների է: Ի՞նչ ակնկալիքներ ունեք այս առումով:
– Այո, ակցիան ի աջակցություն բոլոր քաղաքական բանտարկյալների է, ի աջակցություն Հայ առաքելական եկեղեցու է և ցպահանջ արդարության է: Ակնկալիքը առաջին հերթին այն է, որ մեր ֆիզիկական ներկայությամբ պետք է սաստել իշխանություններին և բարձրացնել մեր ձայնը ու պնդել, որ անհաշտ ենք այս ապօրինությունների հետ: Յուրաքանչյուր քաղաքացի զսպանակ է լինելու իշխանության հետագա գործողություններին:






Բաց մի թողեք
ԵՊՀ-ի դեմ տասը դատական հայց է ներկայացվել
Պապոյանը մեծ-մեծ խոսում է, Չինարիում կառալյոկը չեն կարողանում իրացնել, փոխում են կարտոֆիլի հետ
Գրիգոր Մինասյանն ու Կարեն Անդրեասյանը սխալ են արել, ինչը փաստագրվել է ՄԻԵԴ որոշումներով