Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանի հիմնադրած, այժմ կնոջը պատկանող «Սոճենի» ՍՊ ընկերությունը պետական և համայնքային գնումներին 468 մլն դրամի պայմանագրեր է կնքել։
Ըստ այդ պայմանագրերի՝ ընկերությունը վերանորոգում է դպրոց, բազմաբնակարան շենքերի տանիքներ, իրականացնում է գազիֆիկացման աշխատանքներ։ «Ստեփշին» ՍՊ ընկերությունը, որի 45%-ը պատկանում է Արմեն Գրիգորյանի կնոջը, ևս մասնակցում է Ստեփանավանի և մարզի այլ համայնքների գնումներին։

«Սոճենի» ՍՊ ընկերությունը 2018-ի ապրիլին հիմնադրել է Արմեն Գրիգորյանը: Նա այդ ժամանակ «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի Լոռու մարզի գազիֆիկացման և գազամատակարարման Ստեփանավանի ծառայության պետն էր։ 2020-ի նոյեմբերին Գրիգորյանը նշանակվել է Ստեփանավան համայնքի ղեկավարի պաշտոնակատար։ Մեկ տարի անց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակով ընտրվել է Ստեփանավան համայնքի ղեկավար: «Սոճենի» ՍՊԸ-ի 100% մասնաբաժինը 2021-ի հունվարին փոխանցել է դստերը՝ Սյուզաննա Գրիգորյանին, իսկ 2024-ի մայիսից ընկերության 100% փայատեր Արմեն Գրիգորյանի կինն է՝ Գայանե Ավետիսյանը։
«Սոճենի» ՍՊԸ
«Սոճենի» ՍՊԸ և «Մեդիսոն էյբլ» ՍՊԸ կոնսորցիումը հաղթող է ճանաչվել նաև Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի՝ Վանաձոր համայնքի Ագարակ գյուղի դպրոցի վերանորոգման համար հայտարարված մրցույթում։ Պայմանագրով սահմանված աշխատանքների համար նախատեսվել է կապալառուին վճարել 56 մլն 277 հազար դրամ։ Մրցույթին մասնակցել է նաև «Մանուկյան շին» ՍՊԸ-ն, որը առաջարկել էր 59 մլն 385 դրամ։ Այս երկու առաջարկներով սահմանված գումարների տարբերությունը կազմել է 2,723,385 դրամ։ Քանի որ կոնսորցիումի առաջարկած գինն ավելի փոքր է եղել, մրցույթում հաղթող է ճանաչվել։
Պայմանագիրը կնքվել է 2024-ի նոյեմբերին։ Դպրոցի վերանորոգման աշխատանքները պետք է իրականացվեին 60 օրվա ընթացքում։ 2025-ի մարտին, կոնսորցիումի և պատվիրատուի միջև կնքվել է համաձայնագիր, ըստ որի, սահմանված ժամկետի ընթացքը կասեցվել է մինչև առաջացած խնդիրների լուծումը։ Նույն համաձայնագրին կցված զեկուցագրում նշված են այդ խնդիրները։ Շինարարության ընթացքում անհրաժեշտություն է առաջացել պայմանագրով չսահմանված լրացուցիչ աշխատանքներ կատարել՝ միջանցքների հատակների սալիկապատում, տանիքի ջերմամեկուսացում, տարածքի բարեկարգում, մարզահրապարակի կառուցում և այլն։ Այս հանգամանքով պայմանավորված՝ նախապատրաստվել են նախագծա-նախահաշվային նոր փաստաթղթեր։ 2025-ի հունիսի 18-ին համաձայնագիր է կնքվել, որով պայմանագրով սահմանված գումարը փոխվել է՝ դառնալով՝ 135 մլն 945 հազար դրամ։

2024-ի նոյեմբերին «Սոճենի» ՍՊԸ և «Փայլք» ՍՊԸ կոնսորցիումը հաղթել է Տաշիր համայնքի հայտարարած մրցույթում, ըստ որի՝ ընկերությունը պետք է վերանորոգի Տաշիր քաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքները, կատարի էներգաարդյունավետության և ջերմաարդյունավետության բարձրացման աշխատանքներ։ Այս պայմանագրի գինը կազմել է 190 մլն 200 հազար դրամ։ Տաշիր համայնքի ղեկավար Էդգար Արշակյանի 2024 թվականի հայտարարագրում նշված է, որ 3 մլն դրամ եկամուտ է ստացել «Փայլք» ՍՊԸ-ից՝ վարձակալության դիմաց ստացված կամ այլ հատուցման համար։
2024 թվականի նոյեմբերին «Սոճենի» և «Փայլք» ՍՊԸ-ների կոնսորցիումը հաղթել է Տաշիրի համայնքապետարանի կազմակերպած մրցույթում։ Նովոսելցովո և Մեղվահովիտ բնակավայրերի գազիֆիկացման աշխատանքները կատարելու համար համայնքապետարանը վճարել է 98.6 մլն դրամ։ Մրցույթին մասնակցության հայտ էին ներկայացրել «Պրեմիումշին» ՍՊԸ և Արտաշատի ԷՇՑ կոնսորցիումը, «Ալտ» ՍՊԸ-ն ու «Սոճենի» և «Փայլք» ՍՊԸ-ների կոնսորցիումը։ Ամենացածր գինը առաջարկել էր «Ալտ» ՍՊԸ-ն՝ 93.8 մլն դրամ։ Սակայն, ընկերությունը գնահատող հանձնաժողովին չի ներկայացրել պահանջվող լիցենզիաների մի մասը, այդ պատճառով հաղթող է ճանաչվել հաջորդ ամենացածր գնառաջարկ ներկայացրածը՝ «Սոճենի» և «Փայլք» ՍՊԸ-ների կոնսորցիումը։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացված 2024 թվականի հայտարարագրում Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը նշել է, որ «Սոճենի» ՍՊԸ-ն երկու պայմանագիր է կնքել Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի և Տաշիր համայնքի հետ, բայց չի նշել երրորդ գնման՝ գազիֆիկացման աշխատանքներ կատարելու համար Ստեփանավան համայնքի հետ կնքված պայմանագրի մասին։
«Ստեփշին» ՍՊԸ
Ստեփանավան համայնքի Դեսին փողոցի բազմաբնակարան շենքերի էներգաարդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներն իրականացնելու համար համայնքապետարանը 2020 թվականի սեպտեմբերին պայմանագիր է կնքել «Ստեփշին» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրի արժեքը 33.9 մլն դրամ է։
«Ստեփշին» ՍՊԸ-ն հիմնադրվել է 2014 թվականին։ Ընկերության հիմնադիրը Սարո Գագինյանն է։ Ընկերությունը հիմնադրելուց կարճ ժամանակ անց Գագինյանը ընկերության 50%-ը փոխանցել է ԱԺ նախկին հանրապետական պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի եղբորը՝ Վարդան Բաղդասարյանին, իսկ մյուս 50%-ը Արմեն Գրիգորյանին։ 2019 թվականին Բաղդասարյանը իր բաժնեմասը փոխանցել է որդուն՝ Հայկ Բաղդասարյանին։ Իսկ Արմեն Գրիգորյանը իր մասնաբաժնի 5%-ը փոխանցել է Կարեն Զալինյանին, 45%-ը կնոջը՝ Գայանե Ավետիսյանին։
Ստեփանավան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում ՀՈԱԿ-ը 2021 թվականին 1 մլն 280 հազար դրամի պայմանագիր է կնքել «Ստեփշին» ՍՊԸ-ի հետ ապրանքների մատակարարման համար։ 2021 թվականին Գյուլագարակի համայնքապետարանը ապրանքների ձեռք բերման նպատակով 5.8 մլն դրամի պայմանագիր է կնքել «Ստեփշին» ՍՊԸ-ի հետ։ 2024 թվականին Ստեփանավան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում ՀՈԱԿ-ը 2.75 մլն դրամի պայմանագիր է կնքել «Ստեփշին» ՍՊԸ-ի հետ՝ բնական գազի մատակարարման համար։
Ըստ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացրած 2024 թվականի գույքի և եկամուտների հայտարարագրի՝ Գայանե Ավետիսյանը «Ստեփշին» և «Սոճենի» ՍՊԸ-ներից ստացել է մոտ 20 մլն դրամի եկամուտ։ Այդ թվում՝ 15 մլն դրամ շահաբաժին և 3 մլն դրամ աշխատավարձ «Սոճենի» ՍՊԸ-ից և մոտ 3 մլն դրամ աշխատավարձ «Ստեփշին» ՍՊԸ-ից։
Ի՞նչ է ասվում օրենքում
Հանրային ծառայության մասին օրենքի 33-րդ հոդվածով սահմանվում է՝ ինչ է շահերի բախումը, և ինչ պետք է անեն այդ իրավիճակում հայտված պաշտոնատար անձինք։
Շահերի բախումն իրավիճակ է, երբ պաշտոնյայի մասնավոր շահերը կարող են ազդել իր պաշտոնեական պարտականությունների անաչառ և օբյեկտիվ կատարման վրա։ Պաշտոնատար անձի մասնավոր շահը ներառում է որևէ արտոնություն իրեն կամ իր հետ փոխկապակցված անձանց, ինչպես նաև այն անձանց կամ կազմակերպություններին, որոնց հետ ինքը կամ իր հետ փոխկապակցված անձն ունի գործարար, քաղաքական կամ այլ գործնական կամ անձնական հարաբերություններ։
Համաձայն օրենքի՝ պաշտոնյան պետք է խուսափի շահերի բախման իրավիճակի առաջացումից, ձեռնպահ մնա շահերի բախման իրավիճակում գործողություն կատարելուց, անգործություն դրսևորելուց կամ որոշում ընդունելուց, այդ թվում՝ որոշման կայացմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներին մասնակցելուց։ Օրինակ՝ փաստաթղթերի նախագծերի կազմում, քննարկումների կազմակերպում, որոշման վրա ազդեցություն ունեցող հանձնախմբերի ձևավորում և այլն։
Համայնքի ղեկավարը շահերի բախման իրավիճակում հայտնվելու դեպքում պետք է այդ մասին գրավոր հայտարարություն ներկայացնի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով, որն առաջարկում է ձեռնարկել իրավիճակի լուծմանն ուղղված քայլեր, այդ թվում՝ հանդես գալ կոնկրետ իրավիճակում շահերի առկայության մասին հայտարարությամբ: Ստեփանավան համայնքի ղեկավար Արմեն Գրիգորյանը ԿԿՀ-ին ներկայացրել է շահերի բախման վերաբերյալ մեկ հայտարարություն։ Այդ հայտարարությունը վերաբերում է ավագանու անդամ Արթուր Պապյանի կնոջ՝ Կարինե Բախշինյանի՝ գնման մրցույթներից մեկում հաղթելուն։ Այդ հայտարարությունը հրապարակվել է նաև համայնքի կայքում։
Գրիգորյանը, սակայն, իր կնոջ ընկերությունների մրցույթներում հաղթելու վերաբերյալ հայտարարություն չի ներկայացրել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով։






Բաց մի թողեք
Բաքվում ներկա – բացակա են անում, թե ով չմասնակցեց շքերթին՝ նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմի 5-ամյակին
ՀԷՑ-ի պետականացման գործընթացի հերթական արարը
Խառնաշփոթ ԱԺ-ում, ՔՊ-ն ստիպված արտահերթ ընդմիջում հայտարարեց