Վրաստանում Թուրքիայի ՊՆ-ին պատկանող C-130 ռազմատրանսպորտային ինքնաթիռի վթարը, որի հետևանքով զոհվեցել են, նախանական տվյալներով, բոլոր՝ 20 ուղևորները /զինվորականներ/, առաջացրել է ենթադրությունների, դավադրության տեսությունների և անպատասխանատու ենթադրությունների ալիք, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները և նշում, որ փաստերն ինքնին խոսում են իրենց մասին։
Ինչպես պարզել է իշխանամերձ Minval Politika-ն, Գյանջայից / հայկական Գանձակ-խմբ./ մեկնող ինքնաթիռն այնտեղ մնացել է մոտ երկու ժամ, և այդ ընթացքում ոչ ոք չի մոտեցել դրան։ Անձնակազմը թռիչքից առաջ կատարել է բոլոր ստանդարտ և պահանջվող ընթացակարգերը։ Անձնակազմի մեջ եղել են Թուրքիայի ռազմաօդային ուժերի տեխնիկական սպասարկման մասնագետներ, որոնք ուղեկցում էին բեռը՝ F-16 ինքնաթիռների պահեստամասեր։
Վթարի վայրի նախնական զննումը հստակորեն չի բացահայտել ինքնաթիռի վրա արտաքին ազդեցության որևէ նշան։ Սա տարբերվում է, օրինակ, AZAL ինքնաթիռի դեպքից, որը վթարի էր ենթարկվել ռազմական հարվածի հետևանքով, գրում է ադրբեջանական պարբերականը։
«Այս միջադեպում ինքնաթիռի վրա պայթյունի կամ արտաքին ազդեցության ոչ մի նշան չի հայտնաբերվել՝ բոլորը վկայում են ներքին տեխնիկական պատճառների մասին։ Վրաստանում միջադեպում պայթյունի կամ արտաքին ազդեցության բացարձակապես որևէ նշան չկա։
Նախնական տվյալների համաձայն՝ ինքնաթիռը վերջին անգամ տեխնիկական սպասարկում է անցել 2020 թվականին, և հնարավոր է, որ այդ ժամանակվանից ի վեր ինքնաթիռի կառուցվածքի վրա կարող է առաջացած լինել թաքնված մետաղական կոռոզիա՝ ինքնաթիռների համար ամենավտանգավոր գործոններից մեկը։ Նման գործընթացները հաճախ առաջացնում են կառուցվածքային խափանումներ և հանգեցնում են վթարների։ Ավիացիայի պատմությունը լի է նմանատիպ դեպքերով, երբ աննկատ մետաղական թերությունները մահացու են եղել։
Մյուս կողմից, կարևոր է նշել, որ ինքնաթիռը տեղափոխում էր տեխնիկական պահեստամասեր, և հնարավոր է, որ դրանցից մեկը վատ է ամրացված եղել։ Հաշվի առնելով տեղափոխվող սարքավորումների քաշը, նույնիսկ թռիչքի ընթացքում բեռի մասնակի տեղաշարժը կարող էր անհավասարակշռություն առաջացնել և վնասել ինքնաթիռի կառուցվածքային բաղադրիչները։ Նման միջադեպերը հաճախ հանգեցրել են ավիավթարների, որտեղ ծանր առարկաների գերբեռնվածությունը կամ անպատշաճ ամրացումը հանգեցրել է մահացու հետևանքների»,-Բաքվի մեդիաքարոզիչները փորձել են մեղքն իրենցից հեռու պահել։
Չնայած հուսալի և ամուր տրանսպորտային ինքնաթիռի իր համբավին, C-130-ը բազմիցս վթարի է ենթարկվել տեխնիկական խնդիրների պատճառով, շարունակում է Minval Politika-ն և պնդում, որ արխիվային նյութերը վերանայելով, արձանագրվել են նման տասնյակ դեպքեր։
«Ամենից հաճախ վթարները առաջացել են նախագծային թերությունների, շարժիչի խափանումների, թևերի ամրակների և բաղադրիչների խափանման պատճառով։ Հաճախ այս աղետները տեղի էին ունենում թռիչքից անմիջապես հետո կամ վայրէջքի ժամանակ, երբ շարժիչի կամ հիդրավլիկ համակարգի աննշան անսարքությունը կարող էր մահացու լինել: Որոշ միջադեպերի թվում էին շարժիչի բռնկումները, կառավարման կորուստը, օդում կառուցվածքային խափանումները կամ ցածր բարձրության վրա մանևրների ժամանակ կանգառները: Այս բոլոր փաստերը հաստատում են, որ նույնիսկ ամենահուսալի ինքնաթիռները ապահովագրված չեն տեխնիկական խափանումներից, հատկապես ինտենսիվ օգտագործման և հնացող նավատորմի դեպքում։
Կարևոր է նաև նշել, որ վթարը տեղի է ունեցել բաց տարածքում, ինչը խոչընդոտել է թռիչքի ինքնագրիչների երկար որոնումները: Հանձնաժողովը շուտով կբացահայտի ողբերգության պատճառները, և դրանք, ամենայն հավանականությամբ, տեխնիկական բնույթի կլինեն, այլ ոչ թե չարագործության արդյունք։
Բաքվի կայծակնային արագ արձագանքը հատկապես ուշագրավ է: Մեր նախագահ Իլհամ Ալիևը կապ է հաստատել Թուրքիայի ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ողբերգությունից մի քանի րոպե անց, հայտնել իր խորին ցավակցությունը և հանձնարարել Ադրբեջանի իշխանություններին տրամադրել հնարավոր բոլոր օգնությունները հետաքննության գործում։
Մինչ որոշ ենթադրություններ են անում, Ադրբեջանը գործում է զսպվածությամբ, պատասխանատվությամբ և եղբայրական վարքագծով»,-Ալիևին փառաբանելու առիթից օգտվել է հերթական անգամ պրոիշխանական կայքը։






Բաց մի թողեք
Շրջանառվում է Վրաստանում թուրքական ռազմական ինքնաթիռի վթարի վերաբերյալ 2 նախնական վարկած
Ռուսաստանի առաջին անդրոմորֆ (մարդակերպ) ռոբոտը ընկել է Մոսկվայում ցուցադրման ժամանակ. Լուսանկար
Ադրբեջանից Թուրքիա մեկնող ինքնաթիռը կործանվել է Վրաստանում