13/11/2025

165 կմ ճանապարհ են անցել, հասել Կիրանց, սակայն Կիրանցի բնակիչներին այդպես էլ չեն հանդիպել

Նիկոլ Փաշինյանն անցած շաբաթ օրը՝ հոկտեմբերի 25-ին, Հանրային խորհրդի անդամների հետ մեկնել էր Կիրանց։

Հրապարակ թերթը գրել է․ Ավտոբուսի մեջ եւ նորահայտ սահմանի` Կիրանցի պատի մոտ ելույթ ունեցող Նիկոլ Փաշինյանը զբոսավարի էր նման, որը տուրիստական խմբին ներկայացնում է Տավուշի տեսարժան վայրերը, իսկ տուրիստներն էլ` հանձինս Հանրային խորհրդի անդամների, ուշադիր լսում են գիդի պատմածները։

Նիկոլ Փաշինյանն ու ՀԽ անդամներն այցելել էին նաեւ Կիրանցի վերանորոգվող Սուրբ Երրորդություն եկեղեցի ու նորակառույց հիմնական դպրոց: Փաշինյանը Կիրանցում հայտարարել էր․ «Նախկինում այստեղ ճանապարհը փոսերով էր, իսկ այժմ ամբողջ հատվածը նոր է կառուցվել»։

Իրականում` նախկինում այդտեղ նորմալ ճանապարհ էր, իսկ նոր ճանապարհը կառուցվել է ոչ թե փոսերի, այլ այն պատճառով, որ գյուղի ծայրով ձգվող Հայաստան-Վրաստան միջպետական ավտոճանապարհի մեծ հատվածը, այդ թվում՝ Կիրանցի կամուրջը, սահմանազատման անվան տակ, միակողմանի կերպով, ապօրինի ձեւով 2024 թվականին հանձնել են Ադրբեջանին։

Նիկոլ Փաշինյանը Հանրային խորհրդի անդամներին հայտարարել էր, թե Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցին նորոգվում է կառավարության միջոցներով՝ 55 միլիոն դրամով։ Նկատենք, որ կառավարությունը սեփական ֆինանսական միջոցներ չունի, ծախսում է հարկատուներիս մուծած հարկերից գոյացող պետական բյուջեի գումարները։

Փաշինյանը Կիրանցի եկեղեցին վերանորոգող շինարարական կազմակերպության ղեկավարին հարցրել է, թե երբ է ավարտվելու վերանորոգումը, շինկազմակերպության ղեկավարը դադարից հետո պատասխանել է, որ նորոգումը կավարտվի դեկտեմբերին։ Սակայն նորոգման ընթացքին ծանոթ մարդիկ ասում են` կասկածելի է, որ մեկ ամսից` դեկտեմբերին, Կիրանցի եկեղեցու վերանորոգումն ավարտված կլինի։

2024թ․ սեպտեմբերին բացված Կիրանցի հիմնական դպրոցում Նիկոլ Փաշինյանը հատուկ շեշտել է, որ Կիրանցի դպրոցի սարքավորումներից մեկը «Արմատ» լաբորատորիան է տրամադրել, մյուսը՝ կառավարությունը, եւ Հանրային խորհրդի անդամներից մեկն առիթը բաց չի թողել՝ Նիկոլ Փաշինյանին հաճոյախոսելու, թե վարչապետը լավ էլ հիշողություն ունի։

Սակայն շատ ավելի կարեւոր բաներ Նիկոլ Փաշինյանը սխալ է «հիշել», օրինակ` Կիրանցի հիմնական դպրոցի աշակերտների թիվը: Նա հայտարարել է, որ Կիրանցի դպրոցն այժմ ունի 42 աշակերտ։ Մինչդեռ, ըստ Տավուշի մարզպետարանի, այս ուսումնական տարում Կիրանցի դպրոցում 37 աշակերտ է սովորում։

Կիրանցի դպրոցի պատին փակցված է Փաշինյանի սիրելի կարգախոսը․ «Լավ սովորիր, որ լավ ապրես»: Բայց այս կարգախոսը ոչ մի կերպ համատեղելի չէ իր իսկ խոստովանության հետ, որ ինքն ու իր գլխավորած կառավարության անդամները 7 տարի մնացել են առաջին դասարանում: Միեւնույն ժամանակ դա չի խանգարում, որ պետբյուջեի հաշվին «լավ ապրեն»։

Կիրանցի դպրոցում Փաշինյանը պատմել է այն մասին, որ Հայաստանի նորակառույց դպրոցներից մեկում լոգասենյակը դպրոցի գործարկման օրից 6 ամիս չի օգտագործվել։ Իսկ ինչպես եղավ, որ նա չտեսավ, որ Կիրանցի դպրոցին տրված 2 հեծանիվները` որպես ցուցանմուշ, դրված են դպրոցի մարզադահլիճում, եւ դրանք դպրոցականները չեն օգտագործել։
Վարչապետ Փաշինյանը, Հայաստանի Հանրային խորհրդի անդամները շաբաթ օրը Երեւանից 165 կմ ճանապարհ են անցել, հասել Կիրանց, սակայն Կիրանցի բնակիչներին այդպես էլ չեն հանդիպել։

Նիկոլ Փաշինյանը եթե հանդիպեր սահմանամերձ Կիրանցի բնակիչների հետ, նրանցից  կիմանար, որ 2024թ․ դեկտեմբերին Կիրանց գազատար է անցկացվել, սակայն գյուղի տները գազատարին մինչ օրս միացված չեն, գյուղացիները չեն կարողանում օգտվել երկնագույն վառելիքից։

Փաշինյանը Կիրանցի բնակիչներից  կտեղեկանար նաեւ, որ Կիրանցում շատ քիչ  ընտանիքներ են անտառից մինչեւ 8 խմ թափուկ անվճար վառելափայտ բերել, եւ որ մինչեւ հիմա գյուղում ոչ մի հեկտար աշնանացան չի արվել։ Լավ է, որ միջպետական ճանապարհի եզրին գտնվող, 19-րդ դարի կառույց Սուրբ Երրորդություն եկեղեցին պետական ֆինանսավորմամբ նորոգվում է, մինչդեռ պետության պահպանության տակ գտնվող, Կիրանցի ու հարակից անտառներում հառնող մեր հնամենի, նշանավոր վանքերը՝ Կիրանցը, Առաքելոցը, Սամսոնի վանքը, Դեղձնուտը, քանդվում են, դրանց նորոգման նպատակով պետական բյուջեից, այլ աղբյուրներից գումարներ չեն հատկացվում: