Ինչպես հայտնել ենք, Վրաստանում վթարի է ենթարկվել Թուրքիայի ռազմաօդային ուժերի ռազմական տրանսպորտային ինքնաթիռ, որը թռիչք էր կատարում ադրբեջանական Գյանջա քաղաքից դեպի Թուրքիա:
Վրաստանում վթարի փաստով քրեական հետաքննություն է սկսվել, և դեպքի վայրը վերցվել է հսկողության տակ: Թուրք պաշտոնյաները հետաքննություն են անցկացնում: Չնայած պաշտոնական արագ և մանրամասն պարզաբանումներին՝ սոցիալական ցանցերում շրջանառվում են տարբեր վարկածներ, որոնց մի մասը, ըստ թուրքական աղբյուրների, կեղծ է:
Ադրբեջանական կողմի տվյալներով՝ ինքնաթիռը Գյանջայի օդանավակայանում գտնվել է ընդամենը երկու ժամ: Այս ընթացքում արտաքին միջամտության կամ ինքնաթիռին մոտենալու փորձեր չեն գրանցվել: Ինքնաթիռում եղել են ռազմական շքերթին մասնակցող F-16 կործանիչների տեխնիկական սպասարկման մասնագետներ․ բոլորը անցել են անհրաժեշտ անվտանգության ընթացակարգերը։
Ինքնաթիռը տեղափոխում էր F-16-ի մեխանիկական պահեստամասեր, և ինքնաթիռում պայթուցիկ նյութեր չեն եղել, ուստի պայթյունի հնարավորությունը բացառվում է: Նախնական տվյալներով՝ արտաքին ազդեցության նշաններ չեն հայտնաբերվել: Ի տարբերություն 2024 թվականի դեկտեմբերին Գրոզնիի երկնքում խոցված AZAL ինքնաթիռի հետ կապված միջադեպի՝ թուրքական C-130-ի ֆյուզելյաժի վրա անցքեր կամ վնասման հետքեր չեն հայտնաբերվել։
Թուրքական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ նախնական տեսությունների համաձայն՝ վթարը կարող էր տեղի ունենալ երկու պատճառներից մեկով։ Առաջինը՝ ինքնաթիռը երկար ժամանակ շահագործվում էր, և դրա վերջին խոշոր վերանորոգումը տեղի է ունեցել 2020 թվականին, ուստի ինքնաթիռի կառուցվածքի խափանումը կարող էր պայմանավորված լինել կոռոզիայով։ Այս տեսակի ինքնաթիռի հետ կապված նմանատիպ միջադեպ նախկինում գրանցվել էր Միացյալ Նահանգներում։
Երկրորդ տեսությունը բեռի ոչ պատշաճ ամրեցումն է։ Բեռը կարող էր տեղաշարժվել թռիչքի ընթացքում՝ վնասելով ինքնաթիռի ներքին կառուցվածքները և վտանգելով դրա ամբողջականությունը։
Սև արկղերի որոնումը բարդ չէ, քանի որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել հարթ տեղանքում։
Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտնել է, որ վթարի պատճառները հետաքննվում են առավելագույն զգուշությամբ։ Հետաքննությունը համատեղ իրականացվում է Թուրքիայի և Վրաստանի կողմից, իսկ Ադրբեջանը համապարփակ աջակցություն է ցուցաբերում:
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ճշգրիտ և հուսալի տեղեկատվություն ապահովելու համար պետք է մեջբերել միայն պաշտոնական մարմինների տրամադրած տվյալները: Կեղծ տեղեկատվություն չպետք է տարածվի։
Հիշեցնենք՝ թուրքական ռազմական բեռնատար ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 20 թուրք զինծառայող:






Բաց մի թողեք
Մեղավոր չենք՝ արդարանում է Բաքուն․ Ինչու կործանվեց Ադրբեջանից Թուրքիա թռչող ռազմական ինքնաթիռը
Ռուսաստանի առաջին անդրոմորֆ (մարդակերպ) ռոբոտը ընկել է Մոսկվայում ցուցադրման ժամանակ. Լուսանկար
Ադրբեջանից Թուրքիա մեկնող ինքնաթիռը կործանվել է Վրաստանում