2026թ. հունվարի 1-ից ՀԱՊԿ-ի նախագահությունն անցնում է Ռուսաստանին: Այդ մասին կազմակերպության Բիշքեկի գագաթնաժողովի ելույթում ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա մասնավորեցրել է, որ Ռուսաստանն առաջնորդվելու է «Բազմաբևեռ աշխարհում կոլեկտիվ անվտանգություն» կարգախոսով:
Մոսկվան «կշարունակի ամրապնդել միավորման պաշտպանական ներուժը և առաջարկում է գործարկել ՀԱՊԿ ուժերը ռուսաստանյան նորագույն սպառազինություններով հագեցնելու ծրագիր»:
Պուտինը հատուկ ընդգծել է, որ խոսքը մարտական գործողությունների ընթացքում արդյունավետությունը ապացուցած սպառազինությունների մասին է: Ռուսաստանի նախագահը խոսել է նաև ՀԱՊԿ անդամ երկրների ռազմաարդյունաբերական ձեռնարկությունների «խորքային կոոպերացիայի» անհրաժեշտության մասին:
Նրա գնահատմամբ, դաշինքի ռազմական արդիականացման համար կարևոր են օդուժի և ՀՕՊ համակարգերի զարգացումը: Ռուսաստանը «մտադիր է կազմակերպել «զորամասերի և հատուկ ծառայությունների ստորաբաժանումների պատրաստության համատեղ միջոցառումներ»,- ասել է Վլադիմիր Պուտինը:
Նա միաժամանակ կոչ է արել եկող տարի «հավասար անվտանգության ճարտարապետության հարցերով միջազգային փորձագիտական խորհրդաժողով կազմակերպել»:
ՀԱՊԿ Բիշքեկի գագաթնաժողովում ելույթ է ունեցել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: Նա ուշադրություն է հրավիրել «եվրոպական երկրների տնտեսությունը ռազմական ռելսերի տեղափոխելու» վրա և ասել, որ ՀԱՊԿ-ը «պետք է համարժեք արձագանքի»:
Լուկաշենկոն ուկրաինական կարգավորման գործընթացում Եվրամիության միջամտությունը ոչ կառուցողական է որակել և վստահություն հայտնել, որ «ԱՄՆ-ը և Ռուսաստանը կկարողանան չեզոքացնել եվրոպացիներին, իսկ Կիևը կհամաձայնի՝ ելնելով ռազմաճակատում ողբերգական վիճակից»:
Եթե համդարելու լինենք Պուտինի և Լուկաշենկոյի ելույթի գլխավոր շեշտադրումները, ապա կարելի է եզրակացնել, որ ՀԱՊԿ- ռազմա-տեխնոլոգիական արդիականացման ծրագիրը միտված է առաջին հերթին Կենտրոնական Ասիայի երկրների, պատկերավոր ասած՝ «քաղաքական մանկուրտացմանը», որը պետք է ընդգրկի հետխորհրդային ամբողջ տարածքը:
Ընդ որում, Լուկաշենկոն գրեթե բաց տեքստով ասել է, որ այդ հարցում Ռուսաստանը և Միացյալ Նահանգները «Եվրամիության ռազմականացումը զսպում են միասնաբար, և ով շեղվելու փորձ կատարի, արժանանալու է Ուկրաինայի ճակատագրին»:
Ուկրաինական կարգավորման գործընթացում Դոնալդ Թրամփի վարչակազմի որդեգրած «մի քայլ առաջ, երկու քայլ ետ» դիրքորոշումը Լուկաշենկոյի կողմից հետխորհրդային երկրներին «սպառնալու» առերևույթ «լեգիտիմություն տալիս է»:
Աշխարհաքաղաքական իրավիճակն, իրոք, գրեթե «եզրագծային է»: Եվ եթե Եվրամիության առաջատար երկրներին չհաջողվի Թրամփին տարհամոզել, և նա շարունակի ճնշում գործադրել Ուկրաինայի նկատմամբ, ապա ՀԱՊԿ-ում Ռուսաստանի նախագահության տարին կարող է նշանավորվել Կենտրոնական Ասիա և Հարավային Կովկաս Վլադիմիր Պուտինի «տրիումֆալ վերադարձով»:
Պատահական չէ, որ Եվրահանձնաժողովի նախագահ Լյաենը Դոնալդ Թրամփին զգուշացրել է, որ Ուկրաինայի «հանձնումը վերջնարդյունքում աշխատելու է նաև Միացյալ Նահանգների դեմ»:
2026 թվականը բոլոր առումներով բարդ և մարտահրավերային է լինելու:






Բաց մի թողեք
Մեհթիևը «Մոսկվա է ուղարկել Ադրբեջանում իշխանափոխության ծրագիրը»
Ռուսաստանի աջակցությունը Թուրքիայի կողմից որքանո՞վ պահանջված կլինի
Իշխանությունների ճնշումների և սեփական մաշկը կոմպրոմատներից փրկելու վախի ներքո, կատարեցին հոգևոր կապիտուլյացիա