13/11/2025

Պետք է պարզապես քաղաքացին դուրս գա տանից․ Գոհար Մելոյան

«Մեր ձևով» ժողովրդական շարժման անդամ Գոհար Մելոյանը հորդորել է Վաղարշապատի և հարակից գյուղերի գյուղերի բնակիչներին մասնակցել ընտրություններին։

«Մեր ուղերձն է Վաղարշապատ համայնքի բնակիչներին, Վաղարշապատ համայնքի ընտություններին մասնակից բոլոր հարակից գյուղերի բնակիչներին, որ գնան և իրենց քաղաքացիական պարտքը կատարեն։ Պետք է քաղաքացին դուրս գա տանից, գնա տեղամասային կենտրոն և իրացնի իր ընտրական իրավունքը»,– նշված է գրառման մեջ։

Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար Գոհար Մելոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց, որ Վաղարշապատ համայնքում արդեն սկսվել է նախընտրական քարոզչությունը, և արձանագրվել են առաջին խախտումները։

«Հանրային իրազեկվածությանը զուգահեռ մենք պետք է գործի դնենք հանրային վերահսկողության մեխանիզմները։ Գյումրիի ընտրությունները ցույց տվեցին, թե ինչ արդյունք կարելի է ունենալ ԶԼՄ-ների հետևողական աշխատանքի շնորհիվ»,– նշեց Մելոյանը։

Նա ընդգծեց, որ ընտրության գաղտնիությունը շատ կարևոր է, և եթե քաղաքացին բացահայտի իր ընտրությունը, դա համարվում է պատժելի արարք։

«Մեր տեղեկություններով, համայնքներում մարդկանց ասվում է, թե տեսախցիկներ կան տեղադրված և նրանք կհետևեն ձեր ընտրությանը։ Սա փորձ է միջամտելու և սահմանափակելու մարդու ազատ ընտրական իրավունքը։ Բայց ցանկանում եմ հստակ ասել, որ տեղամասերում ոչ ոք չի կարող վերահսկել ձեր ընտրությունը։ Մենք կպահպանենք վերահսկողություն բոլոր տեղամասերում, կստուգենք կողմնակի տեսախցիկների առկայությունը, և նրանք չեն կարողանա իմանալ, թե քվեախցում ում եք ընտրում»,– ընդգծեց Գոհար Մելոյանը։

Հիշեցնենք՝ Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրությունները նախատեսված են 2025 թ․ նոյեմբերի 16-ին։