02/12/2025

Թրամփի «Խաղաղության ծրագիրը» մտել է փակուղի․ The Atlantic. Լուսանկար

The Atlantic-ը գրում է, որ Ուկրաինայի շուրջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին ամիսների խաղաղասիրական նախաձեռնությունները վերածվել են քաղաքական ճոճանակի, իսկ նրա վերջին փորձը կարգավորման ուղղությամբ փակուղի է մտել։

Թերթը նշում է, որ Սպիտակ տան դիրքորոշումը մշտապես փոխվել է՝ կոշտ պահանջներից մինչև Կիևին աջակցության խոստումներ։ Անցյալ շաբաթ ԱՄՆ-ը սկզբում պաշտպանել է Ռուսաստանի պահանջների հիման վրա ձևավորված 28 կետից բաղկացած «խաղաղության ծրագիրը»։ Ժնևում քննարկումներից հետո առավել հակասական կետերը կրճատվել են։

Չնայած զիջումներին, Կրեմլն արդեն հայտարարել է, որ չի հրաժարվի իր հիմնական պահանջներից։

«Մոսկվան հստակ հասկացրել է. տարածքների շուրջ փոխզիջումներ չեն լինի։ ԱՄՆ-ի եվրոպացի գործընկերները զգուշացնում են՝ ծրագիրը ձախողվում է և միայն ամրապնդում է Կրեմլի վստահությունը։ Դաշնակիցները տարիներ շարունակ ճնշման ռազմավարություն էին կառուցում Ռուսաստանի վրա, իսկ Վաշինգտոնի կտրուկ փոփոխությունները քանդում են միասնական ճակատը»։

Գազայում հաջող գործարքից հետո Թրամփն ակնկալում էր դիվանագիտական էֆեկտը կրկնել նաև Ուկրաինայում, սակայն նրա թիմի ներսում կան տարբեր տեսակետներ.

Փոխնախագահ Ջեյ Դի Վենսը պնդում էր արագ գործարքի անհրաժեշտությունը։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն պնդում էր Կրեմլի իրական մտադրությունների ստուգման անհրաժեշտությունը։ Հենց Ռուբիոն է խափանել Թրամփի և Պուտինի նախատեսված գագաթնաժողովը Բուդապեշտում՝ Մոսկվայի պայմաններն անընդունելի համարելով։