02/12/2025

2018 թվականի իշխանափոխության ժամանակ ինքն արդյո՞ք ինչ-որ կապավորի դեր է կատարել այս գործող վարչապետի համար

Դիվանագետ, պատմաբան, Լեւոն Տեր-Պետրոսյանի խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը վերջերս Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ՔՊ-ականներից ավելի եռանդուն էր փաշինյանական թեզերը պաշտպանում:

Այդ մասին զրուցել ենք քաղաքագետ Ստեփան Դանիելյանի հետ:

– Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ Լիպարիտյանի արտահայտած տեսակետները դրսեւորվել են նաեւ 1990-ականների՞ն, թե՞ սրանք ամբողջովին նոր թեզեր են:

– Հանրապետության առաջին տարիներին դա եւս դրսեւորվել է, եւ ինքն ահագին բացասական դեր է կատարել շատ հարցերում, նաեւ՝ պատերազմի ժամանակ: Սակայն ամենաբացասական դերն այն է, որ որոշակի խմբի գաղափարախոսն է եղել, որոնք դարձան ՔՊ կորիզը։ Այսինքն՝ սա իր մոտ խորքային, չգիտեմ ինչպես անվանել՝ գաղափար, թե պատվեր է, բայց ինքն ակնհայտորեն արտաքին ուժերին է սպասարկում եւ այդ քաղաքականությունն է առաջ տանում:

– Ինչպե՞ս էր դրսեւորվում նրա դերն այն ժամանակ։

– Ինքը միշտ այն տեսակետն ուներ, որ Արցախը պետք է մնա Ադրբեջանի կազմում․ խոսքը 1990-ական թվականների մասին է: Արտաքին աշխարհաքաղաքական կենտրոնների համար նման տեսակետ ունեցող խմբակի գոյությունը հիմք հանդիսացավ, որ այդ խմբակին պետք է բերել իշխանության, մնացածն արդեն տեխնիկայի հարց է։

– Լիպարիտյանն այդ հայտարարություններով չի՞ արդարացնում դեռեւս երկու տարի առաջ Արցախում ցեղասպանություն իրագործած Ադրբեջանին, եւ կարո՞ղ ենք ասել, որ հայ ազգային շահերի դեմ նման գաղափարներով նա կանաչ լույս է վառում հետագայում ցեղասպանությունը կրկնվելու համար:

– Հարցի մեջ պնդումներ կան, որոնք միանշանակ չեն: Ի՞նչ է նշանակում ազգային շահ, ազգային շահի մասին գոյություն ունեն տարբեր պատկերացումներ: Այդ անձնավորության պատկերացումն այն է, որ այն, ինչ որ եղել է՝ ցեղասպանություն եւ այլն, դա անցած է, Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ տեղի ունեցած իրադարձություն է։ Օսմանյան Թուրքիայում՝ ասորիների, հույների, եզդիների եւ այլ ժողովուրդների նկատմամբ, բալկանյան պատերազմի ժամանակ եւս էթնիկ զտումներ են եղել: Այսինքն, իր դիտարկմամբ, սա եղել է ընդհանուր երեւույթ, եւ, ընդհանրապես, Առաջին համաշխարհային պատերազմից առաջ էլ են նման երեւույթներ եղել, մասնավորապես՝ 19-րդ դարի կովկասյան պատերազմի ժամանակ եւ այլն: Նրա տեսակետն այն է, որ մենք դա պետք է մոռանանք, որ դա ինչ-որ էպիզոդ է, եւ այդ էպիզոդի վրա պետք չէ շեշտը դնել, պետք է Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերություններ ստեղծել: Խնդիրն այն չէ, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ պետք չէ հարաբերություններ ստեղծել, խնդիրն այն է, թե ինքը ո՞ր աշխարհաքաղաքական կենտրոնի պատվերն է կատարում, որովհետեւ հիմա ակնհայտ թուրքական աշխարհի գաղափարն է առաջ տարվում, որը դեռեւս 100 տարի առաջ նույնպես եղել է, եւ այդ գաղափարն ունեցել է նաեւ արտաքին՝ տարածաշրջանից դուրս պատվիրատուներ, որոնք աշխարհաքաղաքական խնդիրներ էին լուծում, ասենք, թուրքական աշխարհի միջոցով փորձում էին իրենց ազդեցությունը տարածել նաեւ այս ռեգիոնում, մինչեւ Կենտրոնական Ասիա: Հիմա հարցը հետեւյալն է․ այդ մարդն ո՞ւմ շահերն է ներկայացնում, արդյո՞ք դա իր համոզմունքն է, թե՞ ինքը նաեւ ինչ-որ պատվեր է կատարում՝ տարածաշրջանից դուրս գտնվող ինչ-որ կենտրոնների: Հարցը դա է, եւ արդյո՞ք նույնիսկ 1990-ական թվականներին ինքը Հայաստանից դուրս ուժերի շահերը չի ներկայացրել:

– Ուզում եք ասել` օտար ուժերի կողմից ներդրվա՞ծ է եղել, կարո՞ղ ենք նման ենթադրություն մեզ թույլ տալ:

– Մենք նման կանխավարկած կարող ենք անել, որովհետեւ այդ մարդը շատ հստակ գիծ է տարել եւ այդ գիծը շարունակում է մինչեւ հիմա տանել: Եվ նույնիսկ շատ հետաքրքիր է՝ 2018 թվականի իշխանափոխության ժամանակ ինքն արդյո՞ք ինչ-որ կապավորի դեր է կատարել այս գործող վարչապետի համար:

– Բաքվից վերջերս վերադարձած ու Հիքմեթ Հաջիեւի ուղերձները հայ հանրությանը փոխանցող, իրենց հայ քաղհասարակություն անվանող անձանց գիծը չի՞ համընկնում արդյոք նրա գծի հետ:

– Ակնհայտորեն, նույն գիծն է գնում, եւ, ակնհայտորեն, սա այսօրվա Հայաստանի գործող իշխանության պատվերն է, այդ քաղաքական գիծն է, եւ, այո, Ձեր ասած անձնավորությունը եւ այդ մարդիկ իշխող ուժի պատվերն են իրականացնում: Իսկ իշխող ուժի պատվերը նույնպես ունի աշխարհաքաղաքական տրամաբանություն եւ կարելի է ասել՝ պատվիրատուներ:

– Իսկ այդ պատվիրատուների հետեւից աշխարհաքաղաքական ո՞ր ուժի «ականջներն» են երեւում, ո՞ւր են տանում թելերը:

– Առաջին հերթին ձգվում են Թուրքիա, Մեծ Բրիտանիա, եւ, իհարկե, Միացյալ Նահանգներում կան որոշ ուժեր, որոնք նույնպես այս գծի մեջ են, բայց դա չի նշանակում, որ ընդհանրապես Միացյալ Նահանգների քաղաքականությունն է: Բայց այդ քաղաքականությունը, ըստ տարբեր նախագահների գծի, ակնհայտորեն բրիտանական եւ թուրքական շահերն է ներկայացնում, որոնք չեն թաքցնում այդ երկրների պետական պաշտոնյաները իրենց հրապարակային հայտարարություններում, շատ ազդեցիկ թինգ-թանգերում, որտեղ բացահայտ այդ մասին խոսում են, որեւէ գաղտնիք չկա։

– Ճի՞շտ եմ հասկանում, որ հիմա փորձում են հայ ժողովրդի հոգեբանությունը փոխել, մեզ վերածել մի զանգվածի, որը ցնծությամբ կընդունի թշնամուն… մեզ դեպի այդ մոդե՞լն են տանում:

– Հայաստանն առաջին երկիրը չէ, որտեղ ինքնության փոփոխության միջոցով նաեւ աշխարհաքաղաքական փոփոխություններին են փորձում հարմարեցնել: Նման դեպքեր շատ են եղել, եւ դա նաեւ հատուկ ծառայությունների աշխատանքն է, եւ իրենց դրա մեջ պետք չէ մեղադրել՝ դա միշտ եղել է եւ լինելու է: Հարցն այն է, թե մենք, որպես պետություն, որպես երկիր, չունենք իմունիտետ, չունենք այդ մտքի կենտրոնները, եւ կյանքը ցույց տվեց, որ հատուկ ծառայություններ Հայաստանը չունի եւ չուներ մինչ 2018 թվականը, Հայաստանը չունի պետական իմունիտետ, կայացած հատուկ ծառայություններ, համակարգված քաղաքական համակարգ, նաեւ՝ մտքի կենտրոններ: Իսկ վիճակն այսօր ավելի ծանր է։