12/11/2025

Զինծառայողին մեղադրող քննիչը ժամանակին նույն արարքն է արել․ Լուսանկար

Նախկին զինվորական սպա, փաստաբան Վահագն Գրիգորյանին մտահոգում է, որ զինվորական ցմահ կենսաթոշակ ստացող սպաները ծառայությունը շարունակելու դեպքում խնդիրներ են ունեցել, նրանց նկատմամբ քրեական գործեր են հարուցվել։

Փաստաբան Վ․ Գրիգորյանը մեզ հետ զրույցում պատմեց․  «ՀՀ զինված ուժերի մի շարք սպաներ, այդ թվում՝ Արցախյան պատերազմի մասնակից, քրեական հետապնդման են ենթարկվում այն բանի համար, որ տարիներ առաջ, երկարամյա զինվորական ծառայության հիմքով ցմահ  կենսաթոշակի անցնելուց եւ տարիներ շարունակ այն ստանալուց հետո, կրկին անցնելով զինվորական ծառայության, պետությանը չեն խնդրել դադարեցնել կենսաթոշակի վճարումը եւ ստացել են այն։

Հայտնեմ, որ նրանք ունեցել են եւ շարունակում են ունենալ աշխատավարձին զուգահեռ կենսաթոշակ ստանալու իրավունք, քանի որ այդ ժամանակ գործող օրենքով կենսաթոշակը նշանակվել է ցմահ, եւ այն դադարեցնելու հիմքեր չեն եղել։

Հատկանշական է, որ կենսաթոշակն ու աշխատավարձը նշանակում եւ տալիս է պետությունը, իսկ դրանց հիմքերը գտնվում են նույն գերատեսչության՝ պաշտպանության նախարարության իրավասության ներքո,  հետեւաբար, խարդախություն դիտել այն, որ անձն իր վրա չի վերցրել պետության գործառույթը, ճիշտ չէ։

Ավելին, համանման գործով առկա է ուժի մեջ մտած վճիռ, որով դատարաններն արձանագրել են, որ կենսաթոշակն անձի սեփականությունն է, ուստի դրա դադարեցումը համարվում է սեփականության իրավունքից զրկում, ինչը կարող է տեղի ունենալ բացառապես դատական կարգով, եւ որեւէ գերատեսչություն իրավասու չէ դադարեցնել կենսաթոշակ ստանալու իրավունքը։ Նշված վճիռը, որպես իրավական փաստարկ, ներկայացվել է դատախազություն։

Սրանք իրավական հարցեր են, որոնք պետք է քննարկվեն իրավական ընթացակարգի շրջանակում, սակայն զավեշտալի ու, մեղմ ասած, ոչ էթիկական է այն, որ զինվորականներին այդպիսի մեղադրանք ներկայացրած ՀՀ ՔԿ զինվորական քննչական վարչության քննիչը համանման հանգամանքներում, անձամբ ստացել է կենսաթոշակ (Դատական գործ՝ ԱՐԱԴ/4763/02/23)։

Եվ ամենացավալին․ քննիչն ու հսկող դատախազը նախաքննությունն ավարտելու նախորդ օրը կասեցրել են ամբողջ կյանքը բանակին նվիրած զինծառայողի պաշտոնավարումը՝ համարելով, որ նա կարող է խոչընդոտել քննությանը։ Հուսով ենք, որ քննչական մարմինների եւ դատախազության մեր գործընկերները հարգանքով կվերաբերվեն զինծառայողների իրավունքներին եւ զերծ կմնան քրեական օրենսգրքի նման խտրական ու բիրտ կիրառությունից, կվերականգնեն անհիմն խախտված իրավունքները, իսկ դրանք խախտած պաշտոնյաների նկատմամբ կնախաձեռնվի կարգապահական վարույթ»։

Մենք պարզեցինք, որ այս գործը քննած քննիչը` Արտակ Իսկանդարյանը, ե՛ւ կանգնել է դատարանի առաջ, ե՛ւ ստիպված է եղել փոխհատուցել պետությանը պատճառված վնասը: Ահա այդ վճռի եզրափակիչ մասը. «2024թ․ ապրիլի 4-ին Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քննել է քաղաքացիական գործն ըստ հայցի՝ Միասնական սոցիալական ծառայությունն ընդդեմ Արտակ Գագիկի Իսկանդարյանի՝ գումարի բռնագանձման պահանջի մասին։ Ա․ Իսկանդարյանին 2017թ․ սեպտեմբերի 7-ից նշանակվել եւ վճարվել է զինվորական երկարամյա ծառայության կենսաթոշակ։

Արտակ Իսկանդարյանը 2021թ․ ապրիլի 8-ից աշխատանքի է անցել ՀՀ քննչական կոմիտեում, ինչի մասին, 2021թ․ սեպտեմբերի 8-ի հայտարարության համաձայն, չի տեղեկացրել կենսաթոշակ նշանակող մարմնին։ Դատարանը վճռել է հայցը բավարարել, Արտակ Իսկանդարյանից հօգուտ պետական բյուջեի բռնագանձել 1 միլիոն 971 հազար 300 դրամ՝ որպես ոչ իրավաչափ վճարված կենսաթոշակի գումար»։

«Հրապարակ». Զինծառայողին մեղադրող քննիչն ինքն էլ է նույն խախտումն արել