02/12/2025

Հռոմի պապին Թուրքիայում կրոնական մեղադրանքներ են շարադրել

Հռոմի պապ Լևոն 14-րդը երկօրյա այցով գտնվում է Թուրքիայում: Նախօրեին նա Անկարայում այցելել է Թուրքիայի հիմնադիր նախագահ Աթաթուրքի դամբարան և հարգանքի տուրք մատուցել նրա հիշատակին:

Այնուհետև Կաթոլիկ եկեղեցու հովվապետին իր նստավայրում ընդունել է Թուրքիայի նախագահ Ռեեջեփ Թայիփ Էրդողանը: Թուրքական կողմը Լևոն 14-րդին պաշտոնապես ներկայացնում է որպես Վատիկան պետության առաջնորդի:

Բարձրաստիճան հյուրին Էրդողանը ներկայացրել է դեռևս Օսմանյան կայսրության ժամանակներից Թուրքիայի և Վատիկանի միջև հարաբերությունների համառոտ պատմությունը, ապա կարևորել օրվա խորհուրդը, որ «դահլիճից ուղերձ է հղվում քրիստոնեական և իսլամական աշխարհին, որպեսզի նրանց միջև իշխի համերաշխությունը»:

Կաթոլիկ եկեղեցու հովվապետը Թուրքիա է այցելել Նիկիայի տիեզերական ժողովի 1700-ամյակը տոնելու համար: Ըստ թուրքական մամուլի, նա Անկարայից կմեկնի Ստամբուլ, ապա՝ Իզնիկ: Թուրքական այդ քաղաքը պատմական Նիկիան է, որտեղ 325 թվականին գումարվել է կրոնական ժողով և ընդունել «Հավատո հանգանակ»:

Ըստ հայ պատմիչների, տիեզերական ժողովին մասնակցել է նաև Գրիգոր Լուսավորչի որդի Արիստակես եպիսկոպոսը: Ուշագրավ է, որ Հռոմի պապի ընդունելությանը Թուրքիայի նախագահը հրավիրել է նաև Կոստանդնուպոլսի պատրիարք Սահակ Մաշալյանին:

Հռոմի պապի Թուրքիա այցը, Նիկիայի տիեզերական ժողովի 1700-ամյակի առթիվ Իզնիկ նրա ուխտագնացությունը, երևում է, քաղաքական լուրջ ենթատեքստ ունի: Ռուսաստանյան «Նեզավիսիմայա գազետան» գրում է, որ Կաթոլիկ եկեղեցու հովվապետի այցի դեմ Բուրսայում «բողոքի ցույց է անցկացվել», որի մասնակիցները մի կարգախոս են հնչեցրել. «Մենք Բյուզանդիայում չենք, սա Թուրքիայի հանրապետությունն է, այստեղ Նիկիա չէ, այլ՝ Իզնիկ»:

Ըստ ռուսաստանյան պարբերականի, ցուցարարները նաև հետևյալ գրությամբ պաստառ են պարզել. «Կանգնեցրեք եկեղեցա-կրոնական դավադրությունը»:

«Նեզավիսիմայա գազետան», առանց աղբյուրներ վկայակոչելու գրում է, որ բողոքի առիթ է հանդիսացել այն, որ «Հռոմի պապը Նիկիայի տիեզերական ժողովի 1700 – ամյակը նշում է նույն օրը, երբ 105 տարի առաջ այդ քաղաքը գրավվել է հունական զորքերի կողմից»:

Թուրք ազգայնականներն, ըստ այդմ, Հռոմի պապի այցը պատմական Նիկիա «վիրավորական» են համարում: Սուր քննադատության թիրախ է դարձել նաև Հունաց տիեզերական պատրիարք Բարդուղեմիոսը, ում թուրք ազգայնականները համարում են «մի կառույցի առաջնորդ, որ պնդում է իր եկեղեցական ինքնուրույնությունը և չի հարգում Թուրքիայի օրենքները»:

Ըստ տեղեկությունների, Նիկիա այցի ընթացքում Հունաց տիեզերական պատրիարքը պետք է ուղեկցի Հռոմի պապին: Այդ արարողակարգը, որքան հասկացվում է, ընկալվում է որպես Ուղղափառ և Կաթոլիկ եկեղեցու համերաշխության դրսևորում, որից, սակայն, դուրս է մնում Ռուս ուղղափառ եկեղեցին, որի հարաբերությունները Վատիկանի և Հունաց տիեզերական պատրիարքի հետ չափազանց բարդ են ուկրաինական պատերազմի պատճառով:

Իրականում ի՞նչ հարցեր են քննարկել Հռոմի պապը և Թուրքիայի նախագահը՝ որևէ տեղեկություն հայտնի չէ: Ուշագրավ է, որ Հռոմի պապի Թուրքիա այցին ընդառաջ՝ Վատիկան է գործուղվել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Բայրամովը, որ նաև Իտալիայի կառավարության հետ է շփումներ ունեցել: