Vesty.go.il առցանց լրատվամիջոցը հայտնում է, որ Թուրքիան նոյեմբերի 7 –ին Իսրայելի 37 պաշտոնյաների ձերբակալության օրդեր է ձևակերպել: Նրանք, այդ թվում վարչապետ Նաթանյահուն, պաշտպանության և ազգային անվտանգության նախարարներ Կացը և Բեն-Գվիրը, Գլխավոր շտաբի պետ Զամիրը «ենթակա են անհապաղ ձերբակալության»:
Նշված և մյուս անձինք, որոնց շարքում կան նաև բարձրաստիճան զինվորականներ, մեղադրվում են Գազայուն «ցեղասպանություն կազմակերպելու և իրականացնելու մեջ»: Նման որոշում ընդունվել է Ստամբուլի փաստաբանների կոլեգիայի կողմից ներկայացված հայցի հիման վրա:
Իսրայելցի մեկնաբանները գտնում են, որ այդ քայլը «որևէ իրավական հետեւանքներ չի կարող ունենալ, քանի որ իսրայելցի պաշտոնյաների Թուրքիա մուտքն արգելված է»: Նրանք համոզված են, որ Էրդողանը նման որոշում է կայացրել «քաղաքական նկատառումներից դրդված»:
Ինչպես հայտնի է, Իսրայելի վարչապետ Նաթանյահուն հաստատակամորեն մերժում է Գազայում «միջազգային կայունացնող ուժերի» կազմում թուրք զինվորականների ներկայությունը: Ըստ իսրայելցի վերլուծաբանների, Նաթնայահուի համար, սակայն, «շառ դժվար է մերժել նաև Գազայում վերականգնողական ծրագրերին թուրքական ընկերությունների մասնակցությունը»:
Ստամբուլի փաստաբանների կոլեգիայի նախագահ Շամլին մամուլի ասուլիսում հայտարարել է, որ ձերբակալության օրդերների գործողության ժամանակի սահմանափակում «չի կարող լինել, քանի որ ռազմական հանցագործությունների նկատմամբ վաղեմության ժամկետը միջազգային իրավունքի ուժով կիրառելի չէ»:
Էրդողանի այս որոշումը լրջագույն մարտահրավեր է Ադրբեջանի և անձամբ Իլհամ Ալիևի համար: Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունների հիմքում դրված է «մեկ ազգ՝ երկու պետություն» սկզբունքը:
Ի տարբերություն Անկարայի, Գազայի պատերազմի անցած երկու տարիներին Բաքուն Թել-Ավիվի հետ դիվանագիտական հարաբերությունները և համագործակցությունը չի խզել: Մայիսի 7-ին, երբ անոնսավորված էր Իսրայելի վարչապետի գրեթե մեկշաբաթյա այցը Բաքու, Թուրքիան Նաթանյահուի ինքնաթիռի համար իր օդային տարածքը չբացեց, ինչի պատճառով իսրայելա-ադրբեջանական հարաբերություններում արձանագրվել է որոշակի հետընթաց:
Իսրայելի վարչապետի, երկու նախարարի, Գլխավոր շտաբի պետի և այլ բարձրաստիճան զինվորականների նկատմամբ ձերբակալության օրդեր լիրառելու որոշումը խիստ երկիմաստ դրություն է ստեղծում Ադրբեջանի համար:
Ըստ էության, այդ պաշտոնյաների Բաքու այցելությունները խափանվում են: Նկատի ունենալով Թուրքիայի և Ադրբեջանի պետական համակարգերի և իրավապահ մարմինների համագործակցության մակարդակը, դժվար է պատկերացնել, որ Իսրայելի պաշտպանության նախարարը կարող է Բաքու այցելել:
Էրդողանը փաստացի արգելափակում է նաև Ադրբեջանի պաշտոնյաների Իսրայել այցը: Պարզապես նոնսես է մտածել, թե Ալիևը կամ նրա պաշտպանության նախարար Հասանովը կարող են հանդիպել Թուրքիայի կողմից «ռազմական հանցագործ» և «անհապաղ ձերբակալության ենթակա» ճանաչված Նաթանյահուի և Կացի հետ: Էրդողանի նկատմամբ նման դեմարշ Ալիևը երբեք թույլ չի տա, չի կարող թույլ տալ:
Ըստ երևույթին, Էրդողանը նաև Ադրբեջանն Իսրայելից հեռացնելու նպատակ է հետապնդում: Այս առումով չափազանց խորհրդանշական է, որ Իսրայելի բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության օրդեր Թուրքիան տվել է նույն օրը, երբ թուրքական երկիր Ղազախստանը հայտարարել է «Աբրահամյան համաձայնություններին» միանալու մասին: Իսկ դա ենթադրում է կողմերի միջև թաստաթղթի ստորագրում:
Պետք է սպասել, թե Էրդողանն ինչպե՞ս կարձագանքի Տոկաև – Նաթանյահու հանդիպմանը:






Բաց մի թողեք
ԵՄ-ն շրխկացնում է դռները Վրաստանի առջև
Էրդողանը «համոզված է, որ «հաղթանակը» տոնում են թուրքախոս բոլոր երկրները»
ԱՄՆ կողմից Օրբանի նկատմամբ «վերահսկողության հաստատումը» նպաստավոր է նաև Հայաստանի համար