«Կարեն Կարապետյանը եկել է և խոսել Սերժ Սարգսյանի անունից, ասել է, որ ինձ ազատում են, և հեղափոխական պրոցեսը չի շարունակվում»:
Այս մասին ԱԺ-ում ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հերքելով Սերժ Սարգսյանի հայտարարությունը, թե Փաշինյանին փոխվարչապետի պաշտոն է առաջարկվել հեղափոխության ժամանակ։
Շարունակելով վարչապետը նշել է, որ ինքը կտրուկ պատասխանել է՝ բացառվում է. «Իսկ փոխվարչապետի պաշտոնի մասին ընդհանրապես որևէ խոսակցություն տեղի չի ունեցել: Ոչ միայն փոխվարչապետի, որևէ այլ պաշտոնի մասին խոսակցություն չի եղել, ես չէի էլ թույլ տա, որ նման խոսակցություն լիներ: Ես դեսպանների հետ էլ հանդիպում եմ արել հեղափոխության ժամանակ, նրանք ասել են՝ կարող ենք աջակցել, ես ասել եմ՝ դա ինձ համար անընդունելի է»:
«Արծվաշենի փոխանակումը հնարավոր չէ առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման: Որևէ մեկը չի կարող այլ սցենարի գնալ առանց ՀՀ ժողովրդի կամքի արտահայտման։ Եթե խոսքն ուղիղ հանրաքվեի մասին չլինի էլ, առանց ՀՀ քաղաքացիների դիրքորոշման դա պարզապես չի կարող տեղի ունենալ»,- մանրամասնել է նա:
ՀՀ վարչապետը վերահաստատել է նախկինում արված հայտարարությունները, որ Ադրբեջանի հետ տարածքային հարցերը լուծվելու են բացառապես սահմանազատման և սահմանագծման ճանապարհով։ Փաշինյանը՝ անդրադառնալով Բաքվում անազատության մեջ գտնվող մեր հայրենակիցների վերադարձի ուղղությամբ իրականացվող աշխատանքներին, նշել է, որ այդ ուղղությամբ ամենօրյա աշխատանք է իրականացվում. «Եթե կա տեսակետ, որ պիտի այդ խնդիրը լուծվի, որ խաղաղության հարցը լուծվի, ես էլ ասում եմ՝ ինչքան բարենպաստ լինի միջավայրը Հայաստանի և Ադրբեջանի միջև, այդքան ավելի հեշտ կլինի այդ հարցը, այսինքն՝ դիտանկյան խնդիր է: Ես կարծում եմ, որ խաղաղությունը մնացած բոլոր հարցերն էլ կլուծի, շատ հարցեր կլուծի: Այսինքն՝ այն ընկալումը, որ մենք պետք է բոլոր հարցերը լուծենք, նոր լինի խաղաղություն, խաղաղության համաձայնագիր, կարծում եմ՝ այդտեղ էլ բացարձակ չէ: Այսինքն՝ դա պրոցես է, կենդանի պրոցես է, ճիշտ չէ ասել՝ այսպես պետք է անենք, այնպես, որովհետև եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվեինք, այս կետին չէինք հասնի, այսինքն՝ խաղաղության այս կետին չէինք հասնի: Հենց դրա համար է, որ մենք փորձում ենք հնարավորինս ճկուն մոտեցումներ ցուցաբերել, այնպիսի ճկուն մոտեցումներ, որ տվյալ պահին մաքսիմալ համապատասխանում են Հայաստանի պետական շահերին»:






Բաց մի թողեք
Հեչ չնեղվես, հրապարակելու եմ, նաև քո գրած մի նամակ եմ մեջը դնելու․ Փաշինյանն արձագանքել է Սերժ Սարգսյանին
Եթե մեկ կուսակցությամբ կամ կոալիցիայով մեծամասնություն չձևավորվեց, կլինի երկրորդ ընտրություն. Գալյան
Ինչ նոր ստորաբաժանում է ստեղծվում ԱԱԾ-ում