14/11/2025

Ոչ միայն որևէ ձևով չենք բանակցում իշխանության հետ, այլև դրա մտադրությունն էլ չունենք

«Հրապարակը» մի քանի հարց է ուղարկել «Մեր ձևով» շարժման համակարգող խորհրդին, պատասխանել է մամուլի հետ կապերի պատասխանատու Մարիաննա Ղահրամանյանը:

– Ապօրինի կալանքի տակ գտնվող բարերար, գործարար Սամվել Կարապետյանի կալանքը նորից երկարաձգվեց. ի՞նչ եք մտադիր անել, փաստաբանական ահռելի թիմը կարողանալու է դիմադրե՞լ արդարադատության մամլիչին: 

–Շարունակելու ենք պայքարը նույնիսկ արդարադատության բացակայության պայմաններում:

– Բացի այդ, Կարապետյանի մեղադրանքը փոփոխվել է։ Առաջադրված երկու նոր մեղադրանքներին ավելացվել է ևս մեկը` տնտեսական բնույթի: Նախընտրական գործընթացներից առաջ իշխանությունները նոր «արշա՞վ» են սկսում:

– Նոր՝ տնտեսական բնույթի անհեթեթ մեղադրանք բերելու փաստն ինքնին խոսում է այն մասին, որ իշխանությունները ճնշումների են ենթարկվում, եւ այդ ճնշումներից մեկը, բնականաբար, այն ընդվզումն է, որն արձանագրվում է ժողովրդի կողմից՝ տարբեր դրսեւորումներով՝ և՛ ցույցերով, և՛ սոցիալական հարթակներում դժգոհությամբ: Եվ,  իշխանություններն, այդ ճնշումների պարագայում, հասկանում են, որ չունեն արդարացում՝ «մեր ձևով» արտահայտության համար Սամվել Կարապետյանին կալանավորելու համար: Իրենք փորձում են  հիմնավորում գտնել, թե ինչու պետք է Սամվել Կարապետյանը բանտում գտնվի ևս ինչ–որ տևական ժամանակ: Սա նշանակում է, որ այդ ճնշումները տեղին են, սա նշանակում է, որ իշխանությունները ելքեր են փնտրում: Թո՛ղ փնտրեն, կարծում եմ՝ չեն գտնելու: Դուք, վստահ եմ, լսել եք Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի գնահատականները առաջադրված տնտեսական բնույթի մեղադրանքների վերաբերյալ, որոնք, ինչպես վերջերս պարոն Կարապետյանի ապօրինի կալանքը երկարաձգելու միջնորդության քննարկմանը հաջորդած ճեպազրույցի ժամանակ հայտարարեց պաշտպանական թիմի անդամ Արամ Վարդևանյանը, նույնիսկ հիմնավոր կասկածի շեմը չեն հաղթահարել:

– Օրերս, «Հրապարակի» հետ զրույցում Կարապետյանի փաստաբան Ռոբերտ Ամստերդամը նշել էր, որ հայ բարերարի ազատ արձակման համար պայքարի երկու իրական ճակատ կա՝ միջազգային լոբբինգ և ՀՀ իշխանությունների հետ երկխոսության փորձ: Երկրորդ սցենարը իրատեսական համարու՞մ եք՝ հատկապես նոր մեղադրանքների ֆոնին:

–Ո՛չ ինքը՝ Կարապետյանը, ո՛չ «Մեր ձևով» շարժումը, ո՛չ շարժման ներկայացուցիչներից  որեւէ մեկը ոչ միայն  որեւէ կերպ չի բանակցում իշխանությունների հետ, այլեւ չունի նման մտադրություն: Նման մտադրությունն ընդհանրապես մերժվում է, իսկ պարոոն Ամստերդամը նկատի է ունեցել ընդհանրապես գոյություն ունեցող հնարավորությունները՝ տեսականորեն: Տեսականորեն ի՞նչ հնարավորություններ կան հարցը լուծելու՝ մեկը պայքարն է, մյուսը՝ բանակցությունները: Նա նախանշել է բոլոր տարբերակները:

– Իրողությունն այն է, որ Կարապետյանին կալանավորեցին Հայ Առաքելական եկեղեցուն սատարելու պատրվակով, բայց ոչ այդ հիմքով…

–Այո՛, հիմքերը բացակայում են:

– Հստակ հայտարարել եք, որ շարժումը չի քննարկում և ապագայում չի էլ քննարկելու ՀՀ նախկին նախագահների գլխավորած քաղաքական ուժերի հետ ընտրական դաշինք կազմելու հնարավորությունը։ Զուգահեռաբար շարժումը գրասենյակներ է բացում մարզերում նոր համախոհներով համալրվելու մասին է պաբերաբար հայտարարում: Կկարողանա՞ շարժումը արդյունավետ ձև ու բովանդակություն հաղորդել 2026-ի ընտրություներին:

– Ճիշտն ասած, դժվար է պատկերացնել, որ քաղաքական բովանդակությունը կարող է սահմանափակվել ինչ–որ բանով, մասնավորապես, ընտրություններին մասնակցող ուժերի քանակով, դրանց  փորձառու կամ անփորձ լինելով: Այսինքն, քաղաքական բովանդակությունը հաստատ հարուստ է լինելու եւ իհարկե, կարողանալու ենք այդ բովանդակությունը փոխանցել, իսկ մարզերում բացվող գրասենյակներից մեր ընտրողները, առնվազն, պետք է  անեն հետեւյալ եզրակացությունը՝ մենք ոչ թե ժամանակավոր խնդիրներ ենք լուծում, այլ ուզում ենք երկարատև և ամբիցիոզ խնդիրներ դնել մեր առաջ եւ լուծել դրանք՝ մարդկանց հետ շփվելով, քննարկելով, տեղերում ներկա գտնվելով, տեղային խնդիրները լավ իմանալով: Մեր մարզային գրասենյակների բացումը սա է նշանակում: Չենք կասկածում, որ 2026թ. ընտրություններին լուրջ հաջողություն ենք գրանցելու:

– Մի կողմից խորհրդարանական ընդդիմությունը հայտարարում է վարչապետ Փաշինյանին անվստահություն հայտնելու գործընթացի մասին, մյուս կողմից՝ որոշ ընդդիմադիր ուժեր իրատեսական են համարում ընտրությունների անցկացումը: Ինչ վերադասավորումների սպասել:

– Գիտե՞ք, հասարակական եւ  ներքաղաքական լարվածությունը, ինչպես նաեւ խնդիրների մասշտաբը այնպիսին է, որ ցանկացած զարգացման հնարավոր է սպասել, բայց հիմա դրանք դժվար է կանխատեսել: Մեկ բան ակնհայտ է՝ եթե գործը հասավ խորհրդարանական  ընտրություններին, ապա, իհարկե, այն քաղաքական ուժը, որը  ստեղծվելու է «Մեր ձեւով» շարժման հենքի վրա, անպայման մասնակցելու է այդ ընտրություններին եւ չե՛նք կասկածում, որ լուրջ հաջողություն ենք գրանցելու: