Ադրբեջանում էյֆորիկ վիճակ է, եթե չասենք՝ համազգային «պսիխոզ»՝ կապված նոյեմբերի 8-ին Բաքվում կայացած զորահանդեսի հետ, որը նվիրված էր Արցախյան 44-օրյա պատերազմի 5-ամյակին:
Ռազմականացված բռնապետական երկրի համար սա բնական է, քանզի, այսպես կոչված, «փառահեղ հաղթանակի հոբելյանական զորահանդեսը» ոչ միայն նոր սպառազինությունների ցուցադրման հերթական պատեհությունն էր, այլեւ Հայաստանի նկատմամբ իրական ու շարունակական «տարածքային պահանջների, սպառնալիքների» վերահնչեցման շոու: Ադրբեջանական իշխանամերձ շրջանակներն ու մասմեդիան անթաքույց հայտարարում են․ «Ռազմական շքերթն ամենից առաջ տեղեկատվություն է տրամադրում երկրի զինված ուժերի վիճակի եւ զարգացման միտումների մասին: Այն նաեւ մեծ դիվանագիտական միջոցառում է: Արտասահմանյան հյուրերի եւ դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչների ներկայությունը տրիբունաներում նույնպես շատ բան է ասում»:
Ինչպես հայտնի է, Բաքվի զորահանդեսը գրավել է զգալի թվով օտարերկրյա հյուրերի. պատվավոր հյուրի կարգավիճակում ներկա էին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Պակիստանի վարչապետ Մուհամադ Շահբազ Շարիֆը, նաեւ՝ Սլովակիայի փոխվարչապետ եւ պաշտպանության նախարար Ռոբերտ Կալինյակի գլխավորած պատվիրակությունը, Սերբիայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ Միլան Մոյսիլովիչը, Ղազախստանի պաշտպանության նախարար Դաուրեն Կոսանովը, Սաուդյան Արաբիայի եւ Ուզբեկստանի պաշտպանության փոխնախարարները, Ղրղզստանի պաշտպանության նախարարը, Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետներ: Մի կողմ թողնենք այն, որ այս խմբում եղել են նաեւ Հայաստանի հետ ռազմական եւ դաշնակցական հարաբերությունների մեջ գտնվող որոշ, մասնավորապես ասիական երկրների բարձրաստիճան զինվորականներ (ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ պետությունների ներկայացուցիչներ), թեպետ փաստն ինքնին զարմանալի չէ՝ այդ երկրներն առաջիններից էին, որ շտապեցին «Ադրբեջանին շնորհավորել Ղարաբաղում տարած պատմական հաղթանակի» կապակցությամբ։ Առավել տարակուսելի է, որ Ադրբեջանում սկսել են «ներկա-բացակա» անել, թե ովքեր եւ ինչու չայցելեցին Բաքու՝ զորահանդեսին մասնակցելու:
Իշխանամերձ քարոզչակայք Minval Politika-ն պարզել է, որ շքերթի ժամանակ տրիբունաներում եղել է 75 երկրի ներկայացուցիչ. «Դրանցից 37-ը, այդ թվում՝ Ռուսաստանը, Ուկրաինան, Չեխիան, Հունգարիան, Մոլդովան, Չինաստանը, Իսրայելը եւ Իրանը, ներկայացված էին դեսպանների մակարդակով։ Միացյալ Թագավորությունը, Չիլին, Աֆղանստանը, Իտալիան եւ մի քանի այլ երկրներ ներկայացված էին գործերի ժամանակավոր հավատարմատարներով։ ԱՄՆ-ն, Կորեան, Լեհաստանը եւ մի քանի այլ երկրներ ուղարկել են իրենց ռազմական կցորդներին (շատ երկրներ ներկայացված էին ե՛ւ դեսպաններով, ե՛ւ ռազմական կցորդներով)։ Բայց… որոշ երկրների ներկայացուցիչներ, չնայած հրավերներին, այնուամենայնիվ, չհայտնվեցին տրիբունաներում…»։ Նշում է նաեւ, որ Գերմանիայի, Լատվիայի եւ Շվեյցարիայի դեսպաններն այդ օրն Ադրբեջանում չեն եղել։ ԵԽ ներկայացուցիչը նախապես պլանավորված հանդիպում ուներ։ Հունաստանի դեսպանը պատրաստվում էր լքել երկիրը, իսկ Պորտուգալիայի դեսպանի առաքելությունն ավարտվել էր. «Սակայն որոշ դիվանագետներ անտեսեցին հրավերը։ Օրինակ, Ֆրանսիայի դեսպանը, ԵՄ ներկայացուցիչը, Բելգիայի, Լիտվայի եւ Ավստրիայի դեսպանները, ԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի ներկայացուցիչները, Նիդերլանդների դեսպանը»։
Ադրբեջանում ոչ միայն սեփական նեղացածությունն են ի ցույց դրել, այլեւ նույնիսկ սպառնալիքներ հնչեցնել: «Հատուկ պետք է հիշատակել որոշ եվրոպացի դիվանագետների, հաշվի առնելով նրանց նախկին դիրքորոշումը: Մենք լավ հիշում ենք եվրոպական առաջնորդների «գրկախառնությունները» Հայաստանի հետ Շառլ Միշելի եւ Ժոզեպ Բորելի օրոք: Ինչպես նաեւ՝ խոսակցությունները Հայաստանի ռազմական օգնության կարիքի մասին: Մենք հիշում ենք Գրանադայում կայացած հանդիպումը, որտեղ եվրոպացի առաջնորդները թույլ տվեցին իրենց քննարկել Ադրբեջանին վերաբերող հարցեր՝ առանց Ադրբեջանի մասնակցության: Ճիշտ է, ԵՄ ղեկավարությունը եւ, հուսանք, քաղաքականությունը նույնպես փոխվեցին: Բայց եթե հիմա ԵՄ ներկայացուցիչն անտեսում է Ղարաբաղում հաղթանակի 5-րդ տարեդարձի շքերթի հրավերը եւ նույնիսկ չի բացատրում պատճառները, արդյո՞ք ԵՄ քաղաքականությունն իսկապես այդքան շատ է փոխվել: Արդյո՞ք նրանք դեռ նախընտրում են «կանգնել Հայաստանի կողքին», չնայած պատերազմն արդեն ավարտվել է»,- գրում է «Մինվալի» հոդվածագիրը՝ ներկայացնելով վարչախմբի պաշտոնական տեսակետը: «Եվ եթե Նիդերլանդների դեսպանը ոչ միայն անտեսում է հրավերը, այլեւ չի զգում դրա դրդապատճառները բացատրելու անհրաժեշտությունը, սա պարզապես անձնական սխա՞լ է կամ սա քաղաքականությո՞ւն է: Եվ վերջապես՝ նույն Ֆրանսիան, որի հետ սառը հարաբերությունները նոր-նոր են սկսում հալչել: Բաքուն շատ լավ է հիշում 44-օրյա Հայրենական պատերազմի ժամանակ Փարիզի հայտարարությունները, թե ինչպես Ֆրանսիան սպառնաց ճանաչել «ԼՂ անկախությունը» եւ, ընդհանուր առմամբ, «թույլ չտալ» Ադրբեջանին՝ լուծել հակամարտությունը ռազմական ճանապարհով: Արդյունքում, Ադրբեջանի եւ Ֆրանսիայի միջեւ երկկողմ հարաբերությունները, ըստ էության, սառեցվեցին: Հիմա Ֆրանսիան անտեսում է Ադրբեջանում հաղթանակի օրվա շքերթի հրավերը՝ խորհրդանշական է»:
«Եվ հենց սա է այն դիվանագիտությունը, որից Բաքուն կանի ամենալուրջ եզրակացությունները: Այո, պատերազմն ավարտվել է, հակամարտության էջը շրջվել է, բայց մենք ոչինչ չենք մոռացել: Ո՛չ մեր թշնամիների ճիչերը, ո՛չ մեր բարեկամներ ձեւացողների լռությունը․․․»,- եզրափակում է հեղինակը։
Արժե, որ այս հրապարակումներն ուշադիր կարդան Հայաստանում ու խորհեն, թե ում հետ են խաղաղություն կառուցում, եւ ինչ անվտանգային սպառնալիքների կարող ենք բախվել մենք, եթե չվերանայենք մեր ներքին ու արտաքին քաղաքական առաջնահերթությունները:






Բաց մի թողեք
Ստեփանավանի համայնքապետի կնոջ ընկերությունները հաղթել են համայնքային և պետական գնումներում. Լուսանկարներ
ՀԷՑ-ի պետականացման գործընթացի հերթական արարը
Խառնաշփոթ ԱԺ-ում, ՔՊ-ն ստիպված արտահերթ ընդմիջում հայտարարեց